Բաց նամակ հանրապետության նախագահին
Ձեզ եմ դիմում՝ դատապարտյալներին համաներում շնորհման խնդրանքով: Իսկ դրա անհրաժեշտությունը մեր հասարակության մեջ արդեն հասունացել է:
Թերթելով վերջին օրերի մամուլը՝ տեղեկանում եմ, որ մեր հանրապետությունում շուրջ 5000 դատապարտյալ կա, հայորդիներ, որոնք հանցանք են կատարել եւ պատասխանատու են օրենքի առաջ: Սակայն, հարգելի նախագահ, նրանցից ոչ բոլորն են ծանր հանցագործությունների հեղինակներ եւ միգուցե կարող են պատիժ կրել առավել մեղմ ձեւաչափերով կամ համաներման ճանապարհով ընդհանրապես ազատություն ձեռք բերել: Համոզված եղեք, որ դատապարտյալն առավել հեշտ է կրում իր պատիժը կալանավայրում, քան փշալարերից դուրս` ազատության մեջ գտնվող իր ընտանիքը: Ծնողական գուրգուրանքից եւ հոգատարությունից զրկված երեխաներ, աշխատուժ կորցրած եւ ֆինանսական զրկանքներ կրող ծնողներ. սա է այն ճնշումը, որն ամեն օր իր վրա է զգում դատապարտյալի ընտանիքը:
Ֆինանսական ճնշում է զգում նաեւ պետբյուջեն, որի հաշվին են իրենց կալանքը կրում դատապարտյալները: Իսկ դրանց մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնց այլընտրանքային կալանքը հասարակության համար մեծ վտանգավորություն չի ներկայացնում (բժիշկներ, մանկավարժներ, տնտեսագետներ, իրավապահներ եւ այլն) եւ կարելի է ի շահ հանրության՝ այդ մտավոր ներուժն օգտագործել հանրապետության սահմանամերձ գյուղերի դպրոցներում, որտեղ չափազանց մեծ է մտավոր աշխատուժի պահանջարկը: Ուրեմն ի՞նչ կարիք կա պետության հաշվին փակի տակ պահել նման դատապարտյալներին: Թող գնան եւ բաց տիպի կալանքի կարգավիճակով մտավորականի աշխատանք կատարեն այնտեղ, որտեղ դրա կարիքը պետությունը ներկայումս շատ է զգում: Կարծում եմ, որ նման ձեւով պատժի կրումը առավել ուղղիչ ներգործություն կունենա դատապարտյալի վրա, քան տարիներով քրեակատարողական հիմնարկի պատերի ներսում պարապ-սարապ ժամանակի սպառումը:
Հարգարժան նախագահ, համաներման առիթը ոչ միայն սոցիալ-տնտեսական լարվածության թուլացումն է, այլեւ այն հոբելյանական տարեթվերը, որոնք ունենք 2010 թ.-ին` ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակը, Անկախության հռչակագրի 20-ամյակը, ՀՀԿ 20-ամյակը:
Ուրեմն ինչո՞ւ հապաղել, ինչո՞ւ չգնալ գթասրտության ու ներողամտության ճանապարհով: Հասկանում եմ, որ համաներումը համարձակ քայլ է հանրապետության նախագահի համար:
Պատմությունն ապացուցել է, որ ուժեղ ղեկավարներին է հատուկ եղել գթասրտությունն ու ներողամտությունը: Եկեք այս հարցում էլ հաստատակամություն ցուցաբերեք եւ լավատեսությամբ տրամադրվեք:
«Առավոտի» տեղեկություններով, մշակվում է մի նախագիծ, ըստ որի՝ Քրեական օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ, կապված ազատազրկման եւ խափանման միջոցը փոխելու հետ: Կալանքից, քաղաքից չբացակայելու ստորագրությունից եւ գրավ կիրառելուց բացի, գործելու են այլընտրանքային խափանման միջոցներ եւս: Թե ինչպիսին՝ կանդրադառնանք առաջիկայում: