Ազգագրագետ Ժաննա Խուրշուդյանը:
Գորգերի վաճառք՝ Վերնիսաժում:
Երգիչ- քամանչահար Վլադիկ Ստեփանյանը:
Մետրոպոլիտենի «Հանրապետություն» կայանից դեպի Վերնիսաժ էի շտապում։ Մտածում էի, որ արագ կանցնեմ յուրօրինակ շուկան ու կքայլեմ դեպի Գրիգոր Լուսավորչի տաճարը, Ոսկու շուկան, որոնց տեղում քրեական աշխարհին հայտնի Նարիմանովի եւ Կրիվոյ փողոցներն էին։ Մետրոյի աստիճաններին նստած մարդը քամանչա էր նվագում ու Սայաթ- Նովայի «Աշխարքումս ախ չիմ քաշի»- ն երգում։ Մեղեդին ու 17- րդ դարի երգի խոսքերը անդրադառնում էին սպիտակ սնկի բծերով տուֆակերտ պատերից, քաղցրացնում անցորդների լսողությունը։ Ետ եկա, մետաղադրամ գցեցի քամանչայի բաց պատյանի մեջ։
– Ո՞վ եք, պատմեք ձեր մասին,- դիմեցի ես։
– Մեծ սիրով,- պատասխանեց երաժիշտը,- որովհետեւ ճանաչում եմ ձեզ. մի ամիս առաջ հեռուստատեսությամբ պատմել եք քեռուս՝ «Լրաբերի» աշխատակից Հաղթանակ Պողոսյանի մասին։
– Ուրեմն ղափանցի եք։
– Իհարկե, Վլադիկ Ստեփանյան, ժամանակին նվագել եմ Ղափանի մշակույթի պալատի համույթում, Քաջարանի մշակույթի տան երգի- պարի խմբում։ Քառասուն տարի սա է իմ արհեստը։ Վիրահատությունից հետո ոտքերս թուլացել են, իսկ մարդկանց համար չնվագել չեմ կարող։ Էսպես մի կերպ օրվա հաց եմ աշխատում։
Ծառուղիների երկու կողմերում, գետնին հազար ու մի գործիքներ, օգտագործված կենցաղային սարքերի մասեր են շարված։ Անցորդի հայացքը մեկ առ մեկ սահում է մասերի վրայով։ Ուզում եմ տեսնել բոլորը, գտնել նրանց ճակատագիրը, կարդալ վաճառողի մտքերի հոսքը։
– Ասա՛,- հրահանգեց սափրվելու սարքերի մասեր վաճառողը։
– Սափրելու սարքը երկրորդ հարկից ցած է ընկել…
– Հա, մի երկու մաս կորել է,- լրացրեց վաճառողը,- դու ֆիրման ասա։
– «Ֆիլիպս»։
– Դա երկու կողմ ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ։ Լավագույն ֆիրման է, բայց եթե մի մաս կորցրիր՝ ամբողջ սարքի գնով են վաճառում։ Ավելի լավ է նույն փողով նորը գնես։
– Շնորհակալություն խելացի խորհուրդ տալու համար,- ասացի ես։
Վաղեմի ծանոթիս հանդիպեցի, որը հին, վաղուց առօրյա գործածությունից, ժամանակակից տեխնոլոգիաների կողմից դուրս մղված նվագարկիչի ասեղ էր փնտրում։
– Հետաքրքիր է,- ասացի ես,- DVD- ների դարում պատեֆոն ես բանեցնո՞ւմ։
– Ախր ի՞նչ անեմ, 180 հատ ձայնասկավառակ էր տվել մի ընկեր, հին նվագարկիչս եմ ուզում գործածել, ուզում եմ մաքուր, բնական երաժշտություն լսել, բայց չփչացած ասեղ չեմ գտնում…
Պետք է անցնեի Հանրապետության փողոցը, երբ ծանոթ ժպիտ կանգնեցրեց ինձ։
– Ես գազօջախի անջատիչ եմ փնտրում, իսկ դու այստեղ ի՞նչ ես անում,- հարցրեց գրականագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Գրիգորյանը։
– Ես ճամփորդում եմ Նուբարաշենից մինչեւ Վահագնի թաղամաս, հիմա ուզում եմ պոկվել Վերնիսաժից, ու ոչ մի կերպ չի ստացվում։ Հազիվ ինձ զսպեցի Կառավարական տուն մտնելու գայթակղությունից։ Եթե այսօր Վարդան Մամիկոնյանի արձանին հասնեմ, լավ կլինի։
– Իսկ ես կարծում եմ, որ եթե քեզ հանդիպել եմ, ուրեմն անպայման կգտնեմ այս մասից, թե չէ՝ գազօջախը չենք կարողանում միացնել։
– Ուրեմն ոտքս է քննություն հանձնողը եւ ոչ թե Վերնիսաժը,- կատակով ասացի ես ու անցա փողոցը։ Ակադեմիկոսի համար երեւի հետաքրքիր դիպված է գազօջախի եռանկյուն անցքով անջատիչի որոնումը։ Կարեւոր է, որ գիտնականները, գրողները, արվեստի մշակները մի պահ կտրվեն իրենց աշխարհից ու Վերնիսաժում կապվեն կյանքին, կենցաղի մեջ ներխրվեն։ Բայց ի՞նչ կլինի, եթե մեր սիրելի գրականագետը չգտնի իր հին գազօջախի անջատիչը։ Հիշում եմ, երբ նոր գնած կոշիկս սեղմում էր ոտնաթաթս, ինձ ամենադժբախտ մարդն էի համարում։ Ընկերս կորցրել էր ավտոմեքենայի պետհամարանիշը, այն պոկվել, ցած է ընկել ինչ- որ տեղ, նա ոչ մի կերպ չէր կարողանում վերականգնել, նորը ձեռք բերել, ու այդ հռչակավոր արվեստագետն իրեն ամենադժբախտ եւ անհաջողակ մարդն էր համարում։
Հին կարպետների կտորտանքներով պատրաստած պայուսակների ու գլխարկների մոտ ինձ հառած ծանոթ դեմք տեսա։ Աչքերի մեջ թախիծի ծով էր։ Հիշեցի նրա երբեմնի կենսուրախ, ծիծաղկոտ դեմքը։ Ազգագրագետ Ժաննա Խուրշուդյանն էր։
– Ի՞նչ ես կարծում, ազգային մշակույթն այստեղ մեռնո՞ւմ է, թե՝ ապրում։
– Իհարկե, այն այստեղ է նոր շունչ ստանում։ Այս պայուսակները, գլխարկները մի՞թե դրա ապացույցը չեն,- պատասխանեց ազգագրության մասնագետը,- դիմացի բաժնում այն նրբահյուս սփռոցը տեսնո՞ւմ ես, իսկական գլուխգործոց է, գնով մի որոշիր, հեղինակը ստիպված է վաճառում։ Իսկ գուլպաները ամբողջությամբ ազգային են։
– Չլինի՞ թե եկել ես, որ ուսումնասիրես շուկայի պահանջարկն ու ինքդ էլ մի բան գործես։
– Ո՞ւր է, թե նման առողջություն ունենայի։ Նայում եմ շուրջս ու երբեմն ցավ եմ զգում, որ մշակութային կարեւոր արժեքները վաճառվում ու երկրից դուրս են տարվում։ Ասեղնագործ ժանյակներ կան այստեղ, որոնք չպետք է վաճառվեն։ Տես, վիշապագորգ է կախված։ Այն ազգային հարստություն է, բայց տերը, որին ժառանգություն է մնացել նախնիներից կամ ձեռք է բերել ուրիշից, վերավաճառում է։ Ես եղել եմ Բաքվի գորգերի թանգարանում, որտեղ հավաքածուի 90 տոկոսը հայկական է։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները պետական հատուկ ծրագրով բեռնատարներով շրջում էին արցախյան գյուղերով, էժան գնով ձեռք բերում գորգերն ու կարպետները։ Հիմա հսկայական հարստություն են կուտակել Բաքվի թանգարանում։
– Ու այդ ամենը որպես «ադրբեջանական» է ներկայացվում։
– Նրանք այդ թեմայով աշխարհի լեզուներով տասնյակ շքեղազարդ ալբոմներ, ուսումնասիրություններ են տպագրել։
– Դա արել են, որովհետեւ մենք չենք արել։ Տիրացել են մեր ազգային մշակույթին։
– Դա մշակութային ագրեսիա է։
– Հողն ուզում են, դրա հետ էլ վերցնում են մշակույթը, ուրիշի պատմությունը… Հիշում եմ, Ժաննա, հսկայական կենցաղային մագնիտոֆոնը շալակած գյուղից գյուղ, թաղից թաղ, տնից տուն էիր գնում Արցախում, ձայնագրում մեծահասակների զրույցները, երաժշտությունը, բանահյուսությունը։
Զրուցակիցս մի պահ լռեց, ասես հիշողության մեջ ինչ- որ մոռացված շերտ էր փնտրում։
– Մեծ մասը կորել է,- տխուր շշնջաց նա։
– Քանի՞ գյուղ ես ուսումնասիրել։
– Վաթսունչորս գյուղ։ Մնացել էին Տոնաշենը, Չայլուն, Չլդրանն ու Հարությունագոմերը, որ ամբողջացնեմ։
– Պատերազմի ժամանակ հնուց եկող բանահյուսության, ազգագրության զգալի կորուստներ ենք ունեցել, որոնք այլեւս չենք կարող վերականգնել։ Իսկ քո ուսումնասիրությունները այսօր անգնահատելի օգնություն կլինեին մեր մշակույթի արցախյան հատվածին։ 1983 թվականին արցախյան ազգագրության մասին հսկա հաղորդում էիր պատրաստել, վերջապես, հոդվածներ էիր գրում, գիտաժողովներում ելույթներ ունենում։
– Հաղորդումը պատրաստելու համար մոբիլիզացրել էի ողջ արցախյան մշակույթի գործիչներին, այաներին ու պապիկներին։ Չայլուից եկավ հռչակավոր լարախաղաց Արշավիրը, հարյուրավոր ասմունքողներ… Դա Հայկական հեռուստատեսության առաջին խոշոր նկարահանումն էր Արցախի մշակույթի մասին։
– Այդ մասին ես գրել եմ իմ «Հարյուր տարվա երկխոսություն» գրքում։
– Գիտեմ։ Կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովը բողոքեց, որ Հայաստանից ԼՂԻՄ- ի խմբեր չեն հրավիրում։ Ինքս ազգագրական խմբեր կազմակերպեցի, որոնք ելույթներ ունեցան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հիշում եմ՝ դու էլ էիր այնտեղ։ Վեց հարյուր տետր է կորել, հասկանո՞ւմ ես, գողացել են, ու ես խելքի չեմ գալիս…
– Գողացել են ու իրենք տիրացել, մշակել ու հրատարակե՞լ… Իմ աշխատությունը իմ պատվիրատուն, որ իրանցի է, յուրացրել է, Իրանում դոկտորական պաշտպանել։
– Ո՞ւր է, թե այդպես լիներ։ Գողացողը չի էլ իմացել, թե ինչ հարստություն է դա մեր ժողովրդի համար։ Մի մասը ցուրտ տարիներին այրել են վառարանում։
– Պատմիր այդ մասին։
– 1992 թվականին ես հայրենի գյուղում՝ Հաթերքում էի։ Պատերազմից վնասվել էր մեր տունը, ու ազատագրումից հետո փորձում էի տեսքի բերել այն։ Ինձ հայտնեցին, որ երեւանյան իմ բնակարանում ջրերը սառչել են, ու պայթել են խողովակները։ Գյուղի մեր հարեւան Միշա Առաքելյանը հաճախ էր Երեւան գնում- գալիս, խնդրեցի, որ իր հետ բերի իմ հավաքած նյութերը, քանի որ ինքս գնալու հնարավորություն չունեմ։ Եվ ահա եկավ ու հայտնեց, որ բերել է, իրենց տանն է։ Տեսա՝ տետրերը հերթով գցում են վառարանն ու այրում։ Հետո տեղեկացա, որ երեւանյան ԲԳՇ- ի աշխատակիցները բացել են բնակարանիս դռները, ինչ- որ աշխատանք կատարել, սակայն փակելիս չեն զմռսել այն։ Դիմում եմ Մարտակերտի միլիցիայի բաժին, ասում են՝ Երեւանից արձանագրություն պետք է բերեմ, որ գործ բացեն։ Երեւանում Շահումյանի միլիցիայի քրեական բաժնի պետ Յուրա Դավթյանին հայտնում եմ, որ տունս թալանել են։ Ինձ հետ գալիս է թաղային Յուրա Հակոբյանը, տեսնում ենք, որ դուռը սոսնձված է թղթով, գտնում ենք ԲԳՇ- ի աշխատակից Մայիս Հովհաննիսյանին, որը մեր գյուղացի է, բացում ենք դուռը, ստուգում եմ թաքստոցը, որտեղ փող՝ 1000 ԱՄՆ դոլար էի պահում, ոչինչ չեմ գտնում։ Ներքեւի բնակիչը բողոքում է, որ իմ բնակարանից իրենց վրա ջուր է թափվում։ Ոչ մի արձանագրություն չեն կազմում, սակայն ինձ հետ գալիս են Հաթերք, մի կես ժամ են մնում, ընկույզ, միրգ, ինչ կար՝ լցնում են իրենց մեքենան, ինձ թողնում են Մարտակերտում ու իրենք հեռանում։ Ցավից տնքում եմ։ Այդ տետրերը մեր ժողովրդի հոգու ճիչերն են։
– Ո՞ւմ ես դիմել։
– Դիմել եմ շրջանային միլպետին, դատախազին, ՀՀ ոստիկանությանը։ Մինչեւ հիմա ոչ մի պատասխան չեմ ստացել։ Երբ դիմում եմ ոստիկաններին, ասում են՝ տետրերդ աղբանոցում ենք տեսել։