Ախալցխա քաղաքի հայ համայնքը նամակով դիմել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ մտահոգություն հայտնելով Մանուկ քահանա Զեյնալյանին Թբիլիսի տեղափոխելու՝ Սրբազանի որոշման կապակցությամբ եւ խնդրել քահանային թողնել Ախալցխայում:
Ըստ նամակագիրների. «Մեր խորին համոզմամբ, Մանուկ քահանա Զեյնալյանի տեղափոխությունը ուղղակի կապ ունի վերջին շրջանում Ախալցխայի Սբ. Երեւման (Սբ. Խաչ) եկեղեցու շուրջ տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ, քանզի Մանուկ քահանան մեր այն եզակի հայ հոգեւորականներից էր, որը հանուն հայկական հուշարձանի պահպանման՝ չկարողացավ չարձագանքել հայ կաթողիկե եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Այն օրվանից, ինչ տեր Մանուկ Զեյնալյանը նշանակվեց Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա, մեր ժողովրդի մոտեցումը եկեղեցու հանդեպ կտրուկ փոխվեց: Ներկայումս Ախալցխա քաղաքում եկեղեցի հաճախողների թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան Սամցխե-Ջավախքի որեւէ քաղաքում կամ գյուղում: Ժողովրդի շրջվելը դեպի մեր հայկական մայր եկեղեցին՝ չի կարող ուրախություն եւ ոգեւորություն չառաջացնել Սամցխե-Ջավախքի նման մեկուսացման մեջ հայտնված տարածաշրջանում, երբ ամենուր արդեն կամաց-կամաց հայկականի ծարավ ու կարիք է զգացվում: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի նախաձեռնությամբ 2008թ. ապրիլից կազմակերպվեց քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարսպի շինարարությունը, շնորհիվ որի՝ եկեղեցու տարածքը փակվեց եւ տարանջատվեց շրջակա փողոցներից, իսկ 2009թ. եկեղեցին գրեթե ամբողջությամբ վերանորոգվեց:
Խնդրում ենք Ձերդ Սրբությանը օգնել մեզ՝ տեր Մանուկ քահանային Ախալցխայից Թբիլիսի չտեղափոխելու հարցում»:
Մնում է զարմանալ, թե ինչու է Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել այլ քաղաք հոգեւոր ծառայության ուղարկել սիրված եւ ընդունված հոգեւորականին: