Անուշ Նիկողոսյանը Ֆելդենում առաջինն է
Անուշ Նիկողոսյանը մրցույթի կազմակերպիչ Ալոիս Հոխեգգերի (ձախից) եւ անվանի դիրիժոր Ֆաբիո Լուիզիի հետ:
Ավստրիայի Ֆելդեն քաղաքում 9-րդ անգամ անցկացվող ջութակահարների «Internationales Karntner Sparkasse Musikwettbewerb» մրցույթում 30 երկրի 92 մասնակիցների թվում Անուշ Նիկողոսյանը արժանացել է առաջին մրցանակի: Հեղինակավոր ժյուրին նախագահել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ֆաբիո Լուիզին:
Երիտասարդ արվեստագետն ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Էդուարդ Թոփչյանի դասարանում, ներկայումս սովորում է Մյունխենի Hochschuհe-ում՝ պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի ղեկավարությամբ: Ջութակահարուհին մի շարք միջազգային մրցույթների եւ փառատոների դափնեկիր է, ելույթներ է ունեցել Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում:
Երեկ «Առավոտը» հյուրընկալեց Անուշ Նիկողոսյանին: Նա տեղեկացրեց, որ մրցույթի երկու փուլերը կայացել են Ֆելդեն քաղաքում, իսկ երրորդը՝ Օսսիախում. «Ի տարբերություն նախորդ մրցույթների, այս անգամ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն չկատարեցի, քանի որ պահանջը հետեւյալն էր՝ երկու փուլերին պետք է ներկայացվեր Բախ, Պագանինի, Մոցարտ, Իզայի, իսկ երրորդ փուլում, Քերնթենի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ Մենդելսոնի, Բրամսի, Բեթհովենի, Պրոկոֆեւի, Չայկովսկու կոնցերտներից որեւէ մեկը: Ես հանդես եկա Չայկովսկու Ռե մաժոր կոնցերտի կատարմամբ: Երրորդ փուլում մնացել էինք 6 երաժիշտ: Երկրորդ տեղը գրավեց Շիլա Էփշտայնը՝ Իսրայելից, երրորդը՝ Իվա Միլետիչը՝ Սերբիայից»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ իբրեւ առաջին մրցանակակիր, ինքը աշնանը հանդես կգա Ավստրիայի Քերնթենի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ 2011թ.՝ Ճապոնիայում Սապպորոյի միջազգային ամենամյա փառատոնում՝ մաեստրո Ֆաբիո Լուիզիի ղեկավարությամբ:
Մեզ նախապես հայտնի էր, որ ջութակահարուհին մրցույթի է մեկնել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Հաստատելով ասվածը՝ Անուշը հայտնեց, որ հիշյալ մրցույթի երրորդ փուլը եւ գալա համերգը, որի ընթացքում մասնակիցները հանդես էին գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ, ղեկավարում էր հայ դիրիժորը: Ասաց նաեւ, որ իր մրցանակը այս դեպքում համարում է փոքրիկ թիմային հաղթանակ, քանի որ մրցույթին իրեն նախապատրաստել է հենց Թոփչյանը: Տարակույսին, թե ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում գերմանացի իր պրոֆեսորը, ջութակահարուհին ժպտալով ասաց. «Կարեւորը արդյունքն է»:
Կապվեցինք նաեւ Էդ. Թոփչյանի հետ: Նա ներկայացնելով ջութակահարուհու ելույթը մրցույթում, մեջբերեց Վիեննայի ԶԼՄ-ներին հայ արվեստագետի հասցեին արտահայտած մաեստրո Ֆաբիո Լուիզի հետեւյալ կարծիքը. «Փայլուն տեխնիկա, ինտոնացիա, երաժշտականություն եւ ձայնի որակ»: