Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՅԱՍԻԲԻ ԲԱՆ ՉԻ»

Հունիս 25,2010 00:00

\"\"Այս կարծիքին են 30 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնք պետք է 5 հազար էլ բաժին հանեն ապահովագրությանը:

Առողջությունն ապահովագրելու մշակույթը, որն անշուշտ կարեւոր եւ լավ գաղափար է, նոր-նոր է մեր երկիր մուտք գործում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ համակարգը արդյունավետ գործում է հարուստ տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ մարդկանց աշխատավարձերը բավականին բարձր են:

Առայժմ ՀՀ կառավարությունը քննարկում է կամավոր ապահովագրվելու հարցը, սակայն պարզ է, որ վաղ թե ուշ բոլոր հիմնարկներում էլ համակարգը պետք է ներդրվի: Ուստի մայրաքաղաքի որոշ բուժհիմնարկներ արդեն ստիպում են աշխատողներին պարտադիր ապահովագրվել: Ինչն էլ մի շարք բուժաշխատողների դժգոհությունն է հարուցել: Բժշկական ապահովագրություն ունենալը թանկ հաճույք է հատկապես ցածր աշխատավարձ ստացող մարդկանց համար: Օրերս «Առավոտին» էին դիմել «Էրեբունի» հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի որոշ աշխատակիցներ՝ դժգոհելով, որ չնայած դեռեւս ապահովագրական ընկերությունների հետ պաշտոնապես պայմանագրեր չեն կնքվել, ու ապահովագրությունն էլ կամավոր սկզբունքով է, բայց տնօրինությունն աշխատակիցներին արդեն ստիպում է ապահովագրվել:

«Իմ աշխատավարձն անգամ 30 հազարի չի հասնում: Եթե ապահովագրվեմ, պետք է ամեն ամիս պարտադիր 5-6 հազար դրամ վճարեմ: Իսկ ինձ համար դա մեծ գումար է: Գերադասում եմ երեխայիս համար այդ գումարով ուտելու մի բան ավելի առնել, քան իմ առողջությունն ապահովագրել: Իսկ մեզ հրամայել են՝ բոլորն անխտիր ապահովագրվեն, հակառակ դեպքում՝ աշխատանքից կազատեն»,- «Առավոտին» դժգոհեց պոլիկլինիկայի բուժքույրերից մեկը: «Էրեբունի» բ/կ-ի աշխատակիցներից մեկի պատմելով էլ՝ «Բժիշկներին ի՞նչ կա, նրանց աշխատավարձերը բարձր են, ու ամսական 5-6 հազարն իրենց համար փող չի: 29 000 ստացողին հեչ պետք չի այդ ապահովագրությունը: Գոնե տնօրինությունը մի քիչ մեր աշխատավարձերը բարձրացնի, հետո նոր ստիպի անցնել ապահովագրության: Էդ ապահովագրությունը քյասիբի բան չի»:

Չնայած այս դժգոհություններին, «Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն «Առավոտին» վստահեցրեց, որ ոչ ոքի չեն պարտադրում եւ ով ցանկություն կհայտնի, նա էլ կապահովագրվի. «Մենք ունենք 1500 աշխատող, որից 800-ն է հայտ ներկայացրել: Նման պարագայում ո՞նց կարող է պարտադիր լինել: Նախ պայմանագրերը դեռ կապված չեն: Մեր աշխատակիցների հետ քննարկումներ են եղել, առաջարկություն ենք ներկայացրել, իրենք՝ կարծիքներ: Ներկայացվել է 4-5 ապահովագրական ընկերություն, ով որտեղ ցանկություն կհայտնի՝ այնտեղ էլ կապահովագրվի: Առայժմ սա ակցիայի նման մի բան է, ամեն ինչ ուղղակի թղթի վրա է նշվել: Պաշտոնականի դեպքում ցուցակներ են կազմվում, մարդիկ առանձին գնում են ապահովագրական ընկերություն եւ ստորագրում, ոչ ոք չի կարող պարտադրել նրանց պայմանագիր կապել»: Մեր այն հարցին, որ թե՛ պոլիկլինիկայի եւ թե՛ հիվանդանոցի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգ է եղել ապահովագրվելու համար անպայման հայտ ներկայացնել, պարոն Ռոստոմյանն ասաց. «Ո՛չ, ո՛չ: Հրահանգն այսպիսին է եղել՝ բոլորը պարտադիր ծանոթանան պայմաններին, առաջարկություններին: Դե, չեն ուզում՝ թող չմասնակցեն: Ասել ենք՝ ձեզ համար լավ պայմաններ են ստեղծվում: Այս ամենը հօգուտ աշխատակիցների է. ով կուզի՝ կուզի, ով՝ ոչ, իր խնդիրն է: Մեզ մոտ մի քանի հոգի են, որ 30 հազար դրամ են ստանում: Այն էլ օրական 1 ժամով գալիս են միջանցքները մաքրում: Ուրիշ ցածր աշխատավարձ ստացող չունենք: Ինձ թվում է, այդ մարդիկ ուրիշ տեղ էլ են աշխատում: Բուժքույրերի աշխատավարձը 80-150 հազար է: Մենք էլ ունենք ֆինանսական հարցեր, բոլորին չենք կարող բարձր վճարել: Սակայն, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է կլինիկան 70%-ով մասնակցություն ունենա ապահովագրությանը, բայց այդ ցածր աշխատավարձ ստացողն էլ ինչ-որ գումար պիտի մուծի, գոնե 1 դրամ: Ապահովագրությունից ոչ ոք չի տուժելու, հակառակը՝ շահողի դերում են լինելու»: Ինչ վերաբերում է շահելուն, ապա պարոն Ռոստոմյանը մանրամասնեց: Եթե աշխատակիցը մասնակցում է ապահովագրությանը, ապա ընկերությունը մինչեւ 3 միլիոն դրամի չափով՝ ցանկացած կլինիկայում, սկսած ատամի բուժումից, կոմպյուտերային տոմոգրաֆիայից ու դեղորայք ստանալուց մինչեւ սրտի վիրահատություններ՝ բժշկական ծախսերը կարող է հոգալ: Սակայն եթե ապահովագրվելուց առաջ փչացած ատամ կա, ապա ապահովագրական ընկերությունը անցյալի ծախսերը չի փակի, իսկ եթե ապահովագրվելուց հետո ատամ փչանա, ապա ընկերությունը մեկ ատամի համար 25 հազար դրամ կփոխանցի: Պարոն Ռոստոմյանը վստահեցրեց, որ այս պահին արդեն ապահովագրվողների առողջական վիճակը, նույնիսկ` ատամները ստուգվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել