Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԸ «ՄԱՐԵԼ» ԵՆ

Հունիս 26,2010 00:00

\"\"Չնայած որոշ դիմորդների ծնողներ պատրաստ են բողոքարկել մինչեւ ամենավերին ատյաններ

Երեկ առավոտվանից ընթանում էր հայոց պատմություն, քիմիա առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումը: Ի տարբերություն նախորդ բողոքարկումների, երեկ կենտրոններում խաղաղ էր, բողոքարկողներն էլ հատուկենտ դիմորդներ էին:
Թիվ 20 դպրոցի քննական կենտրոնի մոտ կուտակումներ չկային: Տեղի օպերատոր Իզաբելլայից տեղեկացանք, որ օրվա առաջին կեսի դրությամբ ընդամենը 3 հոգի է բողոքարկել: «Մեկը սխալ գրանցում էր կատարել, խնդրեց վերահաշվարկ կատարենք, երկու դիմորդ էլ 7-րդ կետի համար էին բողոքարկել. ասում էին՝ գրքում ուրիշ պատասխան է ճիշտ համարվում, թեստում՝ մեկ այլ»,- նշեց Իզաբելլան:
Ֆիզկուլտուրայի ինստիտուտում տեղակայված քննական կենտրոնի պատասխանատու օպերատոր Վահան Գարգալոյանից «Առավոտը» տեղեկացավ, որ քիմիա առարկայի համար ստացված բողոք-դիմումները հիմնականում վերաբերում էին Բ մակարդակի 72, 73, 74 առաջադրանքներին, որոնք համարվել էին սխալ, եւ բոլոր դիմորդների միավորները, անկախ նրանից՝ բողոքարկել են, թե ոչ, բարձրացվել էին:
Մեր այցելության պահին ծնող Էլմիրա Պետրոսյանը դժգոհեց, որ քիմիայի քննության օրը ԿԳ նախարար Ա. Աշոտյանը դիմորդների ծնողներին հրապարակավ հայտարարել է, թե միավորների կլորացումները հօգուտ դիմորդի են արվելու, սակայն իր դստեր՝ Լաուրայի 19,50-ը կլորացվել-դարձել է 19: Տիկինն ասում էր, որ ինքը մաթեմատիկայի մասնագետ է, եւ անգամ ոչ մասնագետները գիտեն՝ 19,50-ը 19 չէ: «Նախարարի հայտարարությունը եւ քննական կենտրոնի պատին փակցված արդյունքները հակասում են, ես հարկ եղած դեպքում դիմելու եմ այլ ատյանների եւս»,- նշեց Է. Պետրոսյանը:
Բժշկական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում էլ խաղաղություն էր տիրում, այստեղ բողոքարկվում էր հայոց պատմություն առարկան: Պատասխանատու օպերատոր Դավիթ Օհանյանն ասաց, որ օրվա առաջին կեսի դրությամբ ընդամենը 3 դիմում են ստացել: Մի բողոքը վերաբերել է 22-րդ առաջադրանքին, դիմորդները դժգոհել են, որ պատասխանը սխալ է, իսկ 54-ի մասին էլ ասել են, որ այն ծրագրից դուրս է: «Հայոց լեզվի քննության ժամանակ էսպես չէր, մեր քննակենտրոնում քննություն հանձնածների ուղիղ կեսը բողոքարկման էր եկել»,- փաստեց նա: ՀՊՃՀ-ում ընդամենը 1 հոգի էր բողոքարկել հայոց պատմություն առարկայի արդյունքները, դիմորդի կարծիքով առաջադրանքներից մեկում բովանդակային սխալ կար, մյուսի պատասխանն էր սխալ:
ԳԹԿ-ում էլ հանդիպեցինք դիմորդ Լեւոն Շտոյանին՝ ծնողի հետ: Դիմորդի մայրը՝ Վալյա Շտոյանը եկել էր ԳԹԿ-ին շնորհակալություն հայտնելու: Նրա որդին, որ առարկայական օլիմպիադաների հաղթող է, քիմիայից 17,75 էր ստացել, կենսաբանությունից՝ 18,50: Քննության օրը երեխան ներկայացել էր քննակենտրոն, սակայն պարզվել էր՝ նրա անունը համակարգչի տվյալների բազայում բացակայում է: Թիվ 195 դպրոցի քննակենտրոնի ղեկավար Է. Սանթրոսյանը շտկել էր թյուրիմացությունը՝ կապվելով ԳԹԿ-ի հետ, արդյունքում Լեւոնին թույլատրել էին քննության, որովհետեւ նա ուներ նաեւ համապատասխան անցաթուղթ:

Հ. Գ. Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է ԳԹԿ կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, հայոց պատմություն առարկայից միասնական պետական քննությանը մասնակցել է 3085 մարդ: Միջին միավորը 11.3-ն է եղել, մինչդեռ ընդհանուր պատմություն առարկայից՝ 13.1-ը: 17.5-ից մինչեւ 20 միավոր է ստացել 11.5%-ը, 13.5-17.25 միավոր՝ 17.8%-ը, 7.5-13.25 միավոր՝ 52.8%-ը: Նվազագույն անցումային շեմը չեն հաղթահարել 17.8%-ը, մինչդեռ ընդհանուր պատմությունից՝ 5.8%-ը: Հայոց պատմությունից 20 միավոր ստացել է 7 դիմորդ, իսկ ընդհանուր պատմությունից այդ պատվին ոչ ոք չի արժանացել: Հիշեցնենք, որ 2009 թվականին հայոց պատմությունից ՄՊՔ միջին միավորը 13.3-ն է եղել: 17.5-20 միավոր ստացել է 21.8%-ը, ընդ որում՝ առավելագույն 20 միավոր ստացել է 44 դիմորդ: 13.5-17.25 միավոր է ստացել 29.6%-ը, իսկ 7.5-13.25 միավոր՝ 39.7%-ը: Նվազագույն անցումային շեմը չի հաղթահարել 8.7%-ը:
Քիմիայի միասնական պետական քննությանը մասնակցել է 1255 դիմորդ: Միջին միավորը 12.2-ն է եղել, ինչը բարձր է անցած տարվա ցուցանիշից (11.8): 17.5- 20 միավոր ստացել է 14%-ը, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ընդամենը 10%-ը: 20 միավոր ստացածների թիվն ավելացել է՝ 2-ի փոխարեն 9 դիմորդ: Նվազագույն անցումային շեմը չի հաղթահարել 14.2%-ը՝ 16.3%-ի փոխարեն: Մնացած ցուցանիշները տարբերվում են աննշան՝ 13.5-17.25 միավոր է ստացել 25.1%-ը (մեկ տարի առաջ՝ 26.08%), իսկ 7.5-13.25 միավոր՝ 46.4%-ը (47.3%):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել