Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկի իմիջին չեն վնասել

Հունիս 26,2010 00:00

«Հայէկոնոմբանկի» ղեկավարները վստահեցնում էին, որ անկախ ամեն ինչից, իրենց բանկը շարունակում է մնալ վստահելի ֆինանսական կառույց:

\"\"

Չնայած «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված հայտնի միջադեպին, նրա ձերբակալման եւ ազատ արձակման պատմություններին, բանկի վարկանիշը դրանից չի տուժում: Ընդհակառակը, մարդկանց վստահությունը բանկի նկատմամբ ավելի է մեծացել, ավանդատուներն էլ՝ շատացել: Երեկ բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանը: Նրա խոսքերով՝ 2009-ը շատ հաջող տարի է եղել իրենց բանկի համար, եւ ինչ ծրագրել են տարեսկզբին՝ կարողացել են հաջողությամբ իրականացնել. «Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 23,5 տոկոսով ավելացել են, ինչը նշանակում է, որ բանկի նկատմամբ վստահությունը շարունակում է մեծանալ: Մենք կարողացանք ապահովել բանկի հիմնական ցուցանիշների աճ, որոշ ծրագրեր ունեինք, որոնք նույնպես ավարտին հասցրեցինք, մասնավորապես, Շիրակի մարզում՝ Գյումրիում երկրորդ մասնաճյուղը բացեցինք, մեր բանկը ստանձնեց առաջատարի դիրքը՝ պլաստիկ քարտերի շուկայում»: Հարցին, թե տնտեսական ճգնաժա՞մն էլ բացասական չանդրադարձավ բանկի գործունեության վրա՝ Հ. Մկրտչյանը պատասխանեց. «Ճգնաժամի պատճառով, իհարկե, շուկայում որոշակի պասիվություն էր նկատվում, բայց, կարծում եմ, դա արդեն հաղթահարվել է, եւ դեպի շուկայի առողջացում ենք գնում»: Վարկառուների հետ կապված 2009-ին նույնպես որոշակի պասիվություն նկատվել է, բայց բանկի պատասխանատուների համոզմամբ՝ դա էլ է արդեն կարգավորվել, եւ այս պահին որոշակի հոսք նկատվում է:
Տարեկան ժողովի ժամանակ բաժնետերերին ներկայացնելով բանկի ֆինանսական հաշվետվությունները, շահույթի բաշխման համամասնությունները եւ 2009-ի տարեկան գործունեությունը՝ բանկի աշխատակիցները նշեցին, որ բոլոր աճերի հետ մեկտեղ իրենք կարողացել են ապահովել մի շատ կարեւոր աճ. «Ամենակարեւոր ցուցանիշը ցանկացած բանկի համար հաճախորդների վերաբերմունքն է բանկի նկատմամբ: Մենք ավելի քան վստահ ենք, որ «Հայէկոնոմբանկը» շարունակում է մնալ վստահելի ֆինանսական կառույց»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե անցյալ տարի հիփոթեքի տոկոսներն իջեցնելով բանկն ի՞նչ արդյունքի հասավ, հիփոթեքի շուկան զարգացում ունեցա՞վ: Ըստ Մկրտչյանի՝ «2009-ի երկրորդ կեսից նկատեցինք, որ այդ շուկայում նոր հոսք կա, տոկոսադրույքների էական փոփոխություն չնկատվեց, մեր բանկը ներկայումս 12-16 տոկոս է առաջարկում հիփոթեքային վարկերի համար, ինչպես նաեւ մասնակցում ենք «Երիտասարդ ընտանիքներին բնակարան» ծրագրին, որով հաճախորդներին է առաջարկվում տարեկան վարկ՝ 8.5 տոկոսով, որը բավականին մատչելի տոկոս է»: Հ. Մկրտչյանի կանխատեսումներով՝ 2010-ին վարկային տոկոսներն էական փոփոխություններ չեն կրի. «Բայց հաշվի առնելով, որ շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, որոնք որոշակի ագրեսիվություն են ցուցաբերում, փոքր-ինչ նվազում կլինի»:
Նշենք, որ տարեկան ժողովում «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել