Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը: Գլխավոր դատախազությունում հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ Քիրամիջյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու, իսկ Գեւորգյանը՝ միայն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, ս.թ. մայիսի 31-ին Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում Քիրամիջյանը վիճաբանել է «պատահական անցորդ» Վարազդատ Թադեւոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, եւ Քիրամիջյանի ու մյուսների խուլիգանական գործողությունները կասեցվել են ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների միջամտության արդյունքում. «Կատարած իրավախախտման համար ոստիկանների կողմից Դ. Քիրամիջյանին բերման ենթարկելիս քաղաքացի Սարգիս Գեւորգյանը կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Բաղդասարյանի նկատմամբ, այն է՝ քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը»: