Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 26,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնյոթերորդ

ԽԱՉԱՁԵՎ ՀԱՐՑԵՐ

Եվ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հավատալը շատ ավելի դժվար ա, քան՝ չհավատալը», եւ ես համաձայնվելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դրա համար էլ չհավատացողները շնից շատ են, իսկ հավատացողներն էնքան քիչ են, որ մատներիդ վրա հանգիստ կարաս հաշվես», եւ ես ժպտալով հարցրի՝ «թռնողներն ավելի քիչ չե՞ն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց, կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ հարցնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ լուրջ ես հարցնում, լուրջ էլ կպատասխանեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թռնողների քանակն ուղիղ համեմատական ա հավատացյալների քանակին», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե հավատաս՝ որ կարաս թռնես, հեշտ ու հանգիստ կթռնես» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «գիրքը չես կարդացե՞լ», եւ ես հարցրի՝ «ո՞ր գիրքը», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «քանի՞ հատ գիրք կա», եւ ես ասացի՝ «լիքը գրքեր կան», եւ Ռաֆոն արհամարհական ժպտալով ասաց՝ «ձեր գրած գրքերը չեմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի հատ մեծատառով Գիրք կա՝ Սուրբ գիրքը», եւ ես ասացի՝ «կարդացել եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնտեղ ասում ա չէ՞. որ հավատաս՝ սարեր էլ կարաս շուռ տաս», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց էնտեղ թռնելու մասին ոչ մի խոսք չկա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «սարեր շուռ տալը թռնելուց հազար անգամ դժվար ա», եւ ես հարցրի՝ «այսինքն, ով հավատում ա, կարա՞ թռնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ով հավատում ա, արդեն իսկ մշտական թռիչքի մեջ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց, ամեն դեպքում, թռնելու համար Աստծո շնորհը պիտի ունենաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, հավատալն էլ ա Աստծո շնորհի հարց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «Մաքսիմ Գորկու գրածը չես կարդացե՞լ», եւ ես հարցրի՝ «ո՞րը», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էն որ ասում ա՝ սողալու համար ծնվածը չի կարա թռնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց Գորկին հավատացյալ չէր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ա թվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ դու ես հավատացյալ», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մեջդ գոնե մանանեխի հատիկի չափ հավատ չըլներ, ինձ էսքան երկար ու էսքան ուշադիր չէիր լսի», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու անիմաստ ժպտացի, եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ուրիշ մարդկանց հետ էլ եմ շատ բաներ խոսում, բայց քչերն են ինձ էսքան երկար ու էսքան ուշադիր լսում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդիկ էլ կան, որ ինձ գժի տեղ են դնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ գժի տեղ են դնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայացքներից եմ զգում», եւ ես հարցրի՝ «էս միտինգների վերջն ի՞նչ ա ըլնելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որ վերջը լավ ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչ որ ինձնից հասնում ա՝ անում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի բան էլ ավել եմ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես եմ էս միտինգների իրական ղեկավարը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «բա խի՞ չես հրամայում, որ դրա նկարը հարթակից հանեն», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ նկարը», եւ ես ժպտալով ասացի՝ «Գորբաչովի», եւ Ռաֆոն ապշահար ինձ նայեց ու հիասթափված ասաց՝ «փաստորեն, էսքան բացատրելուցս հետո էլ չհասկացար», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը չհասկացա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «չհասկացար, որ Միխայիլ Սերգեյիչը մերոնքական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «իրա ճակատի խալը չես տեսե՞լ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «տեսել եմ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «իրա էդ խալի մասին գրքի մեջ գրած ա», եւ ես հարցրի՝ «ո՞ր գրքի մեջ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «մեծատառո՛վ Գրքի», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ կարդացել», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր՝ կարդացել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «խալի մասին չեմ կարդացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի կարդացել՝ մոռացել ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ Գիրքն էն միակ Գիրքն ա, որ պիտի շատ ուշադիր կարդաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ուշադիր կարդացած ըլնեիր, դժվար թե մոռանայիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Գրքի մեջ իրա խալի մասին շատ պարզ ու հասկանալի լեզվով գրած ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայտնության բաժնում ա գրած», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով հարցրի՝ «Գորբաչովը կարա՞ թռնի», եւ Ռաֆոն տհաճությամբ ինձ նայեց ու ասաց՝ «հոգուդ մեղք ես անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իզուր ես էդ մեծ մարդուն ձեռ առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեի, որ էդքան մեծ մարդ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի արդեն գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը ոչ միայն շատ մեծ մարդ ա, այլեւ շատ մեծ էլ միսիա ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ձայնը ցածրացնելով ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էս ամեն ինչի իրական ղեկավարն ինքն ա, ոչ թե՝ ես», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «բայց ինքը կարում ա՞ թռնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում, թե՞ լուրջ ես հարցնում», եւ ես ժպտալով ասացի՝ «լուրջ եմ հարցնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ լուրջ ես հարցնում, լուրջ էլ կպատասխանեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Միխայիլ Սերգեյիչն էդ մակարդակը շուտվանից ա հաղթահարել», եւ ես հարցրի՝ «ո՞ր մակարդակը», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «թռնելու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն արդեն լրիվ ուրիշ մակարդակի ու լրիվ ուրիշ չափումների մեջ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չափումներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը նստած վիճակում էլ կարա թռնի», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով հարցրի՝ «ո՞նց նստած վիճակում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ընենց բացառիկ շնորհի տեր ա, որ կարա տեղը նստած մնալով ու տեղից չշարժվելով՝ ուզածդ տեղը թռնի», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը մտքով էլ կարա ամեն տեղ թռնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը Կրեմլի իրա աթոռին նստած՝ կարա մի վայրկյանում թռնի ու հասնի Վլադիվոստոկ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես էլ կարամ մտքով թռնեմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւր կարաս թռնես», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ուր ուզեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «քո ասածը ֆանտազիան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո ասածը զուտ երեւակայական պրոցես ա», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւակայությամբ ու մտքով կարաս ուզածդ տեղը թռնես» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «առանց փողի ու առանց վիզայի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «դրանք ընդամենը երեւակայական թռիչքներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ ես ասում. ցանկացած մարդ էլ կարա երեւակայական թռիչքներ կատարի», եւ ես հիշելով հարցրի՝ «էն երգը չես հիշո՞ւմ», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞ր երգը», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում ա՝ թռչեի մտքով տուն», եւ Ռաֆոն հիացմունքով ինձ նայեց եւ երանությամբ ժպտալով անսպասելի երգեց՝ «թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն» եւ երգելը դադարեցնելով ասաց՝ «Աշոտ Սաթյանի երգն ա», եւ ես ծիծաղս զսպելով ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ երգի ու հատկապես էդ տողերի մասին շատ եմ մտածել», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ երգում ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մի մոմենտ ուզում էի գործերս կոնսերվատորիա տամ, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ ավելի կարեւոր անելիքներ ունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Աշոտ Սաթյանն էլ ա Գորբաչովի պես մտքով թռել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «բանաստեղծ մարդ ես, բայց տեքստի հանդեպ շատ անուշադիր ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր տեքստի», եւ Ռաֆոն ասաց՝ «Աշոտ Սաթյանի էդ երգի տողերի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը ոչ թե վստահ ասում ա՝ թռչեմ մտքով տուն, այլ երեւակայելով ու երազելով ասում ա՝ թռչեի մտքով տուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «փաստորեն, ինքը խոստովանում ա, որ չի կարա թռնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ ես երգերի տեքստային կողմի վրա ավելի եմ ուշադրություն դարձնում, քան նույնիսկ՝ երաժշտական կողմի վրա», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց երաժշտական կողմն էլ ա կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երաժշտական կողմը կոնսերվատորիայի ուսանողների ու դասախոսների համար ա կարեւոր, բայց բանաստեղծների ու քաղաքացիների համար տեքստային կողմն ավելի կարեւոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ էս պահին՝ էս հեղափոխական սիտուացիայի պայմաններում», եւ էդ պահին Վաչե Սարուխանյանը հարթակից գոռաց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ ժողովուրդն անմիջապես Սարուխանյանի հետ սկսեց վանկարկել՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ Ռաֆոն դիրիժորի պես ձեռքերը բարձրացնելով՝ Սարուխանյանի ու ժողովրդի հետ մի քանի անգամ վանկարկեց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ ես էլ մի քանի անգամ գոռացի՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ երբ գոռացինք պրծանք, եւ երբ Սարուխանյանը շարունակեց ելույթը, ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «հեղափոխական իրավիճակը գագաթնակետին ես հասցրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ձեռ ես առնում, բայց ասածիդ մեջ ահագին ճշմարտություն կա», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեռ չեմ առնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փոխանակ մի ելույթ էլ դու ունենաս, մի գլուխ ձեռ ես առնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ելույթ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ղարաբաղի մասին», եւ ես ասացի՝ «Ղարաբաղի մասին ի՞նչ գիտեմ՝ որ ինչ ասեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու բաճկոնի ծոցագրպանից ինչ-որ թղթեր հանելով ասաց՝ «սրանք որ կարդաս՝ ամեն ինչ կիմանաս», եւ ես թղթերը վերցնելով հարցրի՝ «էս ի՞նչ թղթեր են», եւ Ռաֆոն ասաց՝ «Ղարաբաղի մասին տարբեր փաստաթղթեր են. որ կարդաս՝ ամեն ինչ կիմանաս» եւ ավելացրեց՝ «մեջը Կովբյուրոյի որոշումն էլ կա», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ որոշում ա», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «կկարդաս՝ կիմանաս», եւ ես հարցրի՝ «էս սաղ ինձ ե՞ս տալիս», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հա. ես շատ ունեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս սաղ կուսումնասիրես ու հարթակից մի հատ տղամարդավարի ելույթ կունենաս», եւ ես թղթերը գրպանս դնելով հարցրի՝ «բա դո՞ւ խի չես ելույթ ունենում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ղեկավարելն ու ելույթ ունենալը լրիվ տարբեր բաներ են», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պարզ ա», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «չեմ ծիծաղում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ես անում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «ուրախանում եմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ուրախանալն ու ծիծաղելը տարբեր բաներ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց ինչի՞ վրա ես ուրախանում», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրախանում եմ, որ էս ամեն ինչի ղեկավարն ընկերս ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ գոհ եմ, որ ինձ ընկեր ես համարում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մենք ոչ թե սովորական ընկերներ ենք, այլ՝ մարտական ընկերներ» եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց մարտական», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «մենք Կարպով-Կասպարով ճակատամարտի մասնակիցներ ենք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էն ճակատամարտն էս ճակատամարտի համեմատ խաղուպար էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս ճակատամարտն էն ճակատամարտից հազար անգամ դժվար ա», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի ամենադժվարը թռնելն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսքան կարեւոր բաներից եմ խոսում, բայց քեզ ամենաշատը թռնելն ա հետաքրքրում», եւ ես ժպտալով ասացի՝ «թռնելն էլ ա շատ կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը կարեւոր ա, բայց շատ սովորական ու հասարակ բան ա», եւ ես ժպտալով ասացի՝ «քո համար ա սովորական ու հասարակ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «չըլնի՞ դու էլ ես ուզում թռնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ կուզեի, բայց դժվար թե ստացվի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ շատ ուզես՝ հաստատ կստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն ինչ ցանկությունից ա կախված» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ հավատալուց», եւ ես ժպտալով հարցրի՝ «թռչունները հավատո՞ւմ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա Աստծուն չեն հավատում, բայց իրանց թռնելուն հավատում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ թռնելուց բացի՝ ուրիշ ոչ մի բան չեն կարում անեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Աստված մենակ մեզ ա Աստծուն հավատալու կարողություն ու շնորհ տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ շնորհից քչերս ենք օգտվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամեն մարդ չի կարա հավատա, որ ինքն էլ կարա թռչունի պես թռնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դու ահագին հավատում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ն եմ հավատում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ոչ թե ինչին, այլ՝ ում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ եմ հավատում», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ քեզ հավատում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չհավատայիր՝ էսքան երկար հարցուփորձ չէիր անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դեմքիդ արտահայտությունից զգում եմ, որ ինձ շատ լուրջ ես վերաբերվում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուրիշները լուրջ չեն վերաբերվո՞ւմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քչերն են քո պես լուրջ վերաբերվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ չեն հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց քո հավատալն առանձնապես մեծ բան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու որ ուզենաս էլ, չես կարա ինձ չհավատաս», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չեմ կարա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ սեփական աչքովդ ես տեսել՝ ոնց եմ Կարպով-Կասպարով մատչի ընթացքը փոխել» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «երանի նրանց, ովքեր առանց տեսնելու են հավատում», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց տեսնելու շատ դժվար ա հավատալ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ուրիշները ո՞նց են առանց տեսնելու հավատում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ ա առանց տեսնելու հավատում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «ընտրյալներն ու պայծառատեսները», եւ ես ժպտալով ասացի՝ «ընտրյալներն ու պայծառատեսները քիչ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե քիչ են, այլ շատ քիչ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «միջին հաշվով՝ բնակչության ամեն միլիոնին մի հատիկ պայծառատես ա հասնում», եւ ես հարցրի՝ «Հայաստանում քանի՞ հատ պայծառատես կա», եւ Ռաֆոն առանց երկար մտածելու՝ պատասխանեց ու ասաց՝ «չորս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ղարաբաղն էլ հետը հաշված», եւ ես ժպտալով հարցրի՝ «Ղարաբաղում քանի՞ հատ պայծառատես կա», եւ Ռաֆոն անմիջապես պատասխանեց ու ասաց՝ «մի հատ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ընդամենը մի հատիկ պայծառատես ունեն, բայց բնակչության մեկ շնչին ընկնող պայծառատեսների թվով աշխարհում առաջին տեղն են գրավում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հասարակ թվաբանություն ա. չես կարո՞ւմ հաշվես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միջին հաշվով՝ աշխարհում ամեն միլիոնին մի պայծառատես ա հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց, փաստորեն, ընդամենը հարուր հիսուն հազարանոց Ղարաբաղը մի ամբողջ պայծառատես ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «Ախալքալակը պայծառատես չունի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առայժմ Ղարաբաղն եմ ուսումնասիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Ջավախքի հարցը ժամանակավորապես հետաձգել եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա որտեղի՞ց գիտես, որ Ղարաբաղում պայծառատես կա», եւ Ռաֆոն խորհրդավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ասվել ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ ա ասել», եւ Ռաֆոն խորհրդավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ով որ պետք ա՝ էն էլ ասել ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւմ ա ասել», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ում որ պետք ա՝ նրան էլ ասել ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ա ասել», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ինչ որ պետք ա՝ էդ էլ ասել ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ ասվել ա, որ էս պահի դրությամբ՝ Ղարաբաղում մի հատ պայծառատես կա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա էդ պայծառատեսի անունը չի ասվե՞լ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անունը չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «անունն ինքնուրույն գլխի կընկնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարա՞ս ինքնուրույն գլխի ընկնես», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էլ ի՞նչ պայծառատես, որ չկարենամ ինքնուրույն գլխի ընկնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «այսինքն, դու էլ ե՞ս պայծառատես», եւ Ռաֆոն ափը բերանին դնելով ասաց՝ «լեզվիցս պատահաբար թռավ» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով հարցրեց՝ «մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ էդ պահին Սարուխանյանը բռունցքը վեր բարձրացնելով գոռաց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ ժողովուրդը եւս բռունցքները վեր պարզած վանկարկեց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ ես նույնպես բռունցքս վեր պարզեցի ու գոռացի՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ Ռաֆոն նույնպես բռունցքը վեր պարզեց, բայց ոչինչ չգոռաց, եւ ես զարմացած հարցրի՝ «էս խի՞ հետներս չես գոռում», եւ Ռաֆոն մեղավոր տոնով ասաց՝ «լրիվ մոռացել էի», եւ ես հարցրի՝ «ի՞նչն էիր մոռացել», եւ Ռաֆոն տագնապած ասաց՝ «էսօր էրազիս մեջ ինձ ասվեց, որ սրանից հետո ոչ թե Ղարաբաղ պիտի գոռանք, այլ միայն՝ Արցախ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ միտինգի ղեկավարներին չես ասում, որ Արցախ գոռան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես նախ պիտի պարզեմ՝ էս միտինգների գլխավոր պատասխանատուն Սարուխանյա՞նն ա, թե՝ Իգորը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ հարցը որ պարզեմ, էն մյուս հարցն էլ մեխանիկորեն կպարզվի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ր մյուս հարցը», եւ Ռաֆոն խորհրդավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հենց որ իմանամ՝ էս միտինգների գլխավոր պատասխանատուն ով ա, միանգամից նաեւ պարզ կդառնա, թե ով ա ղարաբաղցի պայծառատեսը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձ թվում ա՝ Իգոր Մուրադյանն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «բայց հարուր տոկոսով չեմ պարզել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ հետներն էրկու բառ խոսամ՝ վռազ գլխի կընկնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ պարտավոր եմ իրանց ասեմ, որ ես եմ էս շարժման գլխավոր ղեկավարը», եւ ես ժպտալով ասացի՝ «զարմանալի ա», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը չորս հատ պայծառատես եք, բայց իրար անձամբ չեք ճանաչում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մյուս էրկուսին շատ լավ եմ ճանաչում, բայց ղարաբաղցուն չեմ ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու խորհրդավոր ժպտալով ավելացրեց՝ «ընդամենը մի շաբաթ առաջ ա ղարաբաղցուն պայծառատեսության աստիճան շնորհվել», եւ ես հարցրի՝ «որտեղի՞ց գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ասվել ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞նց ա, որ էդ թազա պայծառատեսի անունը չի ասել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ պիտի ասեր», եւ ես ժպտալով ասացի՝ «ով որ մյուս բաներն ասում ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինչեւ չհարցնես՝ չի ասվի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ չես հարցրել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի հարցնեի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ ղարաբաղցի պայծառատեսի անունը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «պայմանավորվեցինք, որ սրանից հետո ոչ թե ղարաբաղցի ենք ասում, այլ՝ արցախցի», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «էն հասարակ հարցերը, որոնց պատասխանները կարաս ինքնուրույն գտնես, պիտի ինքնուրույն գտնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս միտինգից հետո որ էդ էրկուսին մի քանի խաչաձեւ հարցեր տամ, միանգամից կհասկանամ՝ իրանցից որ մեկն ա պայծառատեսը», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ հարցեր ես տալու», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «խաչաձեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել