Դատարանն ուզում է մարդու տան կեսը քանդել՝ առանց նրան այդ մասին տեղեկացնելու
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Հունանյան) 2010-ի մարտի 9-ի որոշմամբ պարտավորեցրել է Արաբկիր համայնքի 43 փողոցի թիվ 6/1 տան բնակիչ Վանյա Խաչատրյանին, որ նա քանդի այդ հասցեում գտնվող հողամասում կառուցած շինությունը՝ տան մի հատվածը: Դատավորը գտել է, որ այդ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Վանյա Խաչատրյանի եղբորը՝ Ալբերտ Խաչատրյանին, ուստի Վանյան սեղմ ժամկետում պետք է քանդի իր տան բաղնիք-զուգարանը եւ տարածքը բերի նախկին տեսքի: Այդ որոշումն արդարացի կլիներ, եթե երկու կողմերը՝ հայցվորն ու պատասխանողը ներկայացնեին իրենց ապացույցները, եւ դատավորը որոշեր մեկի տունը քանդել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ որոշման փաստաթղթերի մեջ նշված է, թե Վանյա Խաչատրյանը, «պատշաճ ծանուցվելով» դատական նիստի մասին, նիստին չի ներկայացել:
«Առավոտի» հետ զրույցում Վ. Խաչատրյանի փաստաբանը նշեց, որ «պատշաճ ծանուցվել» ասելով՝ պետք է հասկանալ գրավոր ծանուցում, որի տակ Վ. Խաչատրյանը ստորագրել է, սակայն իրականում դատարանը նիստի մասին Վանյային տեղյակ չի պահել, ուր մնաց, թե պատշաճ ծանուցեր. «Իրենք իրենց նիստ են արել ու որոշել մարդուն զրկել իր շինությունից, որն օրինականորեն իրեն է պատկանում»: Բնականաբար, Վ. Խաչատրյանի իրավապաշտպանները բողոքարկել են դատավոր Հունանյանի որոշումը եւ շուտով՝ հուլիսի 1-ին վերաքննիչ դատարանը պետք է որոշի՝ հիմքեր կա՞ն քննության առնելու այդ գործը, թե՞ ոչ: Վ. Խաչատրյանի փաստաբանը մտավախություն ունի, որ վերաքննիչ դատարանում բողոքարկվում են այն որոշումները, որոնք դատավորները կայացրել են՝ հաշվի չառնելով, ասենք, պատասխանողի ներկայացրած ինչ-ինչ փաստաթղթեր ու ապացույցներ: Սակայն խնդիրն այն է, որ տվյալ դեպքում, փաստորեն, որոշման մեջ նշելով, որ պատասխանողը «պատշաճ ծանուցվել» է, բայց չի ներկայացել նիստին, Վ. Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու իր բոլոր հիմքերն ու ապացույցները, ուստի վերաքննիչն էլ այլեւս այդ ապացույցները հիմք չի կարող ընդունել:
Արաբկիր համայնքի 43 փողոցի թիվ 6/1 տունը Վանյա եւ Ալբերտ Խաչատրյանների հայրական նվերն է: Երկու եղբայրները, հստակ իմանալով իրենց նվերի չափաբաժինն ու տարածքը, այն կիսել են, մետաղյա ցանկապատով առանձնացրել նաեւ տնամերձ հողամասը: Սակայն տարբեր պետական մարմիններ ու չինովնիկներ, չգիտես ինչու, թույլ չեն տալիս, որ եղբայրներից մեկը՝ Վանյա Խաչատրյանը, հանգիստ տնօրինի իր հայրական նվերը: Մի քանի տարի առաջ Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները 200 հազար դրամով տուգանել են նրան՝ տանը կից 10 քմ տարածքով սանհանգույց կառուցելու համար, սակայն ՀՀ վարչական դատարանի որոշմամբ՝ այդ ակտը կազմվել է մի շարք խախտումներով, ուստի ակտը համարվել է առոչինչ ու հօգուտ Վանյայի բռնագանձվել 4000 դրամ պետտուրքը, բացի այդ, կադաստրի Արաբկիրի ստորաբաժանումը ոչ մի կերպ չի ցանկացել Արաբկիր համայնքի 43 փողոցի թիվ 6/1 տան հենց իր մասնաբաժնի համար պետական գրանցում տալ՝ անհեթեթ պատճառաբանությամբ: Դատարանն այս հարցը նույնպես վճռել է հօգուտ Վ. Խաչատրյանի եւ ստիպել կադաստրին՝ մարդուն իրեն հասանելիք տարածքի համար սեփականության վկայական տալ՝ առանց ավելորդ ու գործին չառնչվող պատճառաբանությունների: