Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈ՞ՒՍՆ Է ԿԱՏԱՐԵԼ, ԹԵ՞ ՀԱՅԸ

Հունիս 26,2010 00:00

Հանցավոր խմբավորում՝ առանց հանցավոր համաձայնության

Մայիսի 31-ի միջադեպը, որի առիթով «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվել է, այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), նորից առնչվում է խաղաղ հավաքներ անցկացնելու ճնշման հետ:
Այդ հանցագործության կազմին անդրադարձել ենք «Առավոտում»՝ Նիկոլ Փաշինյանի համանման գործով: Հիշեցնեմ, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում այն դեպքում, երբ անձը հակադարձել է իշխանության ներկայացուցչի օրինական գործողություններին:
Նկատենք, որ ուժայինների կողմից Ազատության հրապարակում եւ նրա մերձակայքում խաղաղ հավաքների եւ ցույցերի արգելումն ակնհայտ ապօրինություն է, ինչը հակասում է 1966թ. դեկտեմբերի 26-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին (որը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ից), եւ ՀՀ հիմնական օրենքին: Դաշնագրի 21 հոդվածը ճանաչում է խաղաղ հավաքների իրավունքը, ուր հստակ ասված է, որ այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ ոչ մի սահմանափակման: Այդ հասարակական հարաբերությունը պահպանվում է նաեւ քրեական նորմի ուժով (Քրեական օրենսգրքի 163 հոդված):
Հիշյալ հոդվածում պարզաբանվել է նաեւ իշխանության ներկայացուցիչների ապօրինի գործողություններին հակազդելու, այսինքն՝ վնաս հասցնելու իրավական հետեւանքները: Հիշյալ պարագայում վրա է հասնում անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, ինչը բացառում է քրեական պատասխանատվությունը: Ըստ անհրաժեշտ պաշտպանության կանոնների՝ պաշտպանվողին թույլատրվում է պաշտպանությունը իրականացնել ամեն ձեւով եւ միջոցներով ու ոտնձգողին հասցնել ամեն տեսակի վնաս, ընդհուպ կյանքից զրկելը (Քր.օր. թիվ 42 հոդված): Հետեւաբար, այս հանգամանքներում Անի Գեւորգյանի գործողությունները (թեպետ եւ ոստիկանին վնաս հասցրած լիներ), իրավաչափ է, նա հանցագործություն չի կատարել, իսկ առաջադրված մեղադրանքը զուրկ է իրավական հիմքերից:
Ավելին, ստեղծված իրադրությունում իշխանության ներկայացուցիչները, բռնություն գործադրելով, ոտնձգել են նրա մասնագիտական օրինական գործողությունների դեմ, ինչը քրեական նորմով պատժելի արարք է (Քրեական օրենսգրքի 164 հոդված):
Ակնհայտ է, որ Ազատության հրապարակում հավաքների արգելումը ռեժիմի հրահանգն է, իսկ ոստիկանները սոսկ կատարողներն են, ուստի տրամաբանական հարց է ծագում. եթե միջազգային դաշնագրի հոդվածների շուրջ Հայաստանը համաձայնության է եկել, ապա միջազգային նորմը խախտելը որքա՞ն է բարոյական եւ պատվաբեր Հայաստանի համար:
Անդրադառնանք նաեւ մայիսի 31-ի միջադեպին՝ փոխկապակցված Դավիթ Քիրամիջյանի մեղադրանքին:
Դավիթը մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու արարքում, որը զուգորդվել է այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա գործադրելու սպառնալիքով (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մաս):
Արտաքուստ արարքը որեւէ կապ չունի իշխանության ներկայացուցիչների գործողությունների հետ, հակառակ պարագայում կգործեր անհրաժեշտ պաշտպանության բանաձեւը, ըստ այդմ, ուժայինները, տրոհելով մայիսի 31-ի միջադեպը, ցանկանում են ՀԱԿ-ի համակիր երիտասարդական խումբը ճանաչել խուլիգանություններ հրահրող կազմակերպված կառույց, որի պարագայում կոծկում են միջադեպի բուն դրդապատճառը՝ մարդուն ներհատուկ խաղաղ հավաքներ եւ ցույցեր անցկացնելն արգելելու խայտառակ ապօրինությունը: Հավանաբար անձը, որի նկատմամբ իբր գործադրվել է բռնություն, «վարժեցված» է կամ հանգամանքը՝ սարքված:
Անկախ բոլորից, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը թույլ է տվել իրավական սխալ: Խուլիգանությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ, մինչդեռ ՀԱԿ-ի համակիր երիտասարդների, այդ թվում՝ Քիրամիջյանի նպատակը եղել է խաղաղ հավաքների անցկացումը (սուբյեկտիվ կողմը բացակայում է, հանցակազմ չկա):
Քրեական օրենսգրքի 285 հոդվածը հիմնականում արտագրված է Ռուսաստանի Դաշնության համապատասխան 213 հոդվածից: Դաշնության օրենքով այդ նորմը 2002թ. փոփոխվել եւ լրացվել է, ըստ այդմ՝ 1-ին մասը խուլիգանություն է համարում հասարակական կարգը խախտելու այն արարքները, երբ հանցավորը գործադրել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ: 2-րդ մասի հանցակազմը առաջանում է, երբ նույն արարքը կատարվել է խմբի կամ կազմակերպված խմբի կողմից նախապես համաձայնությամբ, կամ կապված է իշխանության ներկայացուցչին եւ այլ անձանց դիմադրություն ցույց տալու հետ, իսկ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ապաքրեականացվել են:
Իսկ ՀՀ համապատասխան հոդվածը բաղկացած է 4 մասերից եւ 5 կետերից, որտեղ ինչ անհեթեթություն ասես գրված է՝ սպառնալիքի գործադրում, ցինիզմ, նախկինում խուլիգանության համար դատապարտված, առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը, գույքը կամ ունեցվածքը ոչնչացնելը եւ այլն, ինչը հնարավորություն է տալիս խաղաղ հավաքներ անցկացնելը կամ լրագրողի մասնագիտական օրինական գործողությունների իրականացումը հեշտությամբ շրջել խուլիգանության, իսկ հավաքի մասնակիցներին ճանաչել հանցավոր խմբավորում, անտեսելով նախապես հանցավոր համաձայնության հանգամանքը:
Հարգելի օրենսդիրներ, եթե նորմը արտագրել եք, բարի եղեք հետեւել ժողովրդավարական բարեփոխումներին եւս: Ինչ տարբերություն՝ խուլիգանությունը ռո՞ւսն է կատարել, թե՞ հայը:
Ցավալի է, օրենսդիր կոչված մարմինը, եթե նորմերում փոփոխություններ եւ լրացումներ է կատարում՝ ի վնաս պաշտպանության կողմի է: Օրինակ, մարտի 1-ի իրադարձություններից հետո 16.06.08թ. Քրեական օրենսգրքի 317 հոդվածը (իշխանության ներկայացուցչին վիրավորելը), որի սանկցիան ազատազրկում չէր նախատեսում, ապաքրեականացվել է: Դրանից հետո այդ հանցակազմը առաջացնող արարքներին գումարում են «ոստիկանին ցավ պատճառելու» հանգամանքը, արդյունքում ստանում 316 հոդվածի 1-ին մասի կազմ, որի սանկցիան նախատեսում է 5 տարի ժամկետով ազատազրկում եւ ցանկացած այլախոհի կալանում կամ դատապարտում են: Թե ոստիկանին ցավ պատճառելը, այսինքն՝ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունը սուբյեկտի արտաքին ո՞ր շարժումն է՝ օրենքում շեշտադրված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել