Լրահոս
Օրվա լրահոսը

Քլնգում են

Հունիս 25,2010 00:00

Կենսաթոշակային բարեփոխումները ընդդիմության սրտով չեն

Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագիծը, որը թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր խմբակցությունների կողմից «սրերով» ընդունվեց: Կենսաթոշակային բարեփոխումների այս գործընթացը նախատեսվում է ներդնել 2011 թվականից, բայց նախ՝ կկիրառվի կամավոր կուտակային համակարգը, ապա 2014 թվականից անցում կկատարվի պարտադիր կուտակային համակարգին:

Նշենք, որ կամավորի դեպքում քաղաքացին, եթե ցանկություն ունի, իր իսկ աշխատավարձից ինչ-որ չափի վճարումներ է կատարում համապատասխան կենսաթոշակային հիմնադրամներին: Այս հիմնադրամներն էլ իրենց հերթին ընդհանուր գումարները ներդնում են ինչ-որ բաժնետոմսերի, արժեթղթերի մեջ, որոնք եկամուտ են բերում այդ նույն քաղաքացուն: Կենսաթոշակային տարիքի ժամանակ քաղաքացին, բացի իր վճարած գումարներից, կստանա նաեւ հիմնադրամի կողմից շրջանառության մեջ դրված գումարից տոկոսներ: Նախագծի հեղինակների վստահեցմամբ՝ հիմնադրամում քաղաքացիների գումարների չփոշիանալու երաշխիքը պետությունն է:

Օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ դեմ են քվեարկել «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունները: Բարեփոխումներին դեմ լինելու իրենց տեսակետը ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն «Առավոտին» այսպես մեկնաբանեց. «Պարտադիր կուտակային համակարգը բավականին լուրջ ռիսկեր է պարունակում: Փոխհատուցում ասվածով ոչ մի հստակ բան չեն ներկայացնում: Անգամ, եթե պետությունը երաշխիք է, ստացվում է՝ պետությունը քաղաքացուց հարկեր է վերցնում եւ ձեւավորում պետական բյուջեն, որից էլ վճարելու է փոխհատուցումը: Այդ հիմնադրամները տալով մասնավորին՝ ստացվում է, որ պետությունը ստանձնում է մասնավորի սխալները վերացնելու պատասխանատվությունը: Հարց է ծագում՝ եթե ընդամենը պատասխանատվությունն է վերցնում իր վրա, ինչո՞ւ է ֆինանսների կառավարումը տալիս մասնավորին: Նախ 26% հարկումը, գումարած 5% սոցվճարումները մեծ բեռ են թե՛ գործարարի, թե՛ քաղաքացու համար: Այսօր մեր քաղաքացիների մեծամասնությունը չունի բավարար վարձատրություն իրենց նվազագույն կենսամակարդակն ապահովելու համար: Բացի այդ, բնակչության 30%-ից ավելին գործազուրկ է, եւ նրանց՝ այդ համակարգին մասնակցելու խնդիրը կա: Աշխատաշուկայում ստվերայնությունն է բարձր եւ այլն»: Պարոն Մինասյանի կարծիքով՝ նման բարեփոխումները պետք է հանրաքվեի միջոցով իրականացվեն, քանի որ դա ոչ միայն այսօրվա խնդիր է, այլեւ ապագա սերունդների իրավունքներն են արծարծվում. «Սա քաղաքական ուժերի համաձայնության պայմաններում պետք է ներդրվի: Պետք է բնակչությանը մանրամասն ներկայացվի, թե ինչ է իրեն սպասվում, որից հետո քաղաքացին ինքը հանրաքվեի միջոցով իր կարծիքը կհայտնի»:

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ գտնում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգով կառավարությունը կրկին տնտեսության մեկ ոլորտ, ֆինանսական հսկայական ռեսուրսներ կենտրոնացնելու է մի քանի հոգու ձեռքերում: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ «Որեւէ երաշխիք չկա, որ խնդիրների դեպքում, հատկապես այսօրվա դատական համակարգի պայմաններում, քաղաքացին այդ գումարները հետ կստանա: Գումարները կյուրացնեն, սնանկացում կհայտարարեն, գումարները մի հատ ֆոնդի վրա կգրեն, եւ այդ փոխհատուցում ասվածը նորից պետության գրպանից կվճարվի: Ասում են՝ 80 %-ով պետությունը երաշխավորում է: Սա էլ խնդիր է. այդ նույն քաղաքացին է ձեւավորում պետության բյուջեն: Այսինքն՝ այդ քաղաքացին 2 անգամ է գումար տալու՝ մեկ անգամ կտա կուտակային հիմնադրամին, մյուսն էլ, որը պետությունը պիտի փոխհատուցի, բարձր հարկերի միջոցով պետությանը պիտի վճարի: Այսինքն՝ այս 2 դեպքում քաղաքացին չի շահում, անգամ պետությունն էլ չի շահում, այլ այդ հիմնադրամների կառավարիչներն են շահում: Կրկնվելու է այն, ինչ տեղի ունեցավ ավանդների դեպքում: Հսկայական հարստությունը, որ մենք ունեինք, եւ որը թալանվեց, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Եթե եղած տնտեսական օբյեկտները իսկապես ճիշտ ձեւով սեփականաշնորհվեին, ավանդներն էլ նորմալ կվերադարձվեին: Հակառակը տեղի ունեցավ՝ օբյեկտները թալանվեցին, ավանդները սառեցվեցին, եւ այսօր ընդամենը նպաստի համակարգով փոխհատուցվում են: Այնպես որ, երաշխիք չկա, որ այդ կուտակային հիմնադրամներն իսկապես նպատակին կծառայեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել