Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՌԻՍԿԸ ԲՈ՞ՂԿ Ա»

Հունիս 26,2010 00:00

\"\"«Բաց նամակ» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին

Հաճելիորեն զարմացա, երբ մոտ մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում ընթերցեցի Ձեր տված պարզաբանումը՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող գիշերային կանխավճարային ինտերնետ ծառայության դիմաց սպառողներից հավելյալ գանձումների եւ անհարկի պարտադիր նվազագույն շեմի վերացման վերաբերյալ: Հիշեցնեմ, որ այդ պարզաբանման մեջ բառացիորեն նշված է. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն 2010 թվականի հունիսի 6-ին կարգավորող մարմնին գրությամբ տեղեկացրել է, որ շարժական ինտերնետի «Գիշերային» սակագնային փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու համար եղած սահմանափակումները վերացվել են: …Սպառողի հաշվին զրոյական հաշվեկշռի պայմաններում մատուցված ծառայությունների դեպքում «ԱրմենՏելը» հաշվեգրված գումարը պետք է վճարի իր միջոցների հաշվին: … Այսուհետեւ ծառայության կասեցման դեպքում սպառողից բաժանորդային վճար չի գանձվի»:
Չեմ ուզում հայտարարել, թե «ԱրմենՏելի» ներկայացուցիչները Ձեզ խաբել են, պարզապես, լինելով շարժական ինտերնետի «Գիշերային» սակագնային փաթեթի բաժանորդ, փաստում եմ.
ա. Երեկ իմ հաշվին առկա էր 5 դրամ: Բնականաբար, ինձ ինտերնետ ծառայություն «ԱրմենՏելը» չի մատուցել (միանալու անհաջող փորձից հետո ստուգել եմ հաշիվս եւ տեսնելով, որ 5 դրամ է մնացել, որոշել եմ լիցքավորման քարտ գնել այսօր եւ լիցքավորել): Այսօր, մինչ լիցքավորելը, ստուգել եմ հաշիվս ու պարզել, որ այն կազմում է -78 դրամ:
բ. Զանգելով «ԱրմենՏելի» 0611 հեռախոսահամարով՝ օպերատոր Նառան պարզաբանեց. 360 դրամի շեմը վերացված է, սակայն կարգն այնպիսին է, որ անգամ չմատուցած ծառայության պարագայում, նույնիսկ հաշվեկշռի վրա 83 դրամի բացակայության պարագայում այն գանձվում է:
Խնդրում եմ պարզաբանեք:
ա. Ինչո՞ւ եմ պարտք «ԱրմենՏելին», երբ ինձ տվյալ օրը ծառայություն չի մատուցվել:
բ. Ի՞նչ համարձակություն ունի հանրային ծառայություն մատուցող ընկերությունը, որ հավաստիացնում է, թե խնդիրը լուծված է եւ շարունակում ապօրինի իր գործելաոճը:
գ. Ե՞րբ է վերջապես «ԱրմենՏելը» վերջ տալու չմատուցած ծառայության դիմաց պարտք հաշվարկելով, այնուհետեւ այն գանձելով (հաջորդ լիցքավորման ժամանակ)՝ հարստանալու արատավոր գործելաոճին:

Հ. Գ. Պարբերաբար 78 դրամ կորցնելով, բնականաբար, չեմ սնանկանա, սակայն անգամ 1000 բաժանորդ ունենալու պարագայում «ԱրմենՏելը» ամսական մոտ 150000 դրամ գումար է դնում գրպանը, մեր՝ սպառողներիս գրպանից, ինչը պարզապես վիրավորական է: 0611 ծառայությունում ինձ խորհուրդ տվեցին աշխատանքային ժամին զանգել 4444 հեռախոսահամարով եւ հայտնել բողոքը, սակայն, քանի որ ես «ԱրմենՏելին» «ԱրմենՏելից» բողոքելը համարում եմ ծիծաղելի, ու նաեւ, «ԱրմենՏելին» ես ոչ թե բողոք ունեմ, այլ պահանջ (վերացնել -78 դրամ պարտքը փաստող գրառումն ու այսուհետ նման համարձակություն չունենալ), ուստի որոշեցի դիմել ոչ թե ծառայություն մատուցողին, այլ ձեր հանձնաժողովին: Համոզված եմ, որ ՀԾԿՀ 2004 թվականի մարտի 19-ի N 32 Լ որոշմամբ հաստատված «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղղված՝ սպառողների հարցադրումների եւ բողոքների գրանցման եւ քննարկման կարգի» համաձայն, ոչ միայն կարձագանքեք նամակիս, այլեւ սեղմ ժամկետում եւ վերջնականապես կլուծեք այս խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել