Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ «ՎՃՌԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

Հունիս 26,2010 00:00

Այս համոզմունքը հայտնեց Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամը

\"\"
Հերմինե Նաղդալյանը մեղադրեց, որ ԵԽԽՎ-ն իր լռությամբ արտոնում է նոր պատերազմ:

ԵԽԽՎ-ն հունիսի 24-ին քննարկեց «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցը եւ ընդունեց բանաձեւ: Զեկուցողների՝ Անդրես Հերկելի եւ Ժոզեֆ Դեբոնո Գրեչի բացատրական հուշագրի 18-րդ կետում ասված է. «Ադրբեջանում բոլոր կուսակցությունները հիասթափված են Մինսկի խմբի վարած բանակցություններից, որոնց նպատակն է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Այս հակամարտությունը կարգավորելու ձախողումը, որն ազդում է պետության տարածքային ամբողջականության վրա՝ դեռ խանգարում է երկրում ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին: Շարունակվում է այդ տարածքների բռնազավթումը, եւ հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների առկայությունը մնում է մարտահրավեր այս երկրի համար»: Ու թերեւս այս կետն էր պատճառը, որ չնայած, որպես կանոն, հայ պատվիրակները չեն մասնակցում Ադրբեջանի վերաբերյալ հարցերի քննարկումներին՝ այս անգամ հերթագրվել էին 3 պատվիրակներ, սակայն Զարուհի Փոստանջյանը հնարավորություն չունեցավ ասելիքը հնչեցնելու՝ ելույթներ ունեցան միայն Արմեն Ռուստամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Բայց մինչ նրանք կխոսեին՝ Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբեյլին անդրադարձավ այս թեմային՝ ելույթում հայտարարելով. «Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները սուրբ արժեքներ են, որոնք պահանջում են զոհաբերություններ, բայց դրանք չպիտի լինեն մեր կորցրած տարածքների հաշվին: Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներն այնքա՜ն հեշտությամբ ու սիրով են մեզ վկայակոչում ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբ հիշեցնում ենք այս Վեհաժողովի ընդունած բանաձեւը, որը դեռ չի կատարվել: Երկիրը, որը գրավել է մեր տարածքները՝ նույնպես այս կազմակերպության անդամ է, սակայն երբե՛ք լրջորեն չի դատապարտվել կամ քննադատվել»:
Նրան հաջորդեց Արմեն Ռուստամյանը, որը նկատեց, թե Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն, ըստ տրամաբանության, չպետք է պայմանավորված լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակով: Եվ չի կարելի թույլատրել, որ Ադրբեջանի իշխանությունները չկատարեն իրենց պարտավորությունները ժողովրդավարության կամ ԼՂ առնչությամբ: Արմեն Ռուստամյանը նկատեց, թե Ադրբեջանը կարծես այժմ պատրաստվում է պատերազմի եւ ընդունել է նոր ռազմական դոկտրին, որը հղի է հակամարտության սրմամբ: Հիշատակեց նաեւ Ադրբեջանի կողմից նախաձեռնած վերջին հարձակումները, որոնց հետեւանքով եղան 5 զոհեր:
Ռաֆայել Հուսեյնովը ելույթում խոստանալուց հետո, թե «առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կլինեն ավելի ժողովրդավարական եւ ավելի կատարյալ, քան 2000-ին եւ 2005-ին էին», եւ լրատվամիջոցների ազատությունն ու մարդու իրավունքներն էլ կապահովվեն «ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»՝ արձագանքեց Արմեն Ռուստամյանին. «Եվրոպայի խորհրդի անդամակցության տարիներին մենք սովորել ենք լինել հանդուրժող եւ արձագանքել ատելությանն ու շանտաժին ոչ թե ատելությամբ, այլ ժպիտով: Հիմա ես պետք է ժպիտով արձագանքեմ իմ հայ գործընկերոջ խոսքերին, որոնք հակասում են ճշմարտությանը: Ես կցանկանայի, որ նման մարդիկ Եվրոպայի խորհրդից սովորեն ժողովրդավարության դասերը»: Ի դեպ, նաեւ հայտարարեց, թե Ադրբեջանն այժմ ավելի «վճռական իշխանություն» ձեռք կբերի Վեհաժողովում, եւ նույնիսկ պնդեց, թե ժամանակն է ավարտել իր երկրի նկատմամբ դիտարկումը:
Սակայն Ադրբեջանի պատվիրակներին իր դրվատալից ելույթով ստվերում թողեց ՌԴ պատվիրակ Լեոնիդ Սլուցկին, որը հայտարարեց, թե Իլհամ Ալիեւը լուծել է Լեռնային Ղարաբաղից 1 մլն փախստականների հարցը: Նաեւ նշեց, թե Ադրբեջանի նախագահը եւ խորհրդարանը հաջողությամբ իրականացնում են այն պարտավորությունները, որոնք Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնել է իր երկիրը. «Մի շարք փոփոխություններ են արվել Սահմանադրության մեջ, քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում, հաջողությամբ գործում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը»: Լեոնիդ Սլուցկին անգամ հետեւյալ փաստարկը նշեց. «Այո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տրամադրված է պատերազմի: Ամեն երկրի ՊՆ էլ տրամադրված է պատերազմի: Ուստի մենք պետք է կառուցողաբար քննադատենք Ադրբեջանին»: Քիչ անց Հերմինե Նաղդալյանը նրան պատասխանեց. «Ճշմարտության ընդամենը 20 տոկոս կա այն ամենում, ինչ Դուք ասում եք ընդհանրապես»: Հայ պատվիրակն ուղղակի շատ զարմանալի համարեց ներկայացված զեկույցը. «Այն ընթերցելով՝ հարց է առաջանում, թե ո՞ր երկրի մասին են գրում զեկուցողները: Ժողովրդավարական երկիր, որտեղ հասել են զգալի առաջընթացի՝ ժողովրդավարական չափանիշները պահպանելու առնչությա՞մբ: Ո՞րն է այդ առաջընթացը, որ ընդունվել են Սահմանադրության մեջ փոփոխություննե՞ր, որոնց հետեւանքով երկիրը վերածվել է սուլթանական պետության՝ ֆեոդալական կառավարմամբ, որտեղ իշխանությունը չի ընտրվում ժողովրդավարական սկզբունքների համաձայն, այլ փոխանցվում է ցմահ՝ հորից որդուն՝ իբրեւ ժառանգություն: Պարոն Հերկելը սա անվանում է ժողովրդավարական չափանիշներ: Ողջ զեկույցում մի բառ չեք գտնի այս մասին: Կարելի՞ է արդյոք վստահել մի փաստաթղթի, որը վերլուծելով ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը՝ չի նկատում երկրի հիմնական օրենքում փոփոխությունների իրական էությունը եւ ամոթխածորեն առաջարկում է դրանք ընդունել ի գիտություն: Եվրոպայի խորհրդի անդամ միակ երկրին, որն իշխանության միապետական համակարգ ունի՝ պրն Հերկելը համեստորեն անվանում է ուժեղ նախագահական համակարգ»: Հերմինե Նաղդալյանը նաեւ նշեց, թե Ադրբեջանը լիուլի օգտվում է այս ամենաթողությունից, որ ԵԽԽՎ-ն ոչինչ չի անում՝ լսելով երկրի առաջին դեմքերի ռազմական հռետորաբանությունը. «Ուժի կիրառման մասին սպառնալիքները Բաքվում հնչում են ամեն օր: Մենք չենք արձագանքում, երբ Ադրբեջանը ռազմականացնում է իր բյուջեն, անընդհատ սպառազինվում՝ ռազմական նպատակներով օգտագործելով իր բյուջեի կեսից ավելին: Եվրոպայում միակ երկիրն է, որն իր ռազմական դոկտրինում դրույթ է նշել՝ ուժի կիրառման, եւ հարցերը ոչ թե խաղաղ, այլ ռազմական եղանակով լուծելու մասին»: Եվ այլ օրինակներ էլ մեջբերելով պնդեց՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում. «Մենք մեր լռությամբ արտոնում ենք նոր պատերազմը»:
Վերջին ելույթը Գանիրա Փաշաեւայինն էր, որը բորբոքված բացականչեց, թե կուզենար վերցնել քարտեզը եւ ցույց տալ Վեհաժողովի բոլոր անդամներին, թե որտեղ են հայկական զինված ուժերն ու հենակայանները: Առարկելով Արմեն Ռուստամյանին՝ պնդեց, թե հայկական զինուժն է, խախտելով հրադադարի ռեժիմը՝ հրկիզում քաղաքացիական բնակչության տները եւ գյուղերը: «Եվ նրանք դեռ փորձում են դաս տալ Ադրբեջանին, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարությո՞ւնը,- հարցրեց Փաշաեւան՝ հիշեցնելով, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցները դրվատական չէին:- Եվ սա առավել անհնարին է դարձնում, որ Հայաստանը դասախոսություն կարդա Ադրբեջանին, թե ինչպես պետք է լինի ժողովրդավարությունը»:

Հ. Գ. Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելն այս զեկույցից հետո դադարեց լինել Ադրբեջանի հարցով զեկուցող, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետն էլ ավարտվեց: Ի տարբերություն Հայաստանի, որի նոր զեկուցողն (մի բացառությամբ, երբ առաջինն է ստորագրել Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության ներքո) աչքի է ընկել մեր երկրի դեմ ստորագրված փաստաթղթերի առատությամբ՝ Ադրբեջանի նոր համազեկուցողը Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունթ Ֆոնթ դե Մորան է, որը միանգամայն բարեկամական վերաբերմունք է դրսեւորել այդ երկրի հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել