Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՀԸ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑ

Հունիս 26,2010 00:00

\"\"Աշխարհը սպասում է նոր արքային, որի թագադրությունը կկայանա հուլիսի 11-ին
ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում «գրանդ» ազգային հավաքականների իսկական կոտորած է: Եվ ասվածն առաջին հերթին վերաբերում է եվրոպական երկրների ընտրանիներին, որոնք միշտ էլ իրենց համարել են համաշխարհային ֆուտբոլի նորաձեւության թելադրողները: Սակայն իրադարձությունները հակառակն են ապացուցում. Աֆրիկայում այդ կուտյուրիեները նույնիսկ մոդայիկ զգեստներ վաճառող տաղավարների չեն ձգում:
Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների դագաղին հերթական մեխը խփեց Սլովակիան, որը թեեւ նույնպես Հին աշխարհամասից է, սակայն ներկայացնում է, լավագույն դեպքում, երկրորդ էշելոնը: «F» խմբի վերջին տուրում սլովակցիները արեցին անհավատալին՝ համառ ճակատամարտում 3:2 հաշվով պարտության մատնելով ա\"\"յդ պահին դեռ աշխարհի գործող չեմպիոն Իտալիային, ինչի արդյունքում «Պառավ սենյորան», չտանելով եւ ոչ մի հաղթանակ եւ ընդամենը երկու ոչ-ոքիով, գլորվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական: Եվ դա այն դեպքում, երբ գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիի եւ նրա տղաների համար ավելի լավ վիճակահանություն դժվար էր պատկերացնել: Ովքե՞ր էին Իտալիայի մրցակիցները՝ Պարագվայը, Սլովակիան եւ Նոր Զելանդիան, թիմեր, որոնց հարկավոր էր ընդամենը հաղթել ու հանգիստ շարժվել առաջ: Ստացվեց հակառակը եւ Լիպին խաղից հետո ստիպված հրաժարականի դիմում ներկայացրեց:
Նույն խմբի Պարագվայ-Նոր Զելանդիա խաղում եթե հարավամերիկացիներին բավարարում էր անգամ ոչ-ոքին, ինչից ելնելով նրանք առաջին իսկ րոպեներից գնդակը պահում էին իրենց հսկողության ներքո եւ հանդես գալիս պայմանները թելադրողի դիրքում, նորզելանդացիներին օդի պես երեք միավոր էր անհրաժեշտ: Եվ Ռիկ Հերբերտի տղաներին ժամանակ առ ժամանակ հաջողվում էր լավ խաղ ցույց տալ՝ հիմնականում, առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո պարագվայցիներն սկսեցին ավելի հաճախակի հայտնվել Մարկ Պեստոնի դարպասի մատույցներում, սակայն դարպասի գրավում այս հանդիպումում այդպես էլ չարձանագրվեց, եւ 1/8 եզրափակչի ուղեգրերին տիրացան Պարագվայն ու Սլովակիան:
«F» խումբ:
1. Պարագվայ 3 1 2 0 3-1 5
2. Սլովակիա 3 1 1 1 4-5 4
3. Ն. Զելանդ. 3 0 3 0 2-2 3
4. Իտալիա 3 0 2 1 4-5 2
Նույն օրը կայացած «E» խմբի եզրափակիչ տուրում Եվրոպայի պատիվը փրկեց Հոլանդիան, որը ՀԱՀ-ում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նարնջագույնները 2:1 հաշվով առավելության հասան Կամերունի նկատմամբ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով անցան փլեյ-օֆ:
Իսկ ահա Ճապոնիան իսկական վրաերթի ենթարկեց Հոլանդիայի հարեւան Դանիային՝ 3:1, ու նույնպես հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:
«E» խումբ:
1. Հոլանդիա 3 3 0 0 5-1 9
2. Ճապոնիա 3 2 0 1 4-2 6
3. Դանիա 3 1 0 2 3-6 3
4. Կամերուն 3 0 0 3 2-5 0
Հունիսի 28-ին Հոլանդիան 1/8 եզրափակչում խաղալու է Սլովակիայի հետ, իսկ հաջորդ օրը կհանդիպեն Պարագվայն ու Ճապոնիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել