Փարիզում բնակվող հայ ֆիզիկոս-ֆինանսիստ Արթուր Բերդի «խոստովանությունները»
Ֆիզիկայից, տիեզերագիտությունից մինչեւ ֆինանսներ: Սա Փարիզում բնակվող հայ ֆինանսիստ, ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից մեկը համարվող Արթուր Բերդի մասնագիտական ուղին է: Նա այժմ մի քանի օրով հյուրընկալվել է Հայաստանում՝ «Այբ» դպրոցի գործարկման առիթով: «Առավոտի» բացառիկ հարցազրույցում ֆինանսիստ-ֆիզիկոսի հետ զրուցեցինք հայաստանյան ներկա իրավիճակից, գիտնական-կառավարություն հարաբերություններից եւ այլնից: Պարոն Բերդից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ճակատագրի արժանացավ «Մենք ենք, մեր սարերը» նախագիծը, որն աջակցում էր երիտասարդ նկարիչներին: Զրուցակիցս պատասխանեց. «Դա անձնական նախաձեռնություն էր, որի միջոցով կազմակերպեցինք Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսները Նյու Յորքում, որոշ գրքեր թարգմանվեցին: Այն երբեք հիմնադրամ կամ կազմակերպություն չի եղել, այլ կոնկրետ ծրագրերի իրականացման անձնական նախաձեռնություն»: Հղում անելով այն բազում արվեստագետներին ու գիտնականներին, որոնք պնդում են, թե արվեստին, գիտությանը վերաբերող ծրագրերը ոչ թե պիտի լինեն անձնական նախաձեռնությամբ, այլ պետական աջակցությամբ, Ա. Բերդին խնդրեցինք իր կարծիքն արտահայտել. «Համոզված չեմ, որ պիտի ամեն ինչ պետության ուսերին դրվի՝ հատկապես արվեստի եւ այն բնագավառներում, որտեղ անձերն իրենց գաղափարներն ունեն: Կարծում եմ՝ ոչ թե այդ գաղափարները պիտի պետությունն իրագործի, այլ պայմաններ ստեղծի այդ նախաձեռնությունների իրականացումը հեշտացնելու համար»:
Իսկ հայ գիտնականներից շատերի այն դիտարկման մասին, թե եթե պետությունը չի օգնում, գոնե չխանգարի, ֆինանսիստ-ֆիզիկոսն ասաց. «Ինձ թվում է՝ գիտությունը, անշուշտ, շատ կարեւոր բնագավառ է մարդկության համար, բայց երկրները պիտի իրենց ուժերին համաչափ վարվեն այս ոլորտում: Օրինակ՝ ինձ չի թվում, որ Հայաստանի համար այդքան կարեւոր է՝ ֆիզիկայի բնագավառում բազում միլիոնների ծախսերի հետ կապված հետազոտություններ արվեն, որը Հայաստանին անմիջական օգուտ չի բերի: Իհարկե, եթե լիներ իդեալական տարբերակ, լավ կլիներ: Բայց այս պարագայում, երբ գիտությանը հատկացվող միջոցները անսահմանափակ չեն, խորհուրդ կտայի, որ պետությունը միջոցները փորձեր ավելի կենտրոնացնել այն նախագծերի վրա, որոնք Հայաստանին անմիջապես օգտակար լինեն: Օրինակ՝ փոխանակ ավելի ուշադրություն դարձնեն միջուկային ֆիզիկային, անեն այս բնագավառում խորը հետազոտություններ, ավելի լավ է անեն կիրառական հետազոտություններ, ինչն անհրաժեշտ է մեր ատոմակայանի ապահովության համար: Ես գործել եմ տեսական ֆիզիկայի բնագավառում եւ կարծում եմ, որ պետք է որոշ մարդիկ դրանով զբաղվեն, բայց նաեւ համոզված եմ, որ անպայման չէ՝ հազարներով ֆիզիկոսներ լինեն: Այժմ կան ժամանակակից ոչ միայն ֆիզիկական կամ քիմիական, այլեւ բիոտեխնիկական եւ այլ կիրառական բնագավառներ, որոնք 21-րդ դարի համար շատ ավելի կարեւոր են եւ, օրինակ՝ բիոտեխնոլոգիայի լաբորատորիա ստեղծելու համար միգուցե ավելի քիչ ներդրում է պետք, քան որեւէ միջուկային լաբորատորիայի համար»:
Մեր այն հարցին՝ չի՞ վախենում, որ հայ ֆիզիկոսներն իրենից նեղանան, Արթուր Բերդը պատասխանեց. «Ոչ: Գիտության առաջնահերթությունները պիտի պետությունը որոշի՝ շուրջ 10-20 տարվա ժամանակաշրջանի համար»:
Հետաքրքրվեցինք՝ մեղքի զգացում չունի՞, որ ՀՀ-ից հեռացել եւ չի վերադարձել: Զրուցակիցս պատասխանեց. «Ժամանակին, երբ Հայաստանից մեկնեցի Ռուսաստան, Խորհրդային միության ժամանակաշրջանն էր, ըստ էության՝ նույն երկրում էի: Հետո ԱՄՆ մեկնեցի, քանի որ ուզում էի ֆիզիկայի ուղղությամբ շարունակել եւ իմ գիտական ղեկավարն այնտեղ էր: Այսինքն՝ ամեն որոշում կոնկրետ տրամաբանության հետեւանք էր, չկար նպատակ անպայման այստեղից հեռու լինելու: Ուրախ եմ, որ «դրսում» ունեմ հնարավորություն՝ ընկերներիս հետ որոշ գործեր անել, որոնք Հայաստանի համար կարեւոր կլինեն»:
Հայաստանյան չափից ավելի քաղաքականացված մթնոլորտի եւ մտավորականների՝ քաղաքական կուսակցություններին անդամագրվելու մասին էլ Փարիզում բնակվող հայ ֆիզիկոս-ֆինանսիստն ասաց. «Հայաստանում միշտ էլ տարբեր խաղերի եւ խմբերի միջեւ իրարից անբավարարվածություն է եղել, դա նորմալ է: Ուրախ եմ, որ Հայաստանում վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում, Ուկրաինայում կամ Մոլդովայում: Բայց դեռ Հայաստանը չէի համեմատի Ֆրանսիայի հետ: Երկրորդ հարցին պատասխանել դժվարանում եմ: Այժմ իմ գաղափարներից ելնելով ասում եմ, որ ես չէի դիմի նման քայլի, բայց չեմ կարող ասել, եթե ապրեի Հայաստանում՝ գուցե այլ կերպ մտածեի»: