Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՀԱՐՁԱԿՎԵՑ ՎՐԱՍ»

Հունիս 25,2010 00:00

Ասում է հասարակական կազմակերպության մեղադրյալ նախագահը

\"\"
Կենտրոնում մեղադրյալն է:

Այս տարվա մարտի 1-ին «1,500 000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության անդամներով, կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը, նրա հայրը, մայրը եւ հորեղբայրը Մյասնիկյան արձանի մոտից գնում են իրենց գրասենյակ: Դ. Անհաղթի 10 հասցեում գտնվող «Եվրոպական համալսարանի» կանգառում, ժ. 23.15-ի սահմաններում նրանց է մոտենում 14 SS 054 պետհամարանիշի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան: «Ավտոմեքենայից իջան 2 հոգի, որոնք լսելով մեր խոսակցությունը, միջամտեցին: Նրանցից մեկը գոռալով ասաց՝ ինչ եք ցեղասպանություն քարոզում, մեր մայլում ինչու եք կանգնած: Մենք պահի «լրջությունը» չհասկանալով, պատասխանեցինք՝ մեր երկիրն է, որտեղ ուզենք, այնտեղ էլ կկանգնենք: Հանրապետական կուսակցության կրծքանշանով Վահագն անունով մեկը հարձակվեց մեզ վրա, գետնին գցեց մեր կազմակերպության լրագրողին, հորս՝ Լեւոնին, ընկած ժամանակ հարվածում էր նրան: Կռիվը կանխելու համար ես ներկայացրեցի մեր կազմակերպության վկայականը, ասելով, որ մենք աշխարհում միակն ենք, որը կրում է ցեղասպանության եւ Հրանտ Դինքի անունը: Վահագնը ավելի բորբոքվեց, հայհոյեց բոլորիս հավասարապես: Մայրս զանգեց ոստիկանություն: Իսկ այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Սարգիս անունով մեկը, որը վարորդն էր եւ Վահագնի ընկերը, թույլ չէր տալիս, որ մայրս զանգի: Ոստիկանությունն այդպես էլ չեկավ»,- պատմում է կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը:

Ոստիկանության բաժնի հերթապահը՝ մայոր Կ. Ալեքսանյանը, սակայն, ստացել էր հաղորդումը եւ րոպեներ անց զեկուցագիր ներկայացրել ոստիկանապետին. «Ա. Ավետիսյանի նկատմամբ ավազակային հարձակման մասին»: Հաջորդ օրը միջադեպի կապակցությամբ նրանք կանչվում են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին:

Ոստիկանությունում նրանցից 4-ից բացատրություն է վերցվում, տրվում դատաբժշկի ուղեգրեր: Արման Ավետիսյանի համար հարցում են անում Ավանի հոգեբուժական կլինիկային, որտեղից պատասխանում են, որ նա հաշվառված չէ:

12 օր հետո հարուցվում է թիվ 09105710 քրեական գործը:

Հունիսի 17-ին Արման Ավետիսյանի նկատմամբ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ Կարեն Պապոյանը կայացնում է որոշում՝ ընտրելով խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: Արմանին ներգրավում են որպես մեղադրյալ:

Քննիչը միաժամանակ իր որոշման մեջ արձանագրում է. «Արման Ավետիսյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, որի ընթացքում բռունցքով հարվածել է հասարակական կարգը խախտելու համար իրեն դիտողություն արած Վահագն Հայրապետյանի ձեռքին՝ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ»: 30-ամյա Արմանն ասում է, որ ինքը չէր կարող հայհոյել, որովհետեւ չի հայհոյում ընդհանրապես, եւ նաեւ, ինքը միջադեպի ժամանակ ծնողների հետ է եղել, մոր, որի ներկայությունը ստիպել է, որպեսզի շատուշատ վիրավորանքներին չպատասխանի:

Ի դեպ, «1 500 000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանի տասնյակ պատվոգրեր կներկայացվեն ոստիկանության բաժին: Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ի կողմից տրված՝ մայիսյան հաղթանակների հետ կապված միջոցառումները լավագույնս կազմակերպելու համար, ատաման Մ. Միրզոյանի կողմից տրված՝ «Կազակության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար», Սփյուռք-Հայրենիք մշակութային կամուրջի կազմակերպման համար Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Վ. Սերովի կողմից հանձնված շնորհակալագիրը, անգամ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Կ. Ոսկանյանի շնորհակալագիրը՝ հաշմանդամներին եւ պատերազմի վետերաններին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու համար: Արմանը չի հաշտվում այն մտքի հետ, որ իրեն քրեական արարք են վերագրել: Այսքանից հետո Արման Ավետիսյանը չարացած չէ, պարզապես գտնում է, որ տուժողը իրենք են, իր ընտանիքի անդամները, որոնք միաժամանակ հասարակական կազմակերպության անդամներ են եւ քիչ ներդրում չունեն հայրենանվեր աշխատանքներում:

Արման Ավետիսյանը ասում է, որ հետամուտ է լինելու գործի արդարացի լուծմանը եւ որ սադրանքի հեղինակները պատասխան պիտի տան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել