Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ

Հունիս 26,2010 00:00

\"\"Ժողովրդական առածն է հիշեցնում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) տարելիցի կապակցությամբ խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ամփոփիչ ասուլիս էր հրավիրել: Նա տեղեկացրել է, որ ԱԱԽ շրջանակներում ստեղծվել են 6 միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է եւս 2-ը: «Առաջինը ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներն են, որոնց կապակցությամբ հունիսի 14-ին ես Մոսկվայում ստորագրել եմ մի արձանագրություն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, որի շրջանակում մենք ակտիվացնելու ենք ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Արդեն եղել են այդ երկրների եւ ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:
Ի պատասխան լրագրողի հարցին՝ պարոն Բաղդասարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը պատրաստվում է Ղրղըզստանին օգնություն ցուցաբերել. «ՀԱՊԿ գործող նախագահ, ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկով Մոսկվայում 1 շաբաթ առաջ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ, քննարկվեց Ղրղըզստանին աջակցություն ցուցաբերելու խնդիրը, եւ Անվտանգության խորհրդի քարտուղարները հավանության արժանացրին այդ ծրագիրը, այնուհետեւ երկրների նախագահները ստորագրեցին մեր կողմից հավանության արժանացած փաստաթղթերի փաթեթը: Ընդունվել է որոշում՝ բաղկացած շուրջ 9 կետից, եւ Հայաստանը հավատարիմ է լինելու ստորագրված փաստաթղթի ոգուն եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ղրղըզստանին: Այդ աջակցության մասին մենք հանրությանը կտեղեկացնենք առաջիկա օրերին»:
Խոսելով Ղարաբաղում տեղի ունեցած վերջին միջադեպի եւ պատերազմի վտանգի մասին՝ ԱԱԽ քարտուղարը նշեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում, Հայաստանում այսօր տեղի են ունենում պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման բարեփոխումների լուրջ աշխատանքներ, եւ մենք մտածում ենք, որ մեր երկիրը պետք է հնարավորն անի ընդհանուր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ նաեւ՝ խաղաղ-բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ: Այդ կապակցությամբ վստահ եմ, որ դուք լսել եք ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ պաշտպանության նախարարի ելույթները: Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքներին՝ ժողովրդական առածը չպետք է մոռանանք՝ եթե խաղաղություն ես ուզում, պատերազմին պատրաստ եղիր: Մենք այսօր պատրաստ ենք զարգացման ցանկացած սցենարի, բայց ես չեմ պաշտպանում մեր հասարակության մեջ տարածվող այն արհեստական ասեկոսեները, որ շուտով պատերազմ կլինի եւ այլն: Ընդհակառակը՝ անընդունելի են նման հայտարարությունները, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք չկարգավորված հակամարտություն, եւ սա նշանակում է, որ քանի դեռ տիրում է այս հարաբերական խաղաղության ժամանակաշրջանը, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած ագրեսիայի դիմակայելու»:
Պարոն Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ օտարալեզու դպրոցների խնդրին. «Մենք չենք ընդունում այն պարզամիտ շահարկումները, որ օտար լեզվի ուսուցումը կատարվելու է մայրենիի հաշվին: Այսօր դուք չեք կարող տեսնել մի գերմանացու, որ խոսում է սոսկ գերմաներեն, նա փայլուն խոսում է գերմաներեն, բայց նաեւ խոսում է անգլերեն, ֆրանսերեն: Վերջին օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ արհեստական շահարկումներ եւ քննարկումներ շատ եղան: ՕԵԿ-ը գտնում է, որ 1500-ից ավելի հանրակրթական դպրոցների կողքին 2 մասնավոր դպրոցի գոյությունը Հայաստանի ազգային անվտանգությանն ամենեւին չի սպառնում: Այս առումով ՕԵԿ-ի դիրքորոշումը եղել է հստակ եւ սկզբունքային: Մենք խոհեմ որոշում ենք կայացրել՝ մեր երկրում ունենալ 2 դպրոց, մանավանդ, որ այդ դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կատարվելու է 7-րդ դասարանից: Վտանգ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է 9 միջպետական դպրոցներին, նախ՝ պետք է գտնել 9 կառավարություն, որոնք ցանկություն կունենան Հայաստանում միջպետական պայմանագրով ստեղծել դպրոց: Ես 2 միջպետական պայմանագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի, բայց այդ բուհերի ստեղծումը հնարավոր է եղել շատ լուրջ ջանքերի գործադրման արդյունքում՝ ամենաբարձր մակարդակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել