Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության կոմիտեն ակտիվացել է

Հունիս 26,2010 00:00

\"\"Երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը, որի նպատակն էր ներկայացնել որոշ գործնական մեխանիզմներ, որոնք այսօր իրականացվում են ՀՀ-ում գիտական գործունեության կազմակերպման ոլորտում: Դրանց թվում է գիտական կենտրոնների ստեղծումը: Գիտական կենտրոն կարող են ձեւավորել ՀՀ մեկ կամ մի քանի գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա եւ տարածքներ, բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողներ եւ մասնագետներ, միջազգային համագործակցության եւ գիտական արդյունքների ներդրման փորձ: Ներկայումս պատրաստ է գիտական 3 կենտրոններ ստեղծելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Առաջիկայում Հայաստանում կստեղծվի առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր: Կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում: Ֆինանսավորման նոր կարգերի ներդրմամբ կամրագրվի արդեն իսկ փորձարկված գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգը, ինչպես նաեւ գիտական ծրագրերի հայտերի եւ իրականացվող ծրագրերի հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգը: Ս. Հարությունյանը նշեց, որ կոմիտեն աշխատանքներ է տանում գիտության ոլորտում նոր միջազգային կապեր հաստատելու, միջազգային դրամաշնորհային մրցույթներ հայտարարելու ուղղությամբ:
Միայն 2009 թվականի ընթացքում ԳՊԿ նախաձեռնությամբ հայտարարվել է 2 միջազգային մրցույթ. մեկը՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, երկրորդը՝ երիտասարդականը, ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի ու Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել