Այս տարվա ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, ըստ որի՝ պետական հողերը անցնելու են համայնքներին: Ու սկսվեցին բողոքները: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Աստղաձոր գյուղերի բնակիչները գյուղապետերի գլխավորությամբ հասել էին մայրաքաղաք՝ նախագահի նստավայր ու ԱԺ, բողոքելու նոր բաժանումից, որը, ըստ իրենց, անարդար է, հարեւանները շատ են ստանում ու ստանում են այն հողերը, որ արդեն 15 տարի իրենք են մշակում: Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղապետն էլ նույն բողոքը հասցրել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Բոլորը պնդում են, որ նախագծի մշակման ժամանակ իրենց չեն լսել, իրենց կարծիքը չեն հարցրել, Երեւանում նստած ու վիճակին անտեղյակ՝ քարտեզ են գծել: Քարտեզ գծողը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ու հենց այս կառույցից փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Բայց չհաջողեցինք, որովհետեւ պետական, այլ խոսքով՝ հարկատուներիս հաշվին գործող կառույցի cadastre.am պաշտոնական կայքում, որտեղից այցելուներին ողջունում է կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, նշված տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 56 74 62 հեռախոսահամարը շաբաթվա սկզբից համառորեն լռում է: Ուստի նպատակահարմար գտանք հրապարակել Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցերը:
ա) Ինչո՞ւ գյուղապետերի հետ չեք քննարկել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:
բ) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում Գայ գյուղի բողոքի քննարկման ժամանակ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Ֆելիքս Բաշոյանը մեր թղթակցի հարցի ի պատասխան ասել է, թե մտադիր չեն նոր փոփոխություններ նախաձեռնել, եթե համայնքները դժգոհ են, թող մենակ կամ մարզպետարանների օգնությամբ դիմեն ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին: Ինչո՞ւ չեք ուզում հրաժարվել մի բանից, որ բողոքի եւ կառավարությունից դժգոհելու առիթ է դարձել:
գ) Հայաստանի քաղաքացիները դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը, Սյունիքում ուրանի հանքերի շահագործմանը: Դժգոհ են նաեւ վարչատարածքային նոր բաժանումից: Մարդիկ իրենց դժգոհությունը կարող են արտահայտել 2012-ի ԱԺ ընտրություններում՝ Հանրապետական կուսակցությանը ոչ մի մանդատ չվստահելով: Դատելով բողոքների առատությունից, այս հեռանկարը բավականին իրական է: Այդ դեպքում ի՞նչ եք անելու եւ ինչպե՞ս եք նայելու ձեր կուսակցական ղեկավարների աչքերի մեջ: