Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե հայտնել ենք մեր դիրքորոշումը»

Հունիս 26,2010 00:00

Վստահեցնում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

– Հրապարակումներ եղան, որ «Լեզվի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ (գիտության, կրթության հանձնաժողովում հունիսի 4-ին, դուք կարծիք եք հայտնել, թե օտարալեզու կրթությունը ճիշտ կլինի սկսել միջին դասարաններից: Ավելի ուշ Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է, որ ՕԵԿ-ի առաջարկը եղել է օտարալեզու կրթությունը սկսել միջին դասարաններից, մասնավորապես՝ 7-րդից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թերթին ասել է, թե ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հեղինակային իրավունքները յուրացնելու փորձ է կատարել: Դուք էլ, ձեր հերթին, թե՛ օրինագծի քննարկումների ժամանակ եւ թե՛ «Շանթ»-ի եթերից խոսում էիք ձեր այն առաջարկի մասին, ըստ որի՝ օտարալեզու կրթությունը ճիշտ կլինի սկսել 7-րդ դասարանից: Համաձայնեք, շատ խուճուճ թնջուկ է, խնդրում եմ հստակեցնեք, ձեր կարծիքով՝ իրականում ով ի՞նչ է առաջարկել եւ ո՞ւմ հեղինակային իրավունքներն են ոտնահարված:
– Նախ մենք հեղինակային իրավունքներ երբեք չենք յուրացրել: Երկրորդ, մենք ի սկզբանե ասել ենք մեր դիրքորոշումը եւ այն պահել ենք հաստատուն, այլ ոչ թե հետո փոփոխել ենք: Երրորդ, ինձ համար ընդունելի չէ դատախազի կեցվածքով հանդես գալը եւ ուրիշներին մեղադրելը, մանավանդ, որ գործընկերներ ենք եւ շատ հաճախ կարող ենք համանման առաջարկներ ունենալ: Ավելին՝ իմ բոլոր ելույթները եղել են բաց, եւ դրանից քաջատեղյակ են մեր հանձնաժողովի բոլոր անդամները:
– Այնուամենայնիվ, մյուս կողմը եւս պնդում է իր իրավացիությունը:
– Այժմ ձեր հարցին պատասխանեմ ըստ էության: Դեռեւս հունիսի 4-ին՝ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում, ես, որպես հանձնաժողովի անդամ, խոսելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների մասին, ելնելով նաեւ իմ երկար տարիների մանկավարժական փորձից, շատ հստակ նշել եմ, որ եթե ուզում ենք, որ աշակերտները առարկաները յուրացնեն որեւէ օտար լեզվով, ապա միայն ավագ դպրոցից ուսուցումը բավարար չէ, ուստի այն պետք է սկսել 2-րդ աստիճանից՝ միջին դասարաններից (5-9), որովհետեւ միայն ավագ դպրոցում (10-12)՝ երեք տարվա ընթացքում, հնարավոր չէ յուրացնել ցանկացած առարկայի ծրագիր, այն էլ՝ օտար լեզվով: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով էլ՝ ես հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ ԿԳ նախարարին առաջարկել եմ օտար լեզվով ուսուցումը սկսել միջին դասարաններից, գոնե 7-րդ դասարանից, ինչն էլ հունիսի 7-10-ի ԱԺ նիստում վերոհիշյալ հարցի քննարկման ժամանակ պնդել եմ իմ ելույթում՝ հաստատելով նախկինում արված առաջարկությունս, այն է՝ կրկնում եմ, օտար լեզվով ուսուցումը սկսել միջին դասարաններից, մասնավորապես 7-րդ դասարանից՝ այն համարելով «ոսկե միջին» տարբերակ: Ես նաեւ իմ բոլոր ելույթներում նշել եմ, որ գոնե 5 տարի է անհրաժեշտ յուրաքանչյուր առարկային լիարժեք տիրապետելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ 7-րդ դասարանից օտար լեզվով առարկաների 5 տարի ուսուցումը ընդգրկում է իր մեջ նաեւ ավագ դպրոցը, թեպետ յուրաքանչյուր երեխայի իրավունքն է՝ շարունակե՞լ կրթությունը ավագ դպրոցում, թե՞ ոչ: Մեր մյուս առաջարկությունը վերաբերում էր դպրոցների թվի կրճատմանը: Այս ամենը նաեւ, որպես խմբակցության տեսակետ, հայտնեց Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է «Երկիր մեդիայի» հիշյալ հրապարակմանը, ապա այն բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
– Փաստորեն, պնդում եք, որ հեղինակային իրավունքի յուրացում չի եղել, ինչպես նախորդ օրը հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից:
– «Հեղինակային իրավունքի» յուրացման մասով ասեմ, որ տիկին Զոհրաբյանը նախագծի քննարկումների ողջ ընթացքում ներկայացրել է ԲՀԿ-ի առաջարկը՝ օտարալեզու կրթություն իրականացնել միայն ավագ դպրոցներում, «միայն այս դեպքում «Բարգավաճ Հայաստանը» կողմ կքվեարկի այս նախագծին, հակառակ դեպքում դեմ ենք լինելու» («Երկիր մեդիա»): Մեջբերեմ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ելույթից մի հատված՝ «…խմբակցությունը դեմ չէ, որ միջազգային երկու դպրոցներ ստեղծվեն Դիլիջանում եւ Ջերմուկում…» (www.parliament. am): Ի դեպ, նշեմ, որ երկու դպրոցներում էլ օտար լեզվով դասավանդումը պետք է սկսվի 7-րդ դասարանից: Սրանից հետեւություն արեք, թե ով ում հեղինակային իրավունքներն է յուրացրել եւ ով է ի սկզբանե դեմ եղել 7-րդ դասարանից օտար լեզվով ուսուցմանը, այնուհետեւ կողմ քվեարկել: Եվ պարզ կդառնա, թե ով եւ ինչու է ցանկանում արհեստական սրացումներ կատարել: Վերջապես, ինձ մի հարց էլ է հետաքրքիր՝ ինչո՞ւ այս առաջարկությունների, ելույթների եւ մոտեցումների մասին խոսվում է միայն հիմա, երբ նախագծի քննարկումների ու քվեարկման գործընթացն արդեն ավարտվել է, ավելին՝ եւ այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ մենք, որպես գործընկերներ, շատ հարցերում շատ արդյունավետ համագործակցում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել