Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ» ԵՎ «ԱԽՊԵՐԱԿԱՆ» ՕԲՅԵԿՏՆԵՐ

Հունիս 25,2010 00:00

Դարձյալ պատմամշակութային հուշարձաններն այլանդակելու հաշվի՞ն

\"\"

ՀՀ կառավարության պատուհաններից երեւացող «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հաեւանությամբ գտնվող հատվածը շատերի ախորժակն է գրգռում. այն երեւանյան չափանիշներով բարենպաստ տեղ է սրճարան կառուցելու համար: Ու պատահական չէ, որ բավական ժամանակ է շրջանառվում են հատկապես համերգասրահի պատուհանների մոտ եղած տարածքի վաճառքի վերաբերյալ լուրերը; Փաստենք, որ այնտեղ ժամանակին գործում էր բացօթյա սրճարան, որի սեփականատերը Սուրեն Արծրունին էր: Վերջինս ունի մինչեւ 2020 թվականը տեղում սրճարան աշխատեցնելու իրավունք ու համապատասխան փաստաթղթեր, մինչեւ 2015թ. ներառյալ՝ միայն բացօթյա սրճարան կարող է գործել: Այժմ նա տարածքը վաճառել է «777» ռեստորանային ցանցի սեփականատեր Ազատին, որը ցանկանում է փակ «օբյեկտ» կառուցել: Եվ եթե այդ ծրագիրն իրականացվի, շինարարության արդյունքում կաղճատվի ճարտարապետական հուշարձան համարվող համերգասրահի արտաքին տեսքը, 6 պատուհաններն էլ կփակվեն: Ավելին, օրինակ, համերգասրահում հնչող բաբաջանյանական «Նոկտյուրնին» գուցե թե կմիախառնվի «օբյեկտից» հնչող ռաբիսի հիթ «Իմ ախպերը»:

«Առավոտի» տեղեկություններով, ապագա «օբյեկտատերն» ունի մշակույթի նախարարության, մասնավորապես՝ ի պաշտոնե մշակութային հուշարձանների պահպանության պատասխանատու մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի «դաբրոն», թիկունքին էլ «ախպերությունն» է կանգնած: Ու քանի որ հուշարձան համարվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահի խնդիրը կարող է հասարակական լուրջ հնչեղություն ստանալ, Սամուելյանը, օբյեկտի շինարարության հարցը իր վրայից գցելու համար հասցեագրել է մշակույթի նախարարությանը կից գործող փորձագիտական խորհրդին, որը չնայած խորհրդակցական մարմին է, սակայն նրա եզրակացության հիման վրա նախարարը կարող է համապատասխան հրաման տալ: «Առավոտի» տեղեկություններով, անցյալ ուրբաթ օրը նախարարին կից գործող հանձնաժողովը երկու հարց է քննարկել, մեկը վերաբերել է կաթողիկոսի կողմից Գեղարդավանքի խորշերում կառուցվելիք «օբյեկտին», մյուսը՝ «Առնո Բաբաջանյանի» մատույցներում «ծլողին»: Այդ օրը այս խայտառակ մտահղացումներին դեմ են արտահայտվել միայն ճանաչված մտավորական Լավրենտի Բարսեղյանն ու Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Երեկ հեռախոսով պարոն Մինասյանն «Առավոտին» ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ երբ քաղաքապետարանի կողմից ինչ-ինչ թույլտվություններ են տրվում, հետագայում դրանք ի չարս են օգտագործվում»: Նրա խոսքով, ինչ-որ տեղ ընդունելի էր, երբ սրճարանը բացօթյա էր գործում, իսկ հիմնավոր կառուցվելու դեպքում այն փակելու է ճարտարապետական հուշարձան համարվող համերգասրահի պատուհանները: Նա բերեց ուսանողական այգում ընթացող շինարարության օրինակը՝ սկզբում այլ նախագիծ էր, հետո մեկ ուրիշը՝ ավելի «մոդեռն»: Գեղարդավանքում կառուցվելիք «կաթողիկոսական օբյեկտի» մասին էլ պարոն Մինասյանն ասաց. «Եթե անհրաժեշտություն կա հյուրանոց-ռեստորան կառուցելու, որը լանդշաֆտը չի փչացնելու եւ հուշարձանն արգելափակող գոտու մեջ չի մտնելու, սարսափելի ոչինչ չեմ տեսնում: Բայց մյուս կողմից էլ, չեմ կարծում, թե ուխտագնացության եկած մարդիկ այնքան կհոգնեն, որ կուզենան սենյակ վարձել ու մնալ: Հաստատ դա հետագայում այլ բանի է վերածվելու»: Ի դեպ, «օբյեկտաշինությանը» կողմ է արտահայտվել նաեւ մշակույթի նախարարի ստեղծած ՊՈԱԿԻ ղեկավարը՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Սերժիկ Առաքելյանը: Շատ կուզենայինք պարզաբանումներ ստանալ Արեւ Սամուելյանից ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Գագիկ Մանասյանից: Առաջինը անընդհատ ծառայողական տուրիզմի մեջ է, տվյալ դեպքում՝ Ֆրանսիայում, եւ կվերադառնա այսօր: Գ. Մանասյանն էլ երեկ ընդհանրապես հեռախոս չէր վերցնում, երկար զանգերից հետո էլ «անհասանելի» դարձավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել