Լրահոս
Օրվա լրահոսը

«6 ճաշատեսակ՝ մեկ հավից»

Հունիս 26,2010 00:00

Պրեմիերա՝ ռուսական թատրոնում

\"\"
Ներկայացման ռեժիսոր Ի. Հարությունյանը:

Հունիսի 28-ին եւ 29 -ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի «6 ճաշատեսակ՝ մեկ հավից» ներկայացումը՝ ըստ Գաննա Սլուցկիի համանուն պիեսի: Ռուսական թատրոնում այն երբեւէ չի բեմադրվել: Գ. Սլուցկին հայ հանդիսականի համար այնքան էլ ծանոթ դրամատուրգ չէ:
Նա, ինչպես պարզվեց, «Երեք գումարած երկու» հայտնի ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է, նույն ինքը՝ Գայանե Սլուցկի-Հովհաննիսյան, ով, ինչպես ինքն է գրում՝ այժմ բնակվում է Մոսկվայի-Թել Ավիվի-Տորոնտոյի միջեւ: Ծնվել է Մոսկվայում՝ 1942 թվականին: Գ. Սլուցկին մեկ տասնյակից ավելի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի սցենարների հեղինակ է: Դրանք նկարահանվել են հիմնականում «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Նրա դրամատիկ գործերը մեծ հաջողությամբ կյանքի են կոչվել Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի թատրոններում:
«Առավոտի» հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Իրա Հարությունյանը նշեց, որ պիեսի ընտրությունն իրենն է եղել, բայց դրամատուրգին առաջարկել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալ. Գրիգորյանը: Վերջինս աշնանը պատրաստվում է բեմադրել Գ. Սլուցկիի «Մոլագարը» պիեսը եւ Երեւան հրավիրել հեղինակին:
«Սկզբնական շրջանում ես մտածում էի, թե այս ներկայացումը կարելի է բեմադրել հիմնական բեմում, բայց Ա. Գրիգորյանը առաջարկեց «Փոքր» բեմը, իսկ այդ տարածքը մեզ մոտ փոքր-ինչ անհարմար է. դերասաններն ու հանդիսականը գտնվում են մեկ հարթության վրա (թեեւ բեմական այդ տարածքը ստեղծում է որոշակի անմիջականություն,- Վ. Մ.)»,- պատմում է Ի. Հարությունյանն ու շարունակում, թե յուրաքանչյուր նոր գործ բեմադրելը նույնն է, թե բալիկ լույս աշխարհ գա (նա ունի 2 բալիկ, չհաշված մանկական 4 ներկայացումները- Վ. Մ.): Թեման, որ արծարծվում է պիեսում, միշտ էլ արդիական է: Ի. Հարությունյանի խոսքերով, «երբեմն ծնողները չափից ավելի են արտահայտում իրենց սերը դեպի զավակը եւ չեն նկատում, որ զավակն իրենց ձեռքերում ընդամենը տիկնիկ է դարձել: Ահա մի այդպիսի ընտանիքի մասին է պատմում Գ. Սլուցկիի պիեսը»:
Մայրիկի դերում հանդես կգա վերջերս կրկին թատրոն վերադարձած Ելենա Եսայանը, իսկ որդու դերը վստահված է Յուրի Իգիթխանյանին: Ի. Հարությունյանը ժխտեց այն ասեկոսեն, թե ներկայացման գլխավոր հերոսին՝ Յու. Իգիթխանյանին հրավիրել է զուտ այն պատճառով, ինչ է թե իր ընկերներից է:
«Դա կլիներ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, եթե այդ կարգով դերեր բաշխեի: Պարզապես Իգիթխանյանն ինձ թվաց շատ ճկուն եւ ես չեմ սխալվել ընտրության մեջ»,- պարզաբանում է Ի. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել