Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթական» սկանդալներ՝ աշխարհում

Հունիս 25,2010 00:00

Թեստերի արտահոսք եւ խայտառակ քննություններ

«ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ, վերջերս Վորոնեժում ձերբակալվել է միասնական քննությունների կազմակերպիչներից մեկը: 25 000 ռուբլով նա վաճառել էր թեստերի լուծված տարբերակները: Տիկինը, որ նաեւ քննական կենտրոնի անդամ էր, մի քանի մասնագետի հրահանգել էր լուծել թեստերը «ներսում», որոնք հետո բաժանվել էին «մուծված» ծնողների զավակներին: Ի դեպ, վերջիններիս թվում եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների երեխաներ: Այժմ գործ է հարուցվել ՌԴ Քրօրի 285 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Անցյալ տարվա միասնական քննությունների կասկածելիորեն բարձր արդյունքներն էլ Հյուսիսկովկասյան ռեգիոնում են մտահոգիչ եղել, եւ դրանց անցկացումը համակարգել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Պ. Խլոպոնինը: Նա հայտարարել է ԶԼՄ-ներին, թե փաստեր ունեն, որ թեստերը՝ պատասխաններով, վաճառվել էին 300 000 ռուբլով: Այս տարի Ռոստովի մարզում ռուսաց լեզվի միասնական քննությունների ժամանակ են աղաղակող խախտումներ գրանցվել, իսկ Աստրախանում՝ մաթեմատիկայի: Ուֆայում էլ երեխաները բջջայիններով միմյանց են ուղարկել պատասխանները, չնայած ոմանք «բռնվել» են:

Թաթարստանում եւ Բուրյաթիայում թեստերի արտահոսք է տեղի ունեցել, քննությունից առաջ դրանք հայտնվել են որոշ սոցիալական ցանցերում:

Ի դեպ, մի քանի տարի առաջ էլ Հունգարիայում են նման դեպքեր եղել, սակայն այս երկրի կրթության նախարարը, չնայած հասարակական ճնշմանը, հրաժարական չի տվել:

Սեքսուալ նախարարներ

Իտալացիներն այն կարծիքին են, որ կառավարությանը կանացի քնքշություն է անհրաժեշտ, դրա համար էլ կազմը համալրել են երիտասարդ, գեղեցիկ կանանցով: Օրինակ, 35-ամյա Մարիա-Ստելլա Ջելինին գլխավորում է կրթության ոլորտը, 44-ամյա Սթեֆանիա Պրեստիջակոմոն շրջակա միջավարով է զբաղվում, 31-ամյա Մարա Կարֆանիան հավասար իրավունքների եւ հնարավորությունների նախարարն է, իսկ 41-ամյա Մարիա-Վիտորիա Բրամբիլան տուրիզմի ոլորտն է համակարգում: Իտալական էրոտիկ ֆիլմերի ստեղծող Տինտո Բրասսին ուրախացրել են այս նշանակումները եւ նա որոշել է հատուկ մի ֆիլմ նկարել, որի գլխավոր դերը որոշել է վստահել Իտալիայի կրթության նախարարին: Ի դեպ, մի սոցհարցման արդյունքում պարզվել է, որ իտալացիները նրան համարում են ամենասեքսուալը:

Եվրոպատուհանների պատճառով

Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Վասիլի Ջարտին խոստանում է աշխատանքից ազատված կրթության եւ գիտության նախարար Վալերի Լավրովին վերականգնել աշխատանքում, եթե նա դուրս գա Կոմկուսից: Վերջինի տեղական լիդեր, նախարարների խորհրդի անդամ Վյաչեսլավ Զախարովն էլ ԶԼՄ-ներին ասել է, որ Ջարտին Կոմկուսի երեք անդամներին, որոնք պոստեր ունեն տեղական իշխանությունում, ազատել է «պատուհանային» սկանդալից հետո: Նրա տեղեկացմամբ, Ղրիմի կանաչապատման ծրագրով նախատեսված 800 000 եվրոն, որ պետք է տենդեր շահած շինարարական կազմակերպության միջոցով ծառայեցվեր տեղի դպրոցների եվրոպատուհանների ձեռքբերմանը, նպատակին չի ծառայել: Կրթության նախարարին ստիպել են առանց տենդերի՝ գործի գլխին դնել Ջարտիի մերձավորին, նախարարն էլ չի համաձայնել եւ հրաժարական է ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել