Վարչապետի վերահսկողական ծառայությունը անուններ չի հրապարակում, բիզնեսմեն պաշտոնյաներով չի զբաղվում, դատախազություն գործ չի ուղարկում:
Մեր երկրի մի շարք գերատեսչություններում ներքին աուդիտի ինստիտուտը կայացած չէ, ինչի հետեւանքով պետությանը վնասներ են հասցվում: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով կատարած աշխատանքները՝ ասաց ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը: Սակայն լրագրողների պահանջին՝ հրապարակել, թե կոնկրետ որ գերատեսչությունն է պետության փողերը վատնում թույլ աուդիտ ունենալու պատճառով, ծառայության պետը հրաժարվեց որեւէ անուն ասել՝ պատճառաբանելով. «Չեմ կարող ասել, քանի որ ես ինքս չեմ գնահատել դա: Ուղղակի մենք՝ որպես վարչապետի վերահսկողության ծառայություն, ինչքան հնարավոր է՝ աուդիտից հեռու ենք կանգնած: Դա միջազգային կազմակերպությունների պահանջն է, նրանց խնդիրներից մեկն է, որ նրանք լինեն ինքնուրույն, եւ որ մենք չխառնվենք նրանց գործերին: Դրա համար ես ցանկացած տեղեկատվություն եթե ձեզ տամ, օբյեկտիվ չի լինի: Անունները պետք է փաստագրված լինեն, որ ես ձեզ ասեմ: Ուղղակի իմ խոսքին հավատացեք, 5 գերատեսչություն կա, որոնց ներքին աուդիտներն իսկապես գործում են: Մնացածը ձեւական բնույթ են կրում»:
Չբավարարվելով Ս. Գրիգորյանի պատասխանից՝ լրագրողները փորձեցին անվանական ճշտել, թե ինչ կասի, օրինակ՝ բնապահպանության նախարարության, ֆիննախի, Պետեկամուտների կոմիտեի մասով: Պարզվեց՝ ծառայության պետն այս գերատեսչությունների աշխատանքից այնքան էլ դժգոհ չէ. «Դրանք էլ վերահսկողություն իրականացնող գերատեսչություններ են: Եվ իրենց գործը լավ են կատարում»:
Կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարող այս կառույցը վերջերս «հյուրընկալվել» է Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Ժամանակակից արվեստի թանգարանում: Ծառայության պետն ասաց, որ ուսումնասիրություններից հետո վարչապետը հանձնարարել է մոտ 25-26 հազար ազգային արժեքի նմուշներ նկարահանել, որպեսզի ունենան պատկերասրահում առկա պետական արժեքների ցանկը եւ լուսանկարները: Ս. Գրիգորյանը փաստեց, որ Ժամանակակից արվեստի թանգարանում 900-1000 նմուշ ընդհանրապես գրանցված չի եղել:
Անդրադառնալով ուսումնասիրության արդյունքներին՝ ծառայության պետը նշեց, որ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունների այն ստորաբաժանումները, որոնք սպասարկում են տնտեսվարողներին, «ավելորդ գործողություններ» են իրենց թույլ տվել, ինչը վարչապետին ներկայացվելուց հետո շտկվել է: Խոսելով նախորդ տարի Վերահսկիչ պալատի՝ գյուղատնտեսության նախարարությունում հայտնաբերած չարաշահումներից, Ս. Գրիգորյանը ասաց, որ նույնիսկ պալատի զգուշացումներից հետո վիճակն այդ ոլորտում չի շտկվել, եւ դաբաղի պատվաստանյութերը կրկին ձեռք են բերվել ոչ ռեալ գներով. «Մեղավորները պատժվել են. մեկ վարչության պետ եւ պետի տեղակալ պաշտոնից ազատվել են»:
Վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Հայտնաբերված թերությունների համար Ծրագրի տնօրենը խիստ նկատողություն է ստացել: Լրագրողներից մեկի հարցին, թե ծառայությունը ուսումնասիրո՞ւմ է արդյոք պետական պաշտոնյաների՝ փոխկապակցված լինելը բիզնեսի հետ, պարոն Գրիգորյանն ասաց, որ իրենք նման ստուգումներ երբեւէ չեն իրականացրել: Իսկ թե ստուգումների արդյունքում քանի գործ է ուղարկվել դատախազություն, ծառայության պետն ասաց, որ իրենք գործ չեն ուղարկում դատախազություն: