Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ «ՔԹԻՑ ԲՌՆԱԾ ՄԱՆ Է ՏԱԼԻՍ»

Հունիս 26,2010 00:00

Այս կառուցապատողը «իրացված բնակիչներին» բնակարանները փոխհատուցում է նախագծային խախտումներով, սակայն, չգիտես ինչու, դատարանները աչք են փակում:

«Բնակարանի մուտքի դուռն ամբողջությամբ քերծված է եւ դժվարությամբ է բացվում, նույն դռան փականը նորմալ չի աշխատում, բացակայում է օպտիկական սարքը (գլազոկը), բնակարանի ներսի դռների շրջանակները ճիշտ չեն տեղադրված, որի պատճառով էլ դրանք անհնար է բացել-փակել, ընդհանուր սենյակի դռան փականն էլ է բացակայում, իսկ զուգարանն ընդհանրապես դուռ չունի: Բնակարանի ներսում բացակայում են լուսամուտները, լոգարանի եւ զուգարանի օդանցքները, ջրատար խողովակների սանտեխնիկական դռնակները, լուսամուտագոգերի փոխարեն սալիկներ են տեղադրված, իսկ լոգասենյակի եւ զուգարանի սալիկներն անհարթ են, բնակարանի բոլոր անկյունները 90 աստիճանի տակ չեն՝ շեղումով են, ինչի պատճառով անհնար է պատի վրա կահույք հավաքել, պատերն էլ են ծուռ, հատակը հարթեցված է ցեմենտ-ավազե շաղախով, որի վրա արդեն ճաքեր են առաջացել, լվացարանները տեղադրված չեն: Բնակարանի միակ օդանցքը խոհանոց համարվող տարածքում է»,- ահա այսպիսի թերություններով է կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն, որպես փոխհատուցում, Հյուսիսային պողոտայում կառուցված բնակարանը հանձնել քաղաքացի Մարինե Ղազարյանին: Տիկին Ղազարյանը տարիներ առաջ հանուն պետական շահի լքել է իր բնակարանը՝ պայմանով, որ նրա տան փոխարեն տարածքն իրացրած սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանը բնակարան հատկացնի նորակառույց շենքից: Բնակչի հետ կնքած պայմանագրի թիվ 3.5 կետով ամրագրված է, որ նշյալ բնակարանը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական եւ ճարտարապետական նորմերի ու կանոնների պահպանմամբ, ներքին հարդարման աշխատանքները կատարված, վերանորոգված, բացառությամբ հատակի: Սանհանգույցը պետք է սալիկապատված լինի, կոմունալ հարմարություններն էլ՝ մոնտաժված: Սակայն «Առավոտի» հետ զրույցում Մ. Ղազարյանը պատմեց, որ բնակարանն իրեն է հանձնվել պայմանագրային շեղումներով, ինչի համար «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ավելին, ընկերության պատասխանատու Ավետիս Կարագուլյանը հայտարարում է՝ «ուր կուզեք՝ բողոքեք»:
Այս կառուցապատողի՝ բնակիչների նկատմամբ կատարած անարդարություններին «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է (27.04.2010թ., 09.06.2010թ.):
Մասնավորապես հրապարակել ենք այն իրացված տարածքների բնակիչների բողոքները, որոնց Ա. Կարագուլյանը նույնպես բնակարան է հանձնել մի շարք թերություններով: Այդ սխալներն ուղղելու խնդրանքով ու պահանջով այլ բնակիչներ եւ Մ. Ղազարյանը մի քանի անգամ դիմել են կառուցապատողին, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո, տիկին Ղազարյանը դիմել է դատարան:
Ներկայացնենք կառուցապատողի կողմից թույլ տրված մի քանի խախտումներ, որոնք բերել են նախագծային ակնառու շեղումների: «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն տիկին Ղազարյանին բնակարան է հատկացրել 4.7 մետր լայնությամբ, սակայն, միեւնույն ժամանակ, նույն բնակարանի պատշգամբի երկարությունը եղել է 6 մետր:
«Այդ իսկ պատճառով պատշգամբս գնում-մտնում էր հարեւանի բնակարան: Այն ժամանակ բողոքեցի, նրանք ինձ ընդառաջեցին, քառակուսի մետրերս 10-ով ավելացրին, քանի որ գազ էլ չէի կարողանում անցկացնել, սակայն հետո ավելի մեծ խնդիրներ առաջացան: Բնակարանի լուսավորությունը միայն մեկ կողմից էր, քանի որ 2 պատերը հարեւանինն էին, մեկն էլ՝ միջանցքինը: Ի դեպ, մենք նախապես տեղեկացված չէինք, որ լուսավորությունն այդպես է լինելու: Այդ պատճառով հիմա ընդհանուր սենյակը չեմ կարողանում առանձնացնել խոհանոցից, քանի որ չեմ կարող գազ օգտագործել՝ լուսամուտ չունենալու պատճառով: Բացի այդ, խնդրել էի ինձ տային դռների եւ սալիկների գումարը, որպեսզի ես վրան գումար ավելացնեի եւ ավելի լավ որակի դռներ տեղադրեի ու սալիկներ փակցնեի, սակայն այդպես էլ, առանց ինձ մերժելու, գումարը չտվեցին ու տեղադրեցին իրենց ուզած սալիկներն ու դռները: Դեռ մի բան էլ կառուցապատողը ժամանակին մեզ չհանձնեց մեր բնակարանը, այլ՝ մի քանի ամիս ուշացումով: Երբ գնացի բնակարանը տեսա՝ շոկի մեջ ընկա, քանի որ ոչ մի դուռ նորմալ չէր փակվում, դրսի դուռը գրեթե մաշված էր, սալիկները անհարթ էին տեղադրված, մի խոսքով՝ դա բնակելի տուն չէր: Այդ ժամանակ ես նամակով դիմեցի Երեւանի քաղաքապետարան, որ գոնե նա միջոցներ ձեռնարկի, որպեսզի կառուցապատողը բնակարանը նորմալ հանձնի շահագործման: Պատասխանեցին, որ կառուցապատողը շենքը եւ բնակարանները շահագործման է հանձնել հավուր պատշաճի: Ես էլ որոշեցի դիմել դատարան»,- պատմեց Մ. Ղազարյանը: Ապրիլի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նիստ էր նշանակել, որի ժամանակ հայցվոր կողմը դատարանից պահանջել է շինարարատեխնիկական փորձաքննություն անցկացնել: Դատավորը համաձայնել էր, սակայն, տիկին Մարինեի ներկայացմամբ, ընդամենը մի քանի օր հետո փորձագետը եկել, ուսումնասիրել ու մեկ առ մեկ արձանագրելով նորակառույց բնակարանի բոլոր թերությունները, միանգամայն դրական եզրակացություն է տվել. «Ամուսինս ինժեներ է, եւ ինքն էլ փորձագետի հետ շրջում էր մեր բնակարանում՝ մատնացույց անելով բոլոր թերությունները: Մեր ներկայությամբ փորձագետը բոլոր խախտումները ֆիքսեց, լուսանկարեց ու գնաց, սակայն իր հաշվետվությունում ամեն ինչ ներկայացրեց այլ կերպ»: Միայն նշել է, որ դրսի դռան օպտիկական սարքը եւ ընդհանուր սենյակի դռան փականը բացակայում են, հիշատակել է նաեւ զուգարանի դռան բացակայության եւ հատակի ճաքերի մասին:
Նշենք, որ, բացի բնակարաններից, կառուցապատողը ընդհանուր շենքի նախագծում էլ է խախտումներ արել, 1 բեռնատար եւ 1 մարդատար վերելակի փոխարեն տեղադրել է 2 մարդատար վերելակ, միջանցքների աստիճանները սալիկապատել է, հոսանքի մալուխները եւ գազի խողովակներն էլ իրարից առանձնանում են մեկ բարակ պատով, այնինչ՝ պետք է դրանց միջեւ 1.5 մետր հեռավորություն լինի: Այս շենքը պետք է, ըստ հաստատված նախագծի, կառուցվեր 9 հարկանի, սակայն հետագայում ավելացվել է եւս 2 հարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել