Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ-ից սպասելիքները շատ են

Հունիս 26,2010 00:00

Ասում է Փաստաբաններ պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը

Փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է ՀՀ այն քաղաքացիների շահերը, որոնց նկատմամբ Հայաստանում ոտնահարվել են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Դրանք ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական գործերով գանգատներ են:
– ՄԻ Եվրոպական դատարանում, բացի քաղաքացիական, ինչպիսիք են՝ «պետական կարիքների» «զոհերի» գործերը, դուք ներկայացնում եք նաեւ նախկին եւ ներկա մի շարք քաղբանտարկյալների շահերը: Այս պահի դրությամբ քաղաքական շարժառիթներ ունեցող քանի՞ գործ է ուղարկված ԵԴ, նկատի ունեմ ե՛ւ նախնական, ե՛ւ հիմնական գանգատները, ու դրանք ի՞նչ փուլում են:
– ՄԻԵԴ-ում ես ներկայացնում եմ ընդհանուր առմամբ ավելի քան 30 գործեր, եւ կախված դրանց՝ ԵԴ ներկայացման ամսաթվից, դրանք գտնվում են դատավարության տարբեր փուլերում: Դրանցից որոշով դեռ կառավարությանը հաղորդակցվելու փուլը չի սկսվել, կան հաղորդակցման փուլում գտնվող մի շարք գործեր, իսկ այն գործերը, որոնք ներկայացված են եղել 2005-2006թթ., մեր եւ կառավարության միջեւ հաղորդակցության, դիտարկումների եւ արդարացի փոխհատուցման պահանջների փուլերն արդեն իսկ ավարտված են, եւ կողմերը սպասում են ՄԻԵԴ վճռին (սրանք Բուզանդի փողոցի մի քանի ընտանիքների՝ Սաֆյանների, Դանիելյանների եւ այլոց գործերն են): Մի քանի գործերով դիմումները կառավարությանը հաղորդակցելուց հետո կառավարությունը հրաժարվել է դրա վերաբերյալ դիտարկումներ (ըստ էության՝ առարկություններ) ներկայացնելու իր իրավունքից, այսինքն՝ սրանց մասով մենք սպասում ենք ՄԻԵԴ դիրքորոշմանը՝ մեր հետագա անելիքների մասով: Իմ վերը նշված 1-ին խումբ քաղաքական բանտարկյալների գործերով ներկայումս գտնվում ենք կառավարության հետ փոխադարձ դիրքորոշումների վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու եւ արդարացի փոխհատուցման պահանջների քննության փուլերում: Ներկայացնում եմ նաեւ երկու խումբ քաղբանտարկյալների գործեր: Առաջին խմբում են այն մարդկանց գանգատները, որոնց նկատմամբ հետապնդումներն իրականացվում էին 2006-2007թթ.-երին՝ Ժիրայր Սեֆիլյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Մալխասյան, որոնց նկատմամբ հարուցված հետապնդումներն այն փորձադաշտն էին, որի վրա սկսեցին «մասնագիտանալ» քաղաքական ավելի լայնածավալ հետապնդումների իրականացնողներն ու կատարողները՝ 2008թ. մարտի 1-ի գործով: Գործերի 2-րդ խումբն էլ հենց մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ապօրինաբար ազատազրկված, դատապարտված, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի եւ բազմաթիվ այլ իրավունքների խախտումների զոհերն են:
Իմ վերը նշված 1-ին խումբ քաղբանտարկյալների գործերով ներկայումս գտնվում ենք կառավարության հետ փոխադարձ դիրքորոշումների վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու եւ արդարացի փոխհատուցման պահանջների քննության փուլերում:
– Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկար է սպասվում քաղբանտարկյալների գործերին, եւ ակնկալիքներն ինչպիսի՞ն են: Կա՞ն արդյոք ՄԻԵԴ-ում համանման նախադեպեր, որոնք կարող են հույս ներշնչել, որ այդ գործերը վարույթ կընդունվեն, եւ հայցերը կբավարարվեն:
– ՄԻԵԴ նախադեպային իրավունքը բավականին զարգացած է նաեւ անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքների մասով: Բացի այդ, մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կատարած դիտարկումներ այդ հարցերի առնչությամբ, եւ կրկին շատ քիչ է հավանականությունը, որ դատարանը չնկատի եւ չճանաչի քաղաքական բանտարկյալների գործերով մեր հայտարարած իրավունքների խախտումները: Ի դեպ, իմ վերը նշած երկու խումբ գործերը ներպետական ատյաններում, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ներկայացնելու գործում իրենց հսկայական ավանդն են ունեցել Մուշեղ Շուշանյանը, կրկին՝ Ա. Գրիգորյանը եւ Տ. Աթանեսյանը, Արա Զաքարյանը, Լուսինե Սահակյանը, Սեդա Սաֆարյանը:
– Դեռ տարիներ առաջ ՀՀ մի քանի քաղաքացիներ, որոնք իրենց գանգատներով դիմել էին ՄԻԵԴ-ին, հրապարակայնորեն հայտարարել էին, թե ԵԴ-ում Հայաստանից ստացվող գործերի քարտուղարությունում որոշակի զեղծարարություններ եւ մեքենայություններ են թույլ տրվում: Վերջերս նման կասկած հայտնեց նաեւ ձեր վստահորդներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԵԴ-ում կարող են սուբյեկտիվության դրսեւորումներ լինել, եւ ձեր ներկայացրած գործերով նման նախադեպեր եղե՞լ են:
– ՄԻԵԴ հեղինակության եւ դրա նկատմամբ վստահության հարցում հասարակության կարծիքը ժամանակ առ ժամանակ վայրիվերումներ է ունենում: Դրա վրա հատկապես ցնցող ազդեցություն են ունենում մամուլի հրապարակումները՝ ձեր հարցում նշված մեղադրանքների պարունակությամբ: Ամեն նման հրապարակում հանգեցնում է իմ վստահորդների կողմից հարցերի տեղատարափի, ինչից կարելի է ենթադրել, որ մարդիկ բավականին զգայուն են նման հայտարարությունների նկատմամբ:
Վերադառնալով ձեր կոնկրետ հարցերին՝ պետք է նշեմ, որ կոնկրետ Մուշեղ Սաղաթելյանի գործով, այո, ստացվել է դատարանի քարտուղարությունից նամակ՝ մի շարք փաստաթղթեր ներկայացնելու պահանջով: Չեմ պատկերացնում, թե այդ նամակի առկայությունն ինչ կապ կարող է ունենալ Ձեր հարցում նշված մեղադրանքների հետ: Հակառակը, նամակում նշված փաստաթղթերի մանրամասն ցանկը, դրանք ներկայացնելու պահանջը եւ հենց դատարանի քարտուղարության կողմից նման նամակ ուղարկելը դիմողին՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, խոսում են ոչ թե «զեղծարարությունների եւ մեքենայությունների» հավանականության, այլ հակառակի մասին. դրանք ապացույց են այն բանի, որ կոնկրետ գործով զբաղվող պաշտոնյան մանրամասն ուսումնասիրել է ներկայացված դիմումը (գանգատը) եւ պահանջում է փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն առնչվում են դիմումում կատարված խախտումների մասին հայտարարություններին: Բացի այդ, եւ ամենակարեւորը, այդ փաստաթղթերը նախկինում ուղարկված լինելու մասին նշումները իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերում բացակայում են: Ամենայն հարգանքով վերաբերվելով իմ գործընկեր տիկին Սաֆարյանին, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ կոնկրետ Մ. Սաղաթելյանի դիմումի մասով իր մտահոգություններից եւ ոչ մեկը կիսել չեմ կարող:
Մյուս կողմից՝ նման հայտարարությունները հուսալքում են իրենց միակ հույսը ՄԻԵԴ վրա դրած այն քաղաքացիներին, որոնք իրենց խախտված իրավունքների վերականգնման որեւէ այլ միջոցի հնարավորություն չունեն՝ բացի դատարանից:
– Որքան գիտեմ, կան որոշ քաղբանտարկյալներ, որոնց գործերով ՄԻԵԴ դիմելու ժամկետներն արդեն անցել են: Նման դեպքերում կա՞ հնարավորություն կամ նախադեպ, երբ ՄԻԵԴ-ը որոշակի պայմաններում, այնուամենայնիվ, որոշի քննել նաեւ այդպիսի գործեր:
– Այս մասով, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ Կոնվենցիայով նախատեսված վեցամսյա ժամկետի խախտմամբ դիմումի ներկայացում հնարավոր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել