Երեք երկրների նախագահները միայն համառորեն պնդում են՝ արագորեն լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը
Հունիսի 26-ին Մուսկոկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին իրենց հաստատակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու գործում. «Որպես կարեւոր քայլ՝ մենք ողջունում ենք այն փաստը, որ կողմերն ընդունում են, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք ներառում են Լեռնային Ղարաբաղին կից գրավված տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը՝ անվտանգության ու ինքնավարության երաշխիքով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարզ կլինի ապագայում՝ բնակչության կողմից իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման ճանապարհով: Փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձ եւ միջազգային երաշխիքներ՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները»:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երեք երկրների նախագահների համատեղ հայտարարությանը՝ ասաց, թե դրանում որեւէ նոր բան չկա, որ հայտարարության մեջ կրկնվում է այն, ինչ արդեն ասվել էր Ակվիլայում։ Փոխարենը Լ. Զուրաբյանը նկատեց, թե հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է համանախագահող երկրների կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու դրա սկզբունքների մասին համաձայնագիրն արագորեն կնքելու համառ պահանջը։ «Այդ համառությունը բացատրվում է նրանով, որ միջնորդ երկրների համբերությունը սպառվում է, ու նրանք գնալով ավելի անհանդուրժող են դառնում ներկա ստատուս-քվոն պահպանելու փորձերի հանդեպ։ Սա է միակ նորությունը, որը ցույց է տալիս, թե ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը մնում է միջազգային հանրության առաջնահերթությունների թվում»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ բովանդակային առումով ՀԱԿ-ը իր դիրքորոշման ու վերապահումների մասին հայտնել է դեռ Ակվիլայում արված հայտարարությունից հետո: Վերջինս անդրադարձավ նաեւ այս հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանություններին: Լ. Զուրաբյանի դիտարկմամբ, ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունից որեւէ գործնական եզրակացություն անել հնարավոր չէ, այն «ընդամենը դիվանագիտական ռեւերանս» է, որի «տակ ի՞նչ է թաքնված՝ բացարձակապես պարզ չէ»:
Մինչ հայաստանյան քաղաքական ուժերն ու փորձագետները, նաեւ Ամերիկայի հայ դատի գրասենյակը շարունակում են մեկնաբանել ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունները՝ ԼՂՀ իշխանությունները՝ մասնավորապես ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, լռում են: «Եթե ԼՂ իշխանությունները համարժեք դիրքորոշում ունենային խնդրի կարգավորման ամբողջ գործընթացի ընթացքում, նրանք ոչ միայն հիմա կարձագանքեին, այլեւ նախկինում՝ ի սկզբանե, ու ոչ թե թույլ կտային, որ Հայաստանը բանակցություններում ներկայացներ ԼՂ շահերը, այլ ամեն ինչ կանեին 1994թ. բուդապեշտյան գագաթաժողովի կողմից արձանագրված՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում լիիրավ կողմ ճանաչված լինելու իրենց դիրքերը պահելու համար: Ցավոք, ԼՂ-ն այսօր ոչինչ չի անում իր՝ որպես կարգավորման կողմ, մասնակցությունը բանակցություններին վերականգնելու համար»,- հայտարարեց Զուրաբյանը:
Ի դեպ, երեք երկրների նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ մի ինտրիգ էլ կա: Բանն այն է, որ հայտարարության անգլերեն տարբերակը, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում, եւ Կրեմլի պաշտոնական կայքում՝ որպես դրա «պաշտոնական թարգմանություն» ներկայացված տեքստերում, գոնե մեկ էական տարբերություն կա. ի տարբերություն անգլերեն տեքստի, ռուսերեն տարբերակում ԼՂ շուրջ տարածքների վերաբերյալ չկա «գրավյալ» ձեւակերպումը, որը կա անգլերեն տեքստում: Մեր հարցին, թե սա ոչ ճիշտ թարգմանությա՞ն կամ բացթողումի՞ արդյունք է, թե՞ միտումնավորություն, Լ. Զուրաբյանը դժվարացավ պատասխանել, բայցեւ չբացառեց, որ ռուսական կողմը դրա մեջ, միգուցե, նաեւ ինչ-որ իմաստ է դրել: Ամփոփելով նախագահների հայտարարությունը՝ ՀԱԿ համակարգողը եւս մեկ անգամ պնդեց, թե ճիշտ էին Կոնգրեսի կանխատեսումներն առ այն, որ ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ճնշումները գնալով սաստկանալու են: Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ավելի ակտիվ գործողությունների դիմելու հնարավորությանը, ապա ՀԱԿ համակարգողն ասաց, թե Կոնգրեսն ուշադրությամբ հետեւում է ԼՂ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ պարբերաբար քննարկում է դրանք, ու իր քայլերը, այդ թվում՝ ավելի ակտիվ գործողությունների անցնելու համատեքստում, կորոշի ըստ անհրաժեշտության: