Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կվերահանձնեն

Հունիս 26,2010 00:00

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսել է պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Որոշ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանին: Միասնական քննության առաջին փուլում կան շրջանավարտներ, ովքեր չեն հաղթահարել նաեւ Ա մակարդակը (ավարտական մասը): Կարո՞ղ են նրանք վերահանձնել քննությունները դպրոցական ատեստատ ստանալու համար: «Պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, ինչպես նաեւ հիմնական փուլում պետական ավարտական քննություններին չմասնակցած շրջանավարտները կարող են մասնակցել պետական ավարտական քննություններին: Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է դիմում ներկայացնեն տնօրենի անունով: Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները»,- ասաց Գ. Մանուկյանը: Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել միասնական լրացուցիչ փուլին:
«Միասնական լրացուցիչ քննությանը (2010թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010թ. զորացրվածները, Սփյուռքի շրջանավարտները, միասնական քննության 1-ին փուլին հարգելի բացակայածները, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չէին հայտագրվել, եւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները»,- հավելեց մամուլի քարտուղարը: Դիմում-հայտերը լրացվում եւ ընդունվում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝ հունիսի 24-ից, ամեն օր ժամը 10-17-ը: Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին, ժամը 18-ին:
Միասնական քննությունների լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 3-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն ֆիզիկա առարկայից: Լրացուցիչ միասնական քննությունները իրենց եզրագիծը կհատեն հուլիսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել