Հնագետ Ֆիրդուս Մուրադյանի կարծիքով, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները ավերում եւ ոչնչացնում են պետության անուշադրությունն ու գանձագողերը:
Ջուղայի խաչքարերը կոտրող ազերու ձեռքը բռնող չեղավ, տեղում հայ չկար, Հայաստանում հայեր կան, բայց…
Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2009 թվականի փետրվարի 5-ին, «Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր» հրապարակմամբ անդրադարձել ենք Հայաստանում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անընդունելի եւ անհասկանալի վերաբերմունքին: Հաշվի չառնելով հողերի շերտերում առկա հազարամյա պատմությունը, պետությունն ու համայնքները արտոնում են դրանց սեփականաշնորհումը: Պատմություն ամբարած հողերի ոչ փոքր մասը վաղուց արդեն մելիորացվել է՝ բացառելով կամ գրեթե բացառելով հետագա պեղումների հեռանկարը: Ցավալի է, որ պետության անուշադրությունը զուգորդվում է պաշտոնյաների անձնական շահի հետ: Օրինակ, Արմավիրի մարզում, Մեծամորից մինչեւ Լեռնամերձ՝ պատմականորեն արժեքավոր տարածքը դուրս չի մնացել սեփականաշնորհման ցուցակից: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այս տարածքից մի քանի հարյուր հեկտարների հասնող հողեր ունեն Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, հանրապետական Երվանդ Զախարյանը, ֆինանսների երբեմնի նախարար, հանրապետական Վարդան Խաչատրյանը, «Արցախ ալկո» ընկերությունը:
Պատմամշակութային հուշարձանները փրկելու՝ հնագետների ահազանգերն առայժմ անարդյունք են: Հայաստանում հուշարձանների պահպանությունը բարձիթողի վիճակում է: Դրա վկայությունը պետության անտարբերությունից ոչնչացող պատմական հուշարձաններն են, որոնք հայտնվել են քանդման ամենօրյա սպառնալիքի տակ, հուշարձանների տարածքները, չպեղված դամբարանադաշտերը վաճառվում են ու դառնում առանձնատան տնամերձ կամ վարելահող, առանց հնագիտական փորձաքննության՝ մեծամասշտաբ շինարարության տակ են հայտնվում հուշարձաններով հարուստ բազմաթիվ տարածքներ: Հնագետներն ահազանգում են՝ այսպես շարունակելու դեպքում 20-30 տարի հետո հուշարձաններ չենք ունենա: Կունենանք ոչ թե թանգարան, այլ՝ ավերակներ բաց երկնքի տակ: Արագածոտնի մարզի Օրգովի գյուղի գյուղապետը 2005 թվականին դիմել էր կառավարություն՝ խնդրելով ճշգրիտ սահմաններով առանձնացնել այն հողատարածքները, որոնց շերտերում պատմություն կա: Բանի տեղ չէին դրել: Փոխարենը՝ եկել էր նրա հաջորդն ու հենց այդ տարածքները՝ շուրջ 54 հեկտար, վաճառել սփյուռքահայ մեծահարուստի: Երբ նախկին գյուղապետը գնորդին զգուշացրել էր, որ իր գնած տարածքի տակ հայոց չպեղված պատմությունն է, վերջինս հանգիստ պատասխանել էր՝ խնդիր չկա, ես կառավարության հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ:
Բացի թանգարանացված հուշարձաններից, հնագիտական հուշարձաններ այլեւս չկան նաեւ Երեւանում: Հիմա էլ Ավան-Առինջի բրոնզեդարյա հուշարձանն են ոչնչացնում: Առանձնատներ են կառուցում Առինջի երկաթեդարյա ամրոց-բնակատեղիի վրա:
Անցած տարվա փետրվարի՝ վերը հիշատակված «Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր» հրապարակումից հետո Արմավիրի մարզի դատախազությունում նյութեր էին նախապատրաստվել, հետաքննություն էր կատարվում: Իսկ մարզպետը կարգադրել էր՝ դամբարանադաշտերով հարուստ հողատարածքներն այլեւս առանց իր համաձայնության չսեփականաշնորհել: Բայց սա ուշացած հոգատարություն էր: Ծաղկալանջի ամրոցի մեծ մասն արդեն օտարվել էր, որը, ըստ հնագետների՝ 4-րդ հազարամյակի հուշարձան է եւ՝ եզակիներից Հայաստանում:
Պատմամշակութային հուշարձանների ոչնչացման արշավը վրդովեցրել է հնագետներին: Հնագետ Ֆիրդուս Մուրադյանին մտահոգում է պետական մակարդակով կատարվող բարբարոսությունը: Հայաստանին նոր ատոմակայան պետք է՝ թող կառուցվի: Գիտաշխատողը չի առարկում, բայց համաձայն չէ այն տարբերակին, ըստ որի՝ նոր ԱԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է հնի հարեւանությամբ գտնվող այն 350 հեկտարի վրա, որը պատված է հուշարձաններով: Հնագետը հիշեցնում է, որ խախտվում է «Հուշարձանների պահպանության մասին» օրենքը, որի պահանջն է հուշարձանների պահպանության փորձաքննություն իրականացնել: «Օրենքը խախտվել է նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարության ժամանակ. չի հետազոտվել ողջ գազատարի երկարությունը, ինչի արդյունքում ավերվել է Երեւան-Գորիս ճանապարհին գտնվող հուշարձանը»,- նկատեց մեր զրուցակիցը: Ֆիրդուս Մուրադյանը վստահ է՝ պատմական արժեքների պահպանությամբ մտահոգված լինելու դեպքում կարող էին գազատարը կառուցել՝ շրջանցելով հուշարձանը, առանց վնասելու այն: Դրա համար լրացուցիչ ծախսի կարիք էլ չէր լինի:
Հնագետին անհանգստացնում են նաեւ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրալարերի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, ինչպես նաեւ՝ երկաթգծի մեկնարկելիք շինարարությունները: Սկսված եւ հնարավոր շինարարությունների տարածքներում՝ հողաշերտերի տակ ահռելի պատմություն կա: Դրանք անձեռնմխելի դարձնելու համար Մուրադյանն առաջարկում է՝ կամ հնագետներին պեղելու արտոնություն տալ, կամ փոխել շինարարական երկար ձգվող գծերի ուղղությունները: «Պեղելուց հետո համապատասխան հատվածը կկոնսերվացվի, որից հետո արդեն կարելի կլինի շինարարությունը: Խելամիտ ելքեր կան, եթե ցանկանան: Հուշարձանը մեր պատմությունն է, մեր նախկին փառքի արտացոլումը, որից կարելի է սովորել: Յուրաքանչյուր հուշարձան մի դրվագ է պատմական անցյալից: Իսկ ոչնչացնել անցյալը, նշանակում է՝ ոչնչացնել ապագան»,- ասաց Ֆիրդուս Մուրադյանը:
Հուշարձանների պահպանության գործում հնագետներին չի գոհացնում ՀՀ մշակույթի նախարարության, մասնավորաբար՝ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վարած քաղաքականությունը: Ֆիրդուս Մուրադյանը զայրույթով է մտաբերում 2008-ին Երեւանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովում գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի ելույթը, որում նա վստահեցնում էր, թե Հայաստանում հուշարձաններին վտանգ չի սպառնում: «Դա այն շրջանն էր, երբ Ծաղկալանջն արդեն վաճառվել-ավերվել էր, էլ չկար Շիրազի դամբարանադաշտը, իսկ պետական պաշտոնյան հայտարարում էր, թե բացառությամբ 25 հուշարձանների, որոնց վրա աղբ է թափվում՝ ուրիշ վտանգ չկա: Իր իներտությամբ եւ հարմարվողականությամբ նա մեր հուշարձանների թշնամին է: Ջուղայի խաչքարերը ոչնչացնողները, գանձագողերն ու Արտյոմ Գրիգորյանն ինձ համար նույն մարդիկ են»,- ասաց հնագետը ու հիշեց Իսահակյանին, ով Աբու Լալա Մահարիի բերանով ասում էր՝ ազատեք ինձ այսպիսի բարեկամներից, թշնամիներից՝ ինքս կազատվեմ:
Պետության անուշադրության պարագայում Հայաստանում ծաղկում է գանձագողությունը, որը ոչ պակաս վնասներ եւ ավերներ է բերում: Ֆիրդուս Մուրադյանը վստահ է, որ գանձագողությունը Հայաստանում սինդիկատի նման մի բան է՝ բոլոր գանձագողերն իրար հետ համագործակցում են: Այդ մասին վկայող փաստերը հնագետը տրամադրել է համապատասխան մարմիններին, որոնք, իր կարծիքով՝ ոչինչ չեն անում հուշարձանները ավերող գանձեր որոնողների ձեռքերը բռնելու համար: