Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ բանողին՝ շալե շապիկ

Հունիս 26,2010 00:00

\"\"
\"\"\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"

Մարզչի գործն ամենաանշնորհակալ աշխատանքներից է: Աշխատում ես գիշեր ու ցերեկ՝ մոռացած ընտանիք, անձնական կյանք ու հաճույք: Լինում է, որ սանիդ հետ ավելի ես կապվում, նրա մասին ավելի շատ բան գիտես, քան սեփական երեխայիդ: Շաբաթներ, անգամ՝ ամիսներ, կտրված ես տնից-տեղից, ամենահարազատ մարդկանցից: Ու ինչի՞ համար: Բնականաբար՝ արդյունքի: Այդ մարզչի համար ամենացավալին այն է, որ հաջողության դեպքում կողքից այնքան մարդիկ են հայտնվում, առանց որոնց, եթե նրանց լսելու լինես, սպասված արդյունքը չէր լինի: Հենց այդ «կողքի մարդիկ» գլուխ գովելու առիթ բաց չեն թողնում՝ շրջապատին համոզելու, թե ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղում այս կամ այն բանն են արել տվյալ մարզիկի կամ թիմի համար: Ու զարմանալիորեն կարողանում են վստահեցնել (շատ հաճախ դա անցնում է չինովնիկների մոտ), որ եթե իրենք չլինեին, ամեն բան գլխանց կորած էր:
Սա միայն՝ արդյունք ցույց տալու դեպքում: Եվ, Աստված մի արասցե, հենց ձախողում է արձանագրվում, այդ նույն մարդիկ զբաղեցնում են քննադատողների ստվար բանակի առաջին շարքերը՝ կատարվածին հազար ու մի «հիմնավոր» բացատրություն տալով: Եվ զարմանալին այն է, որ դա նույնպես նրանց հաջողվում է: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում էլ նույն երեւույթը կրկնվում է: Ներկայացվող լուսանկարներում երեւում է, թե մարզիչը ինչպես է արձագանքում, ասենք, խփած կամ բաց թողած գոլին, դաշտի ամեն մի  մետրում ծավալված պայքարին: Հետաքրքիր է, այդ նույն «կողքի մարդիկ» տանը հեռուստացույցի առջեւ գոնե մոտավոր նույն ապրումներն ունենո՞ւմ են, թե՞ հանգիստ գարեջուր են վայելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել