Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատամնաբույժները» թոշակի չեն գնա…

Հունիս 25,2010 00:00

«32 ակումբը» երկու մասի բաժանվեց

\"\"
Ամենաակտիվ բանախոսը Գարիկ Պապոյանն էր:

Երեկ «Արմատ» ակումբում կայացած ասուլիսի հյուրերը «32 ատամ» ակումբի տղաներն էին, որոնք ցանկություն էին հայտնել շփվել լրագրողների հետ, ձեռքի հետ էլ փորձում էին զվարճացնել մամուլի ներկայացուցիչներին: Ինչն էլ ստացվում էր, համենայնդեպս՝ ավելի հաջող, քան հեռուստաեթերում: Տղաները բավական պատրաստված էին եկել ասուլիսին եւ, ինչպես ասում են, ավելորդ ինֆորմացիա տալու ցանկություն առանձնապես չունեին:

Ասուլիսի բուն նպատակը, ըստ Գարիկ Պապոյանի՝ տարբեր ասեկոսեներից հնարավորինս ձերբազատվելն է: Նրա փոխանցմամբ, վերջին շրջանում տարբեր լուրեր են պտտվում խմբի տղաների շուրջ, ինչը, ըստ Գարիկի, վատ առումով ազդում է տղաների հեղինակության վրա: Գ. Պապոյանը հերքեց այն լուրը, թե «32 ատամ» ակումբը ցրվել է: «Ինչպես տեսնում եք, ձեր առջեւ նստած են խմբի անդամները, կա երկու բացակա՝ Կարեն Բաբաջանյանը եւ Վահագն Գրիգորյանը, որոնք մեր ընկերներն են, բայց այսուհետեւ նրանք հանդես կգան առանձին՝ «32 ատամ պրոդաքշնով»,- ասաց Գարիկն ու հավելեց, որ ստեղծագործական խումբը երկու մասի է կիսվել, բայց ոչ մի ընդհարում, տարաձայնություններ խմբում չեն եղել: Գ. Պապոյանի փոխանցմամբ, խմբի երկու մասի բաժանումը բավական խաղաղ է եղել: Ըստ նրա, Կարեն Բաբաջանյանն այսօր զբաղվում է ավելի շատ անհատական պրոդյուսերությամբ, քան խմբակային: Ֆիզիկապես էլ չի հասցնում, քանի որ ավելի շատ զբաղվում է հեռուստահաղորդումներով, շոուներով, սերիալներով եւ այլն:

Ասենք, որ «32 ատամ պրոդաքշնից» առանձնացած ստեղծագործական խմբի պրոդյուսերությամբ զբաղվելու է Գարիկ Պապոյանը, իսկ խմբի տնօրեն է նշանակվել «32 ատամ» ակումբի ֆինանսական հարցերով զբաղվող նախկին տնօրեն Վլադիմիր Սահակյանը:

Ի դեպ, առանձնացած «ատամնաբույժները» ունեն նոր իրավաբանական հասցե՝ «ՎԻ-ԼԻԹ» ՍՊԸ, որով էլ այսուհետեւ հանդես կգան: Իսկ նոր անվան մասին առայժմ տղաները դեռ չեն էլ մտածել:

Գ. Պապոյանի խոսքերով՝ «այն առայժմ փոխելը մի քիչ անիմաստ է, քանի որ բոլորը մեզ ճանաչում են որպես «32 ատամ» ակումբի տղաներ: Բայց առաջիկայում չի բացառվում, որ կկատարվի անվանափոխություն»:

Այժմ տարվում են բանակցություններ՝ տարբեր հեռուստաընկերությունների հետ, չի բացառվում, որ տղաները կրկին վերադառնան «Արմենիա» հեռուստաընկերություն: Ըստ բանախոսների՝ իրենք ոչ մի հեռուստաընկերության հետ խնդիր չունեն:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կներկայացնեն «32»-ից առանձնացած տղաները՝ առայժմ հայտնի չէ: «Հաստատ չենք պատրաստվում փոխել մեզ 98 աստիճանով: Կպահպանվի բեմական ֆորմատը: Համոզված եմ, որ 100 տոկոսով մեր նոր մտահղացումները կզարմացնեն հեռուստադիտողին»,- ասաց Գ. Պապոյանն ու շարունակեց, որ հեռուստադիտողներից շատերն են սպասում «32»-ի ելույթներին: Նույնիսկ Եվրոպայում բնակվող հայերը իրենց նամակ են գրում:

Հավելենք նաեւ, որ առաջիկայում տղաների ծրագրերում կա շրջագայություն եվրոպական քաղաքներով: Կլինեն նաեւ համերգային ծրագրեր:

«Առավոտի» այն հարցին, թե վերջին շրջանում բավական ընկել էր «32 ատամ» ակումբի վարկանիշը, արդյո՞ք այն չի մտահոգում իրենց՝ Գ. Պապոյանը, ով ասուլիսի ամենակոմունիկալ բանախոսն էր, այսպես պատասխանեց. «Իհարկե՝ մտահոգում է: Մենք միշտ հետեւել ենք վարկանիշի ամպլիտուդներին: Եթե նույնիսկ այն իջնում էր, դա էլի հօգուտ մեզ էր լինում: Դա մեզ, կարելի է ասել, տալիս էր ստիմուլ՝ մեր վարկանիշը ավելի բարձրացնելու համար»:

Մի խոսքով, «ատամնաբույժները» թոշակի գնալ չեն պատրաստվում: Լի են ստեղծագործական էներգիայով ու հանրությանը ժպիտ պարգեւելու ցանկությամբ: Նշենք նաեւ, որ ասուլիսի ժամանակ «32»-ի մնացած մասնակիցները անհասկանալի պատճառով լուռ էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել