Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինի արձանը Գորիում ապամոնտաժվեց

Հունիս 26,2010 00:00

\"\"Իոսիֆ Ստալինի հայրենի Գորիի քաղաքային իշխանությունները գիշերով ապամոնտաժել են քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված բռնապետի 6 մետրանոց բրոնզե արձանը: Արձանի ապամոնտաժման մասին քաղաքի բնակիչները, որոնցից շատերը դեռ հպարտանում են իրենց հայրենակից բռնապետով, նախապես տեղեկացված չեն եղել: Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ, որոնք արձանի հանելու ողջ ընթացքում շրջապատած են եղել հրապարակը, փորձել են խոչընդոտել լրագրողներին նկարահանել այդ իրադարձությունը՝ ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին: Գորիում Ստալինի արձանը կանգնեցվել էր նրա մահից մեկ տարի առաջ: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, թե արձանը տեղափոխվում է Ստալինի թանգարանի բակ, իսկ կենտրոնական հրապարակում կանգնեցվելու է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհվածների հուշարձանը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հավանություն է տվել արձանի ապամոնտաժման գաղափարին եւ մերժելով իշխանություններին ուղղված՝ պատմությունը սրբագրելու մեղադրանքը, հայտարարել է. «Մենք հիանալի հասկանում ենք, որ չի կարելի պատմությունը վերանայել, եւ նման փորձ ոչ ոք չի անում: Կա թանգարան, որտեղ էլ պետք է լինի այդ արձանը: Երկրում չպետք է միաժամանակ գոյություն ունենան օկուպացիայի թանգարաններ եւ այնպիսի մարդկանց արձաններ, որոնց նախաձեռնությամբ օկուպացիոն բանակը Վրաստան է ներխուժել»,- ուրբաթ օրը հայտարարել է Վրաստանի նախագահը՝ ակնարկելով 2008թ. օգոստոսին Ռուսաստանի հետ տեղի ունեցած ռազմական հակամարտությունը:
Նա նաեւ հավելել է, թե պատմության հետ պետք է վարվել քաղաքակիրթ ձեւով, առանց հիստերիայի եւ վանդալիզմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել