ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի հարցով նոր համազեկուցող Գորան Լինդբլադի մասին մի քանի կայքերի երեկ ասել է. «Նա ԵԽԽՎ-ում պաշտպանում է ոչ թե իր երկրի շահերը, այլ կատարում է ադրբեջանական լոբբիստի սուրբ պարտականությունը, որի համար, ես վստահաբար հայտարարում եմ, վճարվում է թուրք-ադրբեջանական լոբբիի կողմից»: Կեսկատակ արձագանքելով այս պնդումներին՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» ասաց. «Եթե մենք համարենք, որ Եվրոպայում բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա խոսում են Հայաստանի դեմ՝ վճարվում են այնտեղից, ուրեմն՝ Թուրքիան եւ Ադրբեջանն ամենահարուստ երկրներն են, քանի որ ես հիմա գրեթե մարդ չգիտեմ, որ խոսի հօգուտ Հայաստանի: Ո՞ւր են նայում Հայաստանի պաշտոնյաներն ու օլիգարխները՝ գոնե մի եվրոպական պատգամավոր էլ իրենք չեն գնում, որ օգնի մեր երկրին հանդես գալ այդ կառույցներում»: Նկատենք, որ Ֆրանսիայի պատվիրակ Ռընե Ռուքեն ե՛ւ հունիսի 24-ին, ե՛ւ 25-ին ԵԽԽՎ-ում հանդես է եկել հօգուտ Հայաստանի, ու հայտարարել, թե ինքը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցի պատճառով: