Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիան առաջին անգամ կին վարչապետ ունեցավ

Հունիս 25,2010 00:00

Ավստրալիայում այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ վարչապետ է դարձել իգական սեռի ներկայացուցիչը: Հինգշաբթի օրվանից այդ երկրի կառավարությունը գլխավորելու է 48-ամյա Ջուլիա Գիլլարդը (նկարում): Նա վարչապետ է ընտրվել այն բանից հետո, երբ Ավստրալիայի նախկին վարչապետ Քեւին Ռադդը որոշում է ընդունել չառաջադրվել Ավստրալիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նախագահի պաշտոնում: Այդպիսի ընտրություններ անցկացվել են ներկուսակցական նիստում: Ռադդը իշխանության էր եկել 2007թ.-ին տեղի ունեցած ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելուց հետո: Նրա հրաժարականի պատճառներից մեկը Լեյբորիստական կուսակցության եւ կառավարության վարկի անկումն էր, որը, «Reuters»-ի մատուցմամբ, հոկտեմբերին կայանալիք ընտրություններում սպառնում էր կուսակցության պարտության պատճառ դառնալ:

«Ես խնդրել եմ իմ գործընկերներին՝ փոխել առաջնորդին, քանի որ կարծում էի, որ լավ կառավարությունը շեղվել էր իր ուղուց»,- հայտարարել է նոր վարչապետ Գիլլարդը՝ իր հրավիրած մամուլի ասուլիսում: Նա համարվել է Ռադդի գլխավորած կառավարության ամենահաջողակ ներկայացուցիչը, որն ընդունակ է առաջ տանել իր քաղաքականությունն ու դիմակայել քաղաքական ընդդիմախոսների հարձակումներին: Իր նշանակումից անմիջապես հետո Գիլլարդը խոստացել է հարթել տարաձայնությունները, որոնք կապված են բանավեճերի առարկա դարձած լեռնաարդյունաբերական ընկերությունների եկամտահարկի հետ, նաեւ ջերմոցային գազերի արտանետումների համար քվոտաներ սահմանել: Նախկին վարչապետի հրաժարականների պատճառներից մեկն էլ, ի դեպ, այն է եղել, որ նա, հակառակ իր խոստման, ուշացրել է երկրի խորհրդարան ներկայացնել բնապահպանությանն առնչվող օրենսդրական փաթեթը:

Փորձագետները ակնկալում են, որ Գիլլարդը լուրջ փոփոխություններ կմտցնի նաեւ Ավստրալիայի արտաքին քաղաքականության մեջ, թեեւ նոր վարչապետն այդ ոլորտում պակաս փորձառու է, քան՝ նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել