Լրահոս
Օրվա լրահոսը

Կորել է թանգարանը

Հունիս 26,2010 00:00

Ու պատասխանատուները առանձնապես անհանգստացած չեն

Այստեղ՝ Հայաստանում անհանգստանում են, դա նկատվում է մամուլի նյութերից, որ Փարիզի թանգարանից կորել են նկարներ…
Իսկ մեզ մոտ կորել է թանգարան. լուսավորության մինիստրության թանգարանը, որտեղ էին նաեւ իմ հինգ ալբոմները:
Պատմաբան եմ: Երեսուներեք տարի աշխատել եմ մանկավարժ, դաստիարակության գծով՝ փոխտնօրեն: Դասերս շարունակվել են թանգարաններում, ցուցասրահներում, տուն-թանգարաններում, տաճարներում, հերոսների գերեզմանների մոտ, հանդիպումներ…
Հայաստանը իրոք թանգարան է՝ բաց երկնքի տակ: Հայաստանում անգրագետ քար չկա: Աշակերտներս մինչեւ Լենինգրադի բացվող կամուրջը տեսնելը՝ պետք է տեսնեին Թանգուց կամուրջը կամ Տաթեւի բնական կամուրջը, կամ էլ «Շաքի» ՀԷԿ-ի Սատանայի կամուրջը: Էքսկուրսիաների բազմաթիվ երթուղիները՝ Երեւան-Շիրակ, Երեւան-Լոռի, …Զանգեզուր, Գլաձոր, Ջանֆիդա, Դվին, Զվարթնոց, Խոր վիրապ եւ այլն: Մինչ էքսկուրսիան ծանոթանում էին տվյալ վայրի ժողովրդական զրույցներին, լեգենդներին: Էքսկուրսիայից հետո «ծնվում» էին ալբոմները՝ մանրամասն նկարագրությամբ եւ լուսանկարներով հաստատված: 1986թ. ստուգումների ժամանակ 88 ալբոմներից հինգը ակտով տարան Մանկավարժական թանգարան: Ուրախացա, որ ապահով տեղում կլինեն: Հետագայում մարդիկ կծանոթանան խորհրդային դպրոցի առօրյային:
Մարտի 22-ին կազմակերպել էին մեծարման երեկո: Նախկին աշակերտներս խնդրեցին, որ մյուս ալբոմների հետ լինի նաեւ այդ 5-ը: Ակտը ձեռքիս գնացի Մանկավարժական թանգարանի հասցեով (Երեւան, Քանաքեռ 6-րդ փողոց թիվ 29), ցավոք, թանգարանը չկար: Եղա ԿԳ նախարարությունում, Ազգային արխիվում, զանգեցի Կրթության ազգային ինստիտուտ: Ապարդյուն, ոչ ոք ոչինչ չգիտեր:
Գրավոր դիմեցի ԿԳ նախարարին, վարչապետին: Վերջինս դիմումս ուղարկել էր ԿԳ նախարարություն, որտեղից ստացել եմ հետեւյալ պատասխանը. «Նախարարությունը դիմել է տարբեր արխիվային ֆոնդերի (անգամ՝ թանգարանային), սակայն որոնումները արդյունք չեն տվել»: Գուցե դուք օգնեք գտնել կորածը:

Հ. Գ. Ձեռքիս տակ է նաեւ Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի նամակը՝ ուղղված ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանին: Այստեղ էլ ասվում է. «Հայաստանի ազգային արխիվը պարբերաբար համալրվել է նախկին Հայկական ԽՍՀ լուսավորության (մինչեւ 1987թ.) եւ ժողովրդական կրթության նախարարությունների (մինչեւ 1991թ.) արխիվային փաստաթղթերով: Պետական արխիվ է հանձնվել նաեւ ՀՀ լուսավորության նախարարության մինչեւ 1995թ. եւ ՀՀ ԿԳ նախարարության մինչեւ 2003թ. փաստաթղթերը: Արխիվային փաստաթղթերի ցուցակների մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզվեց, որ, ցավոք, ֆոտոալբոմներ պետական արխիվ չեն հանձնվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել