Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ԹԱՆԿ Է

Հունիս 25,2010 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային մրցաշարը դեռ չավարտված՝ սկսում են անհավանական իրադարձություններ կատարվել:

«C» խմբում փլեյ-օֆ անցնելու խնդիրը բաց էր մնացել մինչեւ խմբային պայքարի վերջին հանդիպումներում մրցավարների եզրափակիչ սուլիչը հնչեցնելը: Անգամ այն ժամանակ, երբ Անգլիան 1:0 հաշվով առավելության հասավ Սլովենիայի նկատմամբ ու թվում էր, թե մրցաշարային աղյուսակում երկրների վերջնական դասավորության հարցն էլ պարզ է, աներեւակայելի ցատկ կատարեց ԱՄՆ-ի հավաքականը: Մեկ անպատասխան գնդակ անցկացնելով Ալժիրի դարպասը՝ Բոբ Բրեդլիի սաները վաստակած միավորներով ոչ միայն հավասարվեցին Անգլիային, այլեւ գնդակների հարաբերակցությամբ շրջանցեցին նրան՝ խմբի ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանելով առաջին հորիզոնականում: Այս ամենի արդյունքում Սլովենիայի հավաքականը ստիպված եղավ հավաքել ճամպրուկները:

Սլովենիա-Անգլիա՝ 0:1, ԱՄՆ-Ալժիր՝ 1:0:

1. ԱՄՆ 3 1 2 0 4-3 5

2. Անգլիա 3 1 2 0 2-1 5

3. Սլովենիա 3 1 1 1 3-3 4

4. Ալժիր 3 0 1 2 0-2 1

Անչափ հետաքրքիր ընթացք ունեցան «D» խմբի եզրափակիչ հանդիպումները: Երկու առաջատարների՝ Գանայի եւ Գերմանիայի խաղի առաջին մեկ ժամում թիմերը միանգամայն հավասար պայքար էին մղում եւ կողմերից ոչ մեկին նախապատվություն տալ հնարավոր չէր: Ընդ որում, եթե 1-ին տեղում ընթացող Գանային բավարարում էր անգամ ոչ-ոքին, գերմանացիների համար հաղթանակն էր ցանկալի, որպեսզի հետո հույսը չդնեն զուգահեռ ընթացող Ավստրալիա-Սերբիա հանդիպումում իրենց ձեռնտու հաշվի վրա: Այս խաղի միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Գերմանիայի ընտրանու կիսապաշտպան Մեսուտ Օզլին: Ըստ էության, գանացիները պետք է որ ջանքեր գործադրեին գոնե հավասարակշռությունը վերականգնելու համար: Բայց տեղեկանալով, որ Ավստրալիա-Սերբիա հանդիպման 73-րդ րոպեին Կանաչ աշխարհամասի ներկայացուցիչները հաշիվը գլխավորում են երկու գնդակի առավելությամբ, ասես, ֆուտբոլից անցան շախմատի, որտեղ, հասկանալի է, անհրաժեշտ է ապագա քայլերը ճշգրիտ հաշվարկել: Եվ ստացվեց, որ Գանային արդեն պարտությունն էր ավելի ձեռք տալիս, քան հաղթանակը: Ինչո՞ւ: Որովհետեւ 1-ին տեղով 1/8 եզրափակիչ անցնելու դեպքում մրցակիցը լինելու էր Անգլիան, իսկ այս պարագայում փլեյ-օֆում հանդիպելու է «C» խմբի հաղթող ԱՄՆ-ի հետ, ինչն իրեն ավելի նպատակահարմար է:

Գանա-Գերմանիա՝ 0:1, Ավստրալիա Սերբիա՝ 2:1

1. Գերմանիա 3 2 0 1 5-1 6

2. Գանա 3 1 1 1 2-2 4

3. Ավստրալիա 3 1 1 1 3-6 4

4. Սերբիա 3 1 0 2 2-3 3

Երեկ կայացան եւս երկու խմբերի վերջին հանդիպումները:

«E» խումբ: Դանիա-Ճապոնիա, Կամերուն-Հոլանդիա:

«F» խումբ: Սլովակիա-Իտալիա, Պարագվայ-Նոր Զելանդիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել