Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ

Հունիս 26,2010 00:00

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ, որը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ։ Շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որն, ի դեպ, արդեն տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, միացել է 20 պատվիրակ: Զարուհի Փոստանջյանի առաջարկությամբ՝ փաստաթղթին առաջին ստորագրությամբ համաձայնել է միանալ Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիգը: Իսկ փաստաթղթում մասնավորապես ասված է, որ Հայաստանը շարունակում է Վեհաժողովի 2008թ. 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ չկատարելու քաղաքականությունը: Գրավոր հայտարարությանը միացած ԵԽԽՎ պատվիրակները մտահոգություն են հայտնել ընդդիմության երեք ակտիվիստների՝ ներառյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի դեմ վերջերս նախաձեռնած քրեական հետապնդումների առնչությամբ: «Անընդունելի համարելով այն, որ դեռ ոչ մեկը պատասխանատվություն չի կրել տասը մարդու սպանության համար, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ դատապարտված քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքներով, մինչ օրս պահվում են բանտերում, որ իշխանությունները հրաժարվում են հետաքննել բանակի ապօրինի ներգրավումը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում»՝ հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են անհապաղ բացահայտել եւ պատժել նրանց, ովքեր պատասխանատու են 10 մարդու մահվան համար, ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով մեղադրված բանտարկյալներին, անցկացնել բանակի ապօրինի օգտագործման թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն: 
Հայտարարության հեղինակներն անընդունելի են համարել Հայաստանի իշխանությունների՝ միջազգային պարտավորություններին եւ ԵԽԽՎ պահանջներին չհամապատասխանող շարունակական քաղաքականությունը՝ հավելելով, թե «դա չի կարող հանդուրժվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել