Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ-2

Հունիս 26,2010 00:00

Արագածի փեշերին դեռ արածում են չորքոտանիները

\"\"
3 սերունդ:

\"\"
Գյուղացի Վրեժ Մելքոնյանին խնդրեցի երգել որեւէ ազգային երգ, ինքն իր մասին կատակեց. «Ես սկի խոսել չգիտեմ, ուր մնաց երգեմ»:

\"\"
Արտավազդ Սրապի Գեւորգյան. «Կին չունեմ, ինչ ասեմ, մեր խոսքն ո՞վ պետք է լսի»:

Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգիսը լրագրողներին հպարտորեն բացատրեց, որ անցած ժամանակահատվածում իր գլխավորած մարզում կատարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների մոտ 90 տոկոսը: Մարզի 64 գյուղեր գազիֆիկացված են: Բացատրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի այս պայմաններում անգամ իրենց մարզում կատարվում են բյուջեով պլանավորված գործերը՝ վերանորոգվում են դպրոցներ, հուշարձաններ, ճանապարհներ, մշակույթի տներ, վերանորոգվել է անգամ Ծաղկահովիտի բազմաբնակարանային մի շենք: Եվ եթե միամիտ-միամիտ լսենք մարզպետին, ուրախ-ուրախ գրառումներ անենք, մենք էլ կզարմանանք մեզ վրա. էլ ի՞նչ ենք ուզում՝ ազատ ու ծաղկող Հայաստան աշխարհ, ամեն ինչը տեղը-տեղին, գյուղը՝ գյուղացուն, քաղաքը՝ քաղաքացուն, կարտոֆիլն էլ՝ հողին: Զարմանալի ժողովուրդ ենք, դե գոհ եղեք, էլի: Արեւն ամեն օր դուրս է գալիս արեւելքից, հեռանում է արեւմուտքում: Լուսինը ամեն գիշեր իր տեղում է: Կարո՞ղ է մեկն ու մեկը հերքել անհերքելին: Չի՞ կարող, ուրեմն, ապրեք, էլի, փառք տվեք Աստծուն ու սպասեք կարտոֆիլի հերթական գնորդին: Իսկ կարտոֆիլը Արագածոտնի մարզի գյուղերի մեծ մասում, գարու հետ միասին, հիմնական գյուղմթերք է համարվում: Բայց արի ու տես, որ գյուղացիների գործը ձեռքներից խլել են: Փոխանակ բարձր տեխնոլոգիաներով զբաղվելու, մեր օրերի օլիգարխները հիմա էլ կարտոֆիլագործ են դարձել: Հողը վարում եւ հերկում են իրենց ուզածի պես: Մեծաքանակ կարտոֆիլի կարիք ունեցող հիմնարկները կարտոֆիլը ոչ թե չարքաշ գյուղացուց են գնում, այլ՝ «կարտոֆիլագործ» օլիգարխից: Ինչ գնով են գնում եւ դրանից ինչքանն է օրինական հարկվում, դա գիտեն միայն գնորդը եւ վաճառողը: Բյուջեն ի՞նչ է ստանում դրանից: Կուզեք՝ համարեք հռետորական հարց: Իսկ գյուղացին սպասում է: Տեսնես մի մոլորված գնորդ գյուղ չի՞ գա՝ մի քիչ կարտոֆիլ գնելու: Մի քիչ… իսկ գյուղացու հիմնական քրտինքը լավագույն դեպքում անասնակեր է դառնում, հիմնականում՝ փչանում, եւ տարին տարվա վրա գյուղացին սկսում է ավելի ու ավելի հաճախ մտածել՝ արժե՞ գյուղատնտեսությամբ զբաղվել, չթողնի՞ գնա յակուտիաները:
Մի քիչ օրենք
ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը հնարավորություն է տալու գյուղական համայնքներին սահմանակից արոտավայրերը հանձնել համայնքների տնօրինությանը: Իսկ դա նշանակում է՝ գյուղապետերը դրանք կարող են հանձնել վարձակալության, եւ գումարները ծախսել համայնքի կարիքների համար։ Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում, գյուղացիներն արդեն կռահում են. «Մի ժամանակ հողը տվեցին գյուղացուն, մնացինք շշկռված, հիմա էլ հողը տալիս են հարուստ օլիգարխներին: Մեկ է, էլի շշկռվածը գյուղացին է»: Թե այդ հողերի վրա ինչ ազդեցություն եւ իշխանություն է ունենալու պետությունը, դեռ կոնկրետացված չէ:
Հանկարծ չստացվի, որ պետությունը մի օր մնա առանց հողի:
Արագածոտնի մարզում ամենաէժան հողատարածքի 1 հա-ն արժե 92 դրամ, ամենաթանկը՝ 7400 դրամ։ Արագածոտնի մարզպետը խնդիրն այսպես ներկայացրեց. «Եթե նախկինում այդ հողերի վարձակալության գումարներն ամբողջությամբ մտնում էր պետբյուջե, հիմա կառավարությունը տվել է համայնքներին, որպեսզի նրանց բյուջեն ավելանա, որ համայնքները հզորանան, հարստանան»։ Հարցի «տեխնիկական» կողմը հետեւյալն է. եթե մեկն ու մեկը հանկարծ քնից արթնանում եւ պարապությունից կամ աչքածակությունից որոշում է հող մշակել այսինչ համայնքում, վեր է կենում, իր «ախրանիկների» հետ շարասյունով հասնում է գյուղ, համայնքի ղեկավարին ասում է՝ հող եմ ուզում: Գյուղապետը հինգ տակ ծալվելով այս ցանկությունը գրավոր ներկայացնում է մարզպետին, սա էլ 5-օրյա ժամկետում տալիս է իր համաձայնությունը՝ հողը օտարելու վերաբերյալ։ Ընդ որում, կարիք կա՞ բացատրել, որ որքան «թափով» է հող ուզողը, այնքան արագ եւ առանց քաշքշուկի է կատարվում հողի հանձնման-տրման ակտը: Արդեն հայտնի է, որ հողերի վրա հիմնականում կկառուցվեն ճոպանուղիներ, դահուկուղիներ եւ այլ բաներ:
Եթե այսպես շարունակվի, կարճ ժամանակ անց երկիրը երկիր չի լինի, այլ՝ դահուկասպորտի, ճոպանուղու եւ էլի այս կարգի «էլիտարոտ» բաների դրախտավայր: Իսկ կարտոֆիլն ու կաղամբը դրսից կներմուծենք՝ նույնքան էլիտար մոմլաթներով (ցելոֆանը նկատի ունեմ) փաթաթված: Եվ քանի որ այդ հողերը հիմնականում խոտհարքեր են, արոտավայրեր, անասունների արածելու հարցերը կլուծվեն ինքնըստինքյան՝ արածող անասուն չի մնա: Բոլորը «էլիտարոտ» կլինեն՝ ներմուծված:
Արագած գյուղ
Գյուղամիջում միայն տղամարդիկ են: Լրագրող տեսնելով՝ աշխուժացան. «Յա, էս մեզ էլ հիշեցի՞ք»: Գյուղամիջում զրուցելը հեշտ է, մարդիկ քո հարցերին չեն սպասում, իրենք են հարցեր տալիս: Մի կին անցավ: Սովորական պայմաններում այդ կինը գուցեեւ շատ սիրուն թվար, բայց արեւից մաշկը խանձված էր, դեմքը՝ սեւացած, աչքերի փայլը՝ կորած: Գյուղամիջում հավաքված տղամարդկանցից մեկը կնոջ հետեւից ասաց. «Ըհը, ջահել ժամանակ շատ էլ սիրուն աղջիկ էր, հիմա ցրտի ու արեւի հետ հողի մեջ է, տես ինչ է դարձել: Բա մեղք չի, բա նրա կողքին պառկողը ի՞նչ է զգալու: Ասենք՝ կողքին պառկողն էլ իրա նման սեւ է եւ կոշտ»:
Անկեղծ ասած, այս դրվագում  չկա հորինված տող, գյուղի տղամարդիկ հենց այսպես էլ խոսեցին, եւ նրանց տխուր-տխուր աչքերի մեջ մի տեսակ կարոտ կար, ջահելությա՞ն, թե՝ անցյալի, տխուր մի բան, որից հետո ինչքան էլ անսիրտ կամ անամոթ լրագրող լինես, դժվար է հարց տալ, հետաքրքրվել, թե ինչպես են ապրում: Ամոթ է, քանի որ առանց հարցի էլ ամեն ինչ պարզ է: Ժամանակակից գյուղի կյանքը տղամարդու մեջ կոտրում է տղամարդուն, իսկ կնոջը դարձնում է չարքաշ աշխատուժ, որն օրվա ընթացքում այնքան է հոգնում, որ անգամ հանգիստ քնելու ուժ չի ունենում: Կամ ոտքն է ցավում, կամ գլուխը, կամ էլ մտքով բանակ ճամփած տղայի հետ է զրուցում:
Արագած գյուղի գյուղապետ Գագիկ Պողոսյանն անկուսակցական է, հետեւաբար համոզված, որ. «Համայնքի ղեկավարը ճիշտ կլինի, որ անկուսակցական լինի, որ ծառայի համայնքի խնդիրներին: Կուսակցական պատկանելությունը պատասխանատվությունը կիսում է»: Այս տարածաշրջանում կոմունիստներին հաճույքով են հիշում: Ժամանակակից քաղաքական ուժերից Ապարանի տարածաշրջանում ուժեղ են Հանրապետականը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիրը»:
Պետրոսյան Սերժիկին շարունակ թվում էր, թե իրեն հեռուստաէկրանից են ցուցադրելու եւ խնդրեց հատուկ ձայնագրեմ հետեւյալը. «Չորս տղա ունեմ, մի հատ տուն: Բանակում ծառայել են, հողամասեր ունեն, բայց տուն չունեն: Չորս տղերքիցս ոչ մեկին չեմ կարող շենք սարքել: Աշխատում են, չարչարվում, բայց էս գներով հնարավոր չի: Մի տոննա ցեմենտը 60 հազար է, մենք պետք է 1 տոննա 200 կգ կարտոֆիլ ծախենք, որ մի տոննա ցեմենտ գնենք: 18 տարի է անցել անկախությունից, սպասում ենք, որ մեր վիճակը լավանա, ե՞րբ է լավանալու, ե՞րբ պիտի մեր երեխեքը կարողանան մի բանի հասնել: 15 շունչ մի տանիքի տակ ենք»:
Ապարանցի Վրեժը դժգոհեց, որ իր կարտոֆիլը մնացել է եւ փչացել. «Ինչի՞ պիտի մեր կարտոֆիլն առնեն, հենա հարուստներինն են առնում»:
Արտավազդ Սրապի Գեւորգյանը հատուկ խնդրեց իրեն նկարեմ, ասաց, թե իր կենսաթոշակը՝ 42 հազար դրամ, իրեն հերիքում է. «1927-ին եմ ծնվել, 82 տարեկան եմ, չէ՞: Իմ հորական տնից իմ 5 ախպերներով գնացինք պատերազմ եւ մենակ ես վերադարձա: Ես էլ մեխանիզատոր եմ, աշխատեցի, մի քիչ փող վաստակեցի, տուն պահեցի»: Իմ զրուցակիցը քաղաքական հայացքներ եւս ունի. «Կուսակցությունը լավ է, ժողովրդին աշխատանքի տեղ չկա, ձմեռը ոչ մի աշխատանք չկա»: Մեր հարցին՝ կուսակցության ի՞նչն է լավը, պարոն Արտավազդը այսպես պատասխանեց. «Էհ, կուսակցության նախագահն իր գործն ունի, մի քանի հոգի իրա մոտ կաշխատեն, աշխատավարձ կստանան, կապրին, էդ ա»:
Շենավան, պատմական անունը՝ Բլխեր
Բլխեր նշանակում է բոլ խեր, ահագին հարստություն: Այսպես են «թարգմանում» գյուղացիներն իրենց գյուղի հին անունը: Բոլոր տները երկհարկանի են, բայց կառուցվել են կոմունիզմի ժամանակ: Անկախության տարիներին Շենավանում նոր տուն չի կառուցվել:
1644 թվականից գյուղը կոչվել է Բլխեր, 1950-ից՝ Շենավան:
Կիրակոս Գանձակեցին հիշատակել է այս գյուղի մասին, հետո 1828 թվականին գյուղը վերահիմնադրվել է եւ այստեղ բնակություն է հաստատել Մշո դաշտի Բուլանխի գավառի Յոնջալուխ գյուղի 60 ընտանիք՝ 216 շնչով: Այսպես են գյուղի մասին պատմել նախնիները, մինչդեռ արխիվում նշված է, որ բլխերցիները գաղթել են Բայազետի գավառից: Գյուղը կարծես ուրիշ դարդ ու ցավ չունի, եւ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը ցավով մեզ հայտնեց. «Տեսնո՞ւմ եք, հակասություն է առաջանում մեր նախնիների պատմածի եւ արխիվների միջեւ, չգիտենք՝ որին հավատանք»:
Աշխատակազմի ղեկավարը իր գյուղի մասին գիրք է գրել, որը հրատարակվել է 1000 օրինակով: Ծախսերը հոգացել է ապարանցի Վրեժ Մարկոսյանը: Գյուղապետ Աշոտ Ղազարյանի մասին պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ձայն ենք տվել մարդու, որի ծնողները էս հասարակության համար մեծ ներդրում ունեցող անձնավորություններ են: Հայրը էս գյուղի 17 տարվա կոլխոզի նախագահն է, որի ներդրումն անուրանալի է»: Գյուղը կարտոֆիլ է մշակում, բայց հիմնական հողերն անմշակ են: Հովսեփ Օրբելին 1931-ին հենց այս գյուղում է տեսել շախմատի քար՝ օդայում, թախտի ոտքի տակ: Հարցրել է՝ սա ինչ է, գյուղացիներն ասել են՝ «քըշ ա», շախմատին այդպես են կոչել: Օրբելին հարցրել է՝ խաղալ գիտե՞ք, պարզվել է՝ շատ լավ: Օրբելին գյուղի ծերերի հետ շախմատ է խաղացել: Երեքին պարտվել է: Հետո այս մասին հոդված է գրվել: Գյուղացիները Օրբելուն նվիրել են շախմատի ոսկրե քարեր, ասելով, թե դրանք իրենց հետ բերել են Էրգրից: Պարզվել է՝ քարերը, իրոք, 200 տարվա պատմություն ունեն: Օրբելին դրանք տարել է Էրմիտաժ: Ժամանակին 13 տարի շարունակ ցուցադրվել են, հիմա ցուցադրված չեն, բայց ցուցակներում կան:
Այսօր գյուղացիները շախմատից շատ ավելի հեռու են, քան 200 տարի առաջ: Հիմա այս մարդկանց միակ հոգսը իրենց մի կտոր հողը մշակելն է եւ կարտոֆիլը վաճառելը: Հողերի 80 տոկոսն անմշակ է, բայց գյուղացիները չեն պատրաստվում որեւէ մեկին տալ այդ հողերը: Մտածում են, լավ օրեր կգան, մի օր կմշակեն: Յուրաքանչյուր տնտեսության բաժին է հասել 2 կամ 3 հեկտար: Գյուղի աշխատուժը արտագնա աշխատանքի է մեկնում Յակուտիա: Հարեւան գյուղից մի մեծահարուստ այնտեղ բիզնես ունի եւ ամեն տարի հատուկ մրցույթով աշխատուժ է արտահանվում Յակուտիա՝ շինարարության վրա աշխատելու: «Մի քիչ փողից-բանից ուղարկում ենք, կանայք մի կերպ ծայրը ծայրին են հասցնում»,- մի քիչ ամաչելով պատմում են ռուսաստաններում գիշերներ անցկացրած տղամարդիկ:
Ուրեմն՝ ինչի՞ց է
սկսվում հայրենիքը

Ահագին բան կիսատ մնաց, ամեն ինչ չէ, որ ներկայացրի, բայց մի բան հաստատ է՝ հայրենիքի սահմաններն այս անթրաշ, հոգնած, տղամարդուն արժանի գործի, սիրուն ու փափլիկ կնոջ կարոտ եւ կոմունիստների ժամանակվա կոստյումներով մարդկանց տղաներն ու թոռներն են պահել ու դեռ պահելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել