Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին կսկսի պայքարել

Հունիս 26,2010 00:00

Չնայած հայաստանյան էմոներն ու գոթերն այնքան էլ վտանգավոր չեն

«Գոթերի եւ էմոների առանձնապես վտանգավոր ճյուղավորումները Հայաստանում չկան, եւ դա շատ լավ է: Մենք ուսումնասիրել եք նրանց գործունեությունն ու գործողությունները եւ դեմ եք դրան: Առաջիկայում մեր ներկայացուցիչներից մի քանիսը կխոսեն ու կարտահայտեն եկեղեցու տեսակետը այս ենթամշակույթների վերաբերյալ: Մինչ այժմ մենք այդ ոլորտի մասնագետ չունեինք եւ չենք էլ փորձել պայքարել այս երիտասարդական շարժումների դեմ, միայն անձնական զրույցների միջոցով ենք դա արել: Իսկ հիմա արդեն կա ուսումնասիրություն եւ մշակված գրականություն՝ նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հովհաննես սարկավագ Ասատրյանը՝ վերջերս լայն տարածում գտած էմոյական եւ գոթական երիտասարդական շարժումների մասին: Նշենք, որ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս շարժումների հետեւորդներին (29.05.
2010): Այդ հոդվածում մասնավորապես նշել էինք, որ այս ենթամշակույթների հայազգի ներկայացուցիչներն իրականում այնքան էլ էմո կամ գոթ չեն, քանի որ շատ «սովորույթներ» չեն կիրառում, այլ միայն արտաքինով են փորձում նմանվել այլազգի այս ենթամշակույթների հետեւորդներին: Քանի որ այս շարժումների ներկայացուցիչներն ունեն իրենց հավատալիքներն ու սովորությունները (էմոները ձգտում են ինքնասպանության, իսկ գոթերը այլ մարդկանց վնաս տալուն), մենք Հովհաննես սարկավագ Ասատրյանից հարցրինք՝ այս ենթամշակույթները կարելի՞ է համարել աղանդ. «Էմոներին չի կարելի աղանդավոր համարել, իսկ գոթերի որոշ ճյուղավորումներ ունեն կրոնական հենք՝ սատանայապաշտ գոթեր, վամպիր գոթեր, նրանց՝ եկեղեցին շատ դեմ է: Ուզում եմ կարեւորել այն, որ եկեղեցին ոչ թե դեմ է այն երիտասարդներին, որոնք հետեւում են այս շարժումներին, այլ հենց շարժմանը»: Մեր հաջորդ  հարցին էլ, թե ինչո՞ւ մինչեւ այժմ եկեղեցին էմոներին ու գոթերին դեմ լինելու մասին չի բարձրաձայնել կամ չի փորձել պայքարել այս շարժումների դեմ, սարկավագ Ասատրյանը պատասխանեց. «Հայ առաքելական եկեղեցին իր տեսակետը որեւէ խնդրի առնչությամբ փակ չի պահում: Ես կարծում եմ, որ երիտասարդները գնում են նման շարժումների հետեւից՝ հետաքրքրությունից ելնելով: Որոշներին դուր է գալիս, որոշներին՝ ոչ: Կարծում եմ, խնդիրը երիտասարդների  չիմացությունն է, քանի որ նրանք ծանոթ չեն մեր եկեղեցուն»:
Անդրադառնալով էմոների ինքնասպանության փորձերին եւ էմոյական ռոք երաժշտությանը, սարկավագն ասաց. «Էմո երաժշտություն կա, որ ինքնասպանություն է քարոզում, կա՝ որ չի քարոզում: Օրինակ, մի քանի տարի առաջ Անգլիայում մի աղջիկ ինքնասպան էր եղել էմո երաժշտություն լսելիս. սա մեծ անհանգստություն առաջացրեց, սակայն հետո նշվեց, որ աղջիկն ուղղակի հուզվել է: Քանի որ էմոները համարվում են հուզական, նրանց հատուկ է անընդհատ դեպրեսիվ վիճակում լինելը, չի բացառվում, որ վատ հոգեկան վիճակում նրանք անեն այդ քայլը: Բացի ինքնասպանությունից, նրանք շատ այլ բաներ էլ են քարոզում իրենց երաժշտության միջոցով, արդեն գրականություն է հայտնվում նրանց վերաբերյալ…»: Ընդհանրապես էմոները նշում են, որ իսկական էմոն 17 տարեկանում պետք է ինքնասպան լինի կամ գոնե փորձի ինքնասպան լինել, սակայն չեն բացատրում, թե ինչու, ասում են միայն, որ ցանկացած ինքնասպանոթյան փորձի ժամանակ իրենք հույս ունեն, որ չեն մահանա: Ի տարբերություն էմոների, գոթերին հատուկ չէ ինքնասպանությունը, նրանք ավելի շատ ձգտում են նրան, որ կյանքից հաճույք ստանան, հիմնականում՝ սեքսի, թմրամիջոցների միջոցով: Նրանց հատուկ է դաժանությունը, այլ մարդկանց տանջելը, ուստի եւ, Հովհաննես սարկավագի խոսքերով, նրանք ավելի վտանգավոր են, քան էմոները. «Գոթերն ունեն ագրեսիվություն ոչ միայն ուրիշների, այլեւ իրենք իրենց նկատմամբ: Հայաստանում գոթական շարժման հետեւորդները չունեն կրոնական կամ աղանդավորական հենք, այլ ունեն այս շարժմանը հատուկ ագրեսիա՝ մարդկանց արհամարհելու, ծեծելու, հալածելու առումով: Նրանք չեն սիրում էմոներին եւ շատ հաճախ բախումներ են առաջանում նրանց միջեւ. իմ տեղեկություններով, մեր երկրում գոթերի եւ էմոների մահվան դեպքեր չեն արձանագրվել»:
Չնայած այս ենթամշակույթի ներկայացուցիչները չեն համարվում աղանդավորական, բայց հաճախակի հավաքվում են: Երեւանում էմոները մի քանի տարի առաջ Կասկադում էին հավաքվում, հետո՝ այդ տարածքի հետեւի մասում, իսկ գոթերն իրենց հավաքներն անց են կացնում հիմնականում գերեզմանոցներում, սակայն վերջերս սկսել են հանդիպել նաեւ Մանկական երկաթուղի գնացող թունելում: Բացի այդ, հավաքներ են լինում նաեւ գետնանցումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել