Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԱՆԱԿՆԿԱԼԸ

Հունիս 26,2010 00:00

\"\"Կլաուդիա Կարդինալեն կժամանի Երեւան

Մրցույթներ, պրեմիերաներ, բացօթյա կինոդիտումներ, ջազ երեկոներ, 110-ից ավելի ֆիլմեր. մեկ շաբաթ շարունակ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը տոնական տրամադրություն է խոստանում: Երեկվա ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները: Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով. «Երեւանյան պրեմիերաների շարքը բացում է Բեռլինի փառատոնի այս տարվա գլխավոր մրցանակակիր՝ Սեմիհ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմը: Մեր մշտական հյուր Քշիշտոֆ Զանուսսին այս տարի կներկայանա «Փոխայց» նկարով: Երեւանյան պրեմիերաների շարքում են նաեւ ԱՄՆ-ից Ռոբ Նիլսոնի «Ներշնչված» ֆիլմը, Ռուսաստանից՝ Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ թիվ 6», Ստանիսլավ Գովորուխինի «Ուղեւորը», Ավստրիայից՝ Միխայիլ Հանեքեի «Սպիտակ ժապավենը» եւ եւս երկու ֆիլմ»:
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը ռետրոսպեկտիվների «մասով» նշում է. «Փառատոնը կբացվի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով: Բացի այդ, Վեռնոյի 90-ամյակի կապակցությամբ՝ «Հարգանքի տուրք» ծրագրում կկայանա ռեժիսորի 3 ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Փառատոնին ներկա կլինի եւ ֆիլմերը կներկայացնի Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը»: Հանդիսատեսի համար կազմակերպիչները նախատեսել են անակնկալ, կինոփառատոնը հյուրընկալելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի, իտալացի հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին: Տ. Մանուկյանը հավելեց նաեւ, որ դերասանուհուն հանձվելու է մրցանակ՝ վաստակի համար: Ռետրոսպեկտիվ ծրագիրն ամբողջությամբ ներկայացվելու է Ազգային պատկերասրահում:
Բացի կինոդիտումներից, փառատոնն այս տարի առանձնանալու է նաեւ երաժշտական ծրագրով: «Ոսկե ծիրանի» միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու է «Ջազ-կինո» մրցույթ. «Փառատոնի ողջ օրերին Շարլ Ազնավուրի հրապարակում ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարությամբ կանցկացվի ջազային խմբերի մրցույթ, որոնք կկատարեն ֆիլմերի երգեր: Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան ջազային խմբեր: Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը՝ 6.000 դոլարին համարժեք դրամ»: Կլինեն բացօթյա կինոսեանսներ Սիրահարների այգում:
Անդրադառնալով փառատոնի բյուջեին, Մ. Ստամբոլցյանն ասաց, որ մտավախություն ունեն գումարը չբավականացնի. «Այս տարի վարձույթով վերցվող ֆիլմերի գները ահռելի բարձրացել են. ամեն մի ֆիլմի համար շուրջ 1000 եվրո գումար ենք վճարել: Թանկացել են նաեւ ավիատոմսերը: Հյուրերի մեծ մասը չի ցանկանում հասարակ չվերթներով թռչել, նախընտրում եմ «բիզնես կլասը»: Մի խոսքով, որքան մեծանում է փառատոնը, այնքան ծախսերն ավելի են աճում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել