Լրահոս
Օրվա լրահոսը

120-ի փոխարեն՝ 24-ը

Հունիս 25,2010 00:00

ՀՀ կառավարությունը հաստատել է այն 24 ձեռնարկությունների ցանկը, որտեղ այս տարի կնշանակվեն հարկային ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ երեկ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարկային ներկայացուցչի ինստիտուտը հանրապետությունում ներդրվել է 2010 թվականից, սակայն ձեռնարկությունների ցանկը հավանության է արժանացել միայն հիմա: Սկզբնական փուլում նախատեսվում էր, որ հարկային ներկայացուցիչներ կլինեն 120 ձեռնարկություններում, սակայն կոմիտեն չունի այդքան մեծ վարչական ռեսուրսներ, եւ ընտրանքի արդյունքում ստիպված էին կանգնել 24 կազմակերպությունների վրա: Հարկային ներկայացուցչի ինստիտուտի ներդրման հիմնական չափանիշներն են՝ ընկերությունների շրջանառությունը, որը 2009 թվականին պետք է լինի 4 մլրդ դրամից ոչ պակաս, եւ ներմուծման ծավալները՝ ցանկացած 3 ամիսների համար 150 մլն դրամ: Կոմիտեն նպատակահարմար է գտել ներկայացուցիչներ նշանակել հասարակական ծառայություններ մատուցող, էներգետիկայի, մետալուրգիական եւ լեռնարդյունաբերության ոլորտների ընկերություններում: Ընկերությունների ցանկն ամեն տարի կարող է փոխվել՝ կախված շուկայում տիրող իրավիճակից, ասել է Ռ. Քոչարյանը: Կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված են դեղերի եւ դեղագործական ապրանքների, սննդամթերքի հիմնական տեսակների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի եւ այլ ապրանքների խոշոր ներմուծողներ, ծխախոտ արտադրողներ եւ իրացնողներ: Հարկային ներկայացուցիչը կարող է իրականացնել մոնիթորինգ, որպեսզի գրանցի ապրանքների իրացման ամբողջ գործընթացը, նշել է Ռ. Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել