ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ հակված չէր անդրադառնալ մոտ երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանի իրեն տրված նկատողությանը: Բայց, լրագրողների հարցերին ի պատասխան, Մամուլի ազգային ակումբի հյուրը հայտարարեց, թե տեղի ունեցածը կուսակցական խնդիր էր: «Ա1+»-ի փոխանցմամբ, Վարդան Այվազյանը հերքել է լուրերը, թե իր նկատմամբ պատժամիջոց է կիրառվել կամ խլել են իր բիզնեսները. «Երկրի նախագահը կուսակցության ղեկավարն է, եւ ես էլ այդ կուսակցության անդամ եմ։ Եթե անդամագրվել եմ, ես պարտավոր եմ ենթարկվել որոշակի նորմերի ու կանոնների։ Եղել է որոշակի խոսակցություն, ու նկատողություն է եղել»,- ասել է պատգամավորը, հավելելով, որ նկատողությունը կապված է եղել «Տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ հանրապետական Այվազյան Վարդանի աշխատանքի հետ»: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ հպարտությամբ նշել էր, թե նկատողությունից բացի՝ ժամանակին նաեւ մեդալ է ստացել՝ «Անանիա Շիրակացի»: