«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ի սադրանքի պատասխանատուներին պետք է նշել անուններով, իսկ միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, որպեսզի Ադրբեջանի մոտ տպավորություն չստեղծվի, թե միջազգային հանրությունը կարող է թույլ տալ կամ ըմբռնումով մոտենալ որեւէ ոտնձգության, ռազմատենչ հայտարարություններին»,- «Նոյյան տապանի» մատուցմամբ, երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, միջազգային կառույցների հայտարարությունները եւ կոչերը առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին, քանի որ Հայաստանը չէ, որ ռազմատենչ հայտարարություններ եւ պատերազմի կոչեր է անում, Հայաստանը չէ, որ կազմակերպել էր այդ սադրանքը, որ հրաժարվել է ԵԱՀԿ կողմից արված հրադադարի ամրապնդման, ինչպես նաեւ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկից: Ի պատասխան հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին՝ նախարարն ասել է, թե դրանք կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ Թուրքիան կհարգի պայմանավորվածությունները եւ առանց նախապայմանների կվավերացնի արձանագրությունները, ու հավելել է, որ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացումը ոչ միայն ՀՀ-ի, այլեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ միջազգային բոլոր կազմակերպությունների դիրքորոշումն է: