Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՀԱ ՀԱԴԻԴԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԻՍՏ»

Հունիս 25,2010 00:00

Իրաքցի ճարտարապետին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս պատվավոր կոչումը

\"\"Ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ծագումով իրաքցի, Մեծ Բրիտանիայի ճանաչված ճարտարապետ Զահա Հադիդին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության արտիստ» պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ: Ճարտարապետության բնագավառում Պրիտցերյան մրցանակի դափնեկիր Զ. Հադիդն այս կոչմանն արժանացել է «միջմշակութային երկխոսության մասին գիտելիքները հանրության շրջանում տարածելու, կերպարվեստի եւ ստեղծագործ աշխատանքի կատարելագործմանն ուղղված ավանդի, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարներին եւ նպատակներին հավատարիմ լինելու համար»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի որոշման մեջ:

Զահա Հադիդը ծնվել է 1950թ.՝ Իրաքում, ստացել է մաթեմատիկական կրթություն Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Մեծ Բրիտանիայի ճարտարապետների միության Լոնդոնի ճարտարապետական դպրոցը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ տիկին Հադիդը գնահատվում է որպես ստեղծագործող-նորարար, բուռն միջազգային քննարկումների առարկա հանդիսացող նորարարական կառույցների հեղինակ՝ Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում: Նա նաեւ զբաղվել է հագուստի ու կահույքի նախագծմամբ, ինչպես նաեւ նախագծել է եռանիվ ավտոմեքենա՝ ZCar անունով:

Ինչ վերաբերում է «Խաղաղության արտիստ» պատվավոր կոչմանը, այն շնորհվում է արվեստի այն գործիչներին, ովքեր իրենց ազդեցությունը, անձնական հմայքն ու մասնագիտական նվիրումը գործադրում են ի նպաստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իդեալների տարածման: Այդ կոչմանն արժանացել են գրող Ֆրանկեթիենը (Հայիթի), երաժիշտ Մանու Դիբանգոն (Կամերուն), հագուստի մոդելավորող Բիբի Ռասսելը (Բանգլադեշ), բրազիլացի երաժիշտ Ջիլբերտո Ջիլը, երգչուհի Մարիա Դը Մեդեյրոսը (Պորտուգալիա) եւ գրող Սկոտ Մոմեդեյը (ԱՄՆ):

Հավելենք, որ 2007թ. Զահա Հադիդի նախագծով է կառուցվել նաեւ Բաքվի «Հեյդար Ալիեւ» մշակույթի կենտրոնը: Ճարտարապետի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով www.zaha-hadid.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել