Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կախարդական սրինգը» դուր եկավ հանդիսատեսին

Հունիս 26,2010 00:00

\"\"Այս անգամ դահլիճը ոչ ոք չլքեց

«Առավոտը» տեղեկացրել է Մոսկվայի Բ. Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի երեւանյան հյուրախաղերի մասին՝ ՀԹԳՄ հրավերով: Հայաստանցի հանդիսատեսը վայելեց երկու ներկայացում՝ Մոցարտի «Կախարդական սրինգը» եւ «Դոն Ժուանը»:
Հունիսի 24-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում «Կախարդական սրինգը» մեկտեղել էր Մոցարտի երաժշտության սիրահարներին: Հաշված րոպեներ էին մնում ներկայացման սկսվելուն, սակայն դահլիճը համարյա դատարկ էր: Բայց դա չէր խանգարում, որ հատուկենտ հանդիսատեսին արտիստները համապատասխան տրամադրություն հաղորդելու համար նախապատրաստեն ներկայացումից առաջ: Օրինակ, նվագախմբի ֆլեյտահարուհին Մոցարտ էր հնչեցնում բեմում, չնայած նրան, որ մարդիկ դահլիճում բարձրաձայն զրուցում էին կամ խոսում բջջայիններով: Այնուհետեւ բեմում ասես իրենց համար գնացին-եկան «Ոսկե սրինգի» հերոսներից երկուսը, որոնցից մեկը ուղիղ ժամը 7-ին զանգակ հնչեցնելով ազդարարեց ներկայացման սկիզբը: Դահլիճն արդեն լցվել էր:
Ներկայացման մեջ ամեն մանրուք հաշվարկված էր՝ սկսած դեկորներից, վերջացրած արտիստների՝ դահլիճով անցնելուց եւ օթյակներում երգելուց: Ժամանակ առ ժամանակ լուսային խաղի միջոցով երեւում էր Մոցարտի դիմանկարը: Գերմաներենով 2 գործողությամբ «Կախարդական սրինգ» օպերային լիարժեքորեն հաղորդակից եղավ հանդիսատեսը, լեզվական խոչընդոտներ չառաջացան, որովհետեւ տեքստը զուգահեռ մատուցվում էր ռուսերեն լուսագրերով: Մի կողմից ասես նեղվածք էր Պարոնյան թատրոնի բեմում, բայց մյուս կողմից էլ «բեմադրական» տարածքի սղությունը ավելի մտերմիկ մթնոլորտ էր ստեղծում՝ արտիստների դիմախաղն անգամ տեսանելի էր բոլորին: Հիշեցնենք, որ այս ներկայացումը բեմադրել է լուսահոգի Բորիս Պոկրովսկին, եւ զգացվում էր, որ նյութին տաղանդավոր մարդու «ձեռք է կպել»: Հրաշալի աշխատեց նաեւ նվագախումբը՝ բեմադրող դիրիժոր Վլադիմիր Ագրոնսկու ղեկավարությամբ: Պոկրովսկու «Կախարդական սրինգը» հայաստանցիներին դուր եկավ: Ի տարբերություն «Դոն Ժուանի», ոչ ոք այս անգամ դահլիճը չլքեց: Մի քանի անգամ բրավոների տարափի տակ արտիստերը բեմ վերադարձան, բուռն ծափեր հնչեցին հատկապես, երբ երեւացին Գիշերվա թագուհին (Տատյանա Ֆեդոտովա), Տամինոն (Բորիսլավ Մոլչանով), Պամինան (Օլեսիա Ստարուխինա) եւ Պապագենոն (Նիկոլայ Շեմլյով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել