Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔԻՑ ԱՌԱՋ

Հունիս 25,2010 00:00

Երեւանում երեկ մեկնարկեց Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Արմենիա 2010» վարժանքի վերջնական պլանավորման կոնֆերանսը: Նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է: Կոնֆերանսին ներկա են միջազգային 7 կազմակերպությունների եւ արտերկրի 23 երկրների 60 ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ա. Երիցյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի մշակմանը, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Հայաստանը կդառնա տարածաշրջանի առաջին պետությունը, որն ազգային պլատֆորմ կունենա: Ներկայումս նմանատիպ պլատֆորմ ունի ընդամենը 50 երկիր»,- ասաց Ա. Երիցյանը: ՆԱՏՕ-ին առընթեր տարերային աղետների արձագանքման Եվրո-ատլանտյան համակարգման կենտրոնի ղեկավար Գյունթեր Բրեդշնայդերը նշեց. «Վարժանքները թույլ կտան ցուցադրել տարբեր պետությունների՝ միմյանց օգնելու պատրաստակամությունն այնպիսի աղետների դեպքում, ինչպիսին էր Սպիտակի երկրաշարժը»: Նա տեղեկացրեց, որ Հայաստան կժամանի աշխարհի տարբեր երկրների մոտ 600 փրկարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել