Կարծում է Լեզվի պետական տեսչության նախկին աշխատակիցը
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի նախկին պետ Հովհաննես Սարոյանը խոսեց կրթությունից մինչեւ առօրյա խոսքի մաքրության խնդիրների մասին:
Ըստ նրա, լեզվի մաքրության խնդրի սլաքը չպետք է ուղղել միայն դպրոցների վրա:
«Մեզ մոտ կրթության որակը դրված չէ այն մակարդակի, որ անգամ բարձր մասնագիտական կրթություն ստացող բանասերը, բացի իր մայրենի լեզվից, գոնե երկու լեզու խորությամբ կարողանա տիրապետել: Ինքս, բանասեր լինելով, փաստում եմ, որ Հայաստանում հազվագյուտ մարդ կգտնեք, որ կատարյալ տիրապետում է հայոց լեզվին»,- ասաց նա:
Նախկին պետը կամ, ինչպես ինքն իրեն կոչեց՝ չինովնիկական աշխատանքով զբաղվողը, խոսեց նաեւ օտարալեզու դպրոցներից. «Դեմ եմ այնքանով, որ այդ դպրոցները չպետք է խարխլեն մեր լեզվի հիմքերը։ Բայց դեմ չեմ օտար լեզուների ուսուցմանը: Միայն՝ դրանք չպետք է վնասեն մայրենի լեզվին: Հարկավոր է ոչ թե օտարալեզու դպրոցներ բացել, այլ պարզապես խորացնել օտար լեզուների ուսուցումը հայկական դպրոցներում»:
Նրա խոսքով՝ «Հիմա չարժե մտածել, թե քանի դպրոց են դարձնում օտարալեզու, այլ պետք է ուշադրության արժանացնել, թե քանի աշակերտ է դառնում օտարալեզու դպրոցի սան: Սոցիալական բեւեռվածություն է ստեղծվելու հասարակությունում, որն առանց այն էլ կա: Հայի բնավորությունն այնպիսին է, որ իր երեխային կտանի օտարալեզու դպրոց, որովհետեւ դա «էլիտար» է, իսկ այն խավը, որը չունի ֆինանսներ, ի՞նչ անի: Պահանջարկ լինելու է, դա փաստ է: Այդ դպրոցները լի են լինելու աշակերտներով: Հիմա չորս կողմից ասում են՝ պետք է խորացնենք օտար լեզուների ուսուցումը: Ինչո՞ւ ենք այսքան մեզ տանջում: Ի սեր Աստծո, դրանք կան, ստեղծված են. ցանկացած պետական դպրոց վերցրեք՝ այնտեղ մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզվին, անգլերենին: Կարեւոր է օտար լեզուների ուսուցումը, անգամ թուրքերեն պետք է խորացված ուսումնասիրել: Ասում են՝ թշնամուդ լեզուն պետք է լավ իմանաս: Այդ ինչպե՞ս է՝ Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունում հայոց լեզվի ուսումնասիրությունը դարձել է պարտադիր առարկա: Մտածում են, չէ՞: Իսկ մենք ընկել ենք ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն դպրոցների ետեւից: Թող լինեն, բայց մեկ-երկու հատ»:
Հ. Սարոյանը պատմեց, որ իր աշխատելու տարիներին հայտնաբերել է նույն մարդու երկու ծննդյան վկայական. «Ծնողը փոխել էր իր ծննդյան վկայականը՝ ռուս դարձել, որ երեխային թույլ տային ռուսական դպրոց գնա: Սա ազգափոխություն է: Մտածում եմ, որ էլի հայ ծնողները կփոխեն իրենց ծննդյան վկայականներն ու այդպես անգլիացի կդառնան»:
Ըստ Հ. Սարոյանի, կրթության բնագավառում միայն օտարալեզու դպրոցների բացումը խնդիր չէ. «Օրինակ՝ ես դեմ եմ ավագ դպրոցների բացմանը: Թող լինեն, բան չունեմ ասելու, բայց մեկ-երկու ավագ դպրոց, իսկ մնացած 1400 հանրակրթական դպրոցներին մի՛ զրկեք միջնակարգ կրթության փաստաթուղթ տալու հնարավորությունից»:
Հարցին` ինչո՞ւ Լեզվի պետական տեսչությունը «Լեզվի մասին» օրենքում կատարվող փոփոխություններին եւ օտարալեզու դպրոցների վերաբացմանը չի արձագանքում, պարոն Սարոյանն ասաց. «Ոչ թե չի արձագանքում, այլ համարժեք չի արձագանքում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին, որովհետեւ ոչ ոք իր տեղում չէ՝ սկսած «վերեւներից»։ Մեր օրենսդիրը կարող է կատարյալ օրենքներ ընդունել, բայց երբ ինքը չի հետեւում դրանց, ամեն ինչ դառնում է անիմաստ»։