Ապօրինի շինարարության արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի հինգ գյուղ մնում է առանց ջրի, Սեւանի կողակի ու իշխանի ձվադրումը վտանգվում է:
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից: Արգիճի գետը այս հինգ համայնքների համար ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Գյուղերում ապրում է 26 800 մարդ: Ոռոգման ողջ տարածքը 6 850 հեկտար է:
«Սեւանի հարցը շատ սուր է: Գումարներ են ծախսվում, ճանապարհներ են տեղափոխվում, անտառներ են հատվում: Ամեն ինչ արվում է, որպեսզի Սեւանը փրկվի: Վայոց ձորից թունել կառուցեցին (Արփա-Սեւան), որպեսզի Սեւանին ջուր տան, իսկ այստեղ ինչ-որ մեկը գետը Սեւանից շեղում է դեպի Կասպից ծով»,- այս առթիվ ասել է Գեղարքունիքի փոխմարզպետ Վարդան Ղուկասյանը: «Մենք այդ մասին պատահաբար իմացանք. տեսանք, որ մեծ շինարարություն է գնում»,- ասում է Ներքին Գետաշենի համայնքապետ Կարո Գեւորգյանը: «Օգոստոսին մենք նույնիսկ վիճում ենք, թե ումն է լինելու ոռոգման ջուրը: Իսկ այսօր այն մեզանից խլում են: Ջուրը մեզ համար կյանք է»,- ասում է Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի ղեկավար Համբարձում Համբարձումյանը կարծում է, որ խնդիրը միայն այդ հինգ համայնքներինը չէ. «Ուղիղ ազդեցության օբյեկտը հենց Սեւանա լիճն է եւ 87 համայնքները, քանի որ Արգիճին կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ ձկնատեսակների՝ իշխանի եւ կողակի ձվադրման համար: Ամեն տարի պետությունը գումարներ է ծախսում, որպեսզի ավելացնի էնդեմիկների քանակը, մանրաձուկ է աճեցնում եւ լիճ է բաց թողնում: Սա ազգային եւ ռազմավարական խնդիր է»:
Գեղարքունիքում ոչ ոք տեղյակ չի եղել, որ շինարարություն է սկսվում: «Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, թեպետ դա մարզի վարչական տարածքն է եւ շինարարության համար անհրաժեշտ է մարզպետի ստորագրությամբ թույլտվություն: Կարծում եմ, որ սա թյուրիմացություն է, չեմ հավատում, որ նման բան կարող է լինել պաշտոնական թույլտվությամբ»,- ասում է Գեղարքունիքի փոխմարզպետ Վարդան Ղուկասյանը:
Ըստ տեղացիների, ՀԷԿ-ի կառուցումը նախաձեռնել է «Հիդրոկորպորացիա» ընկերությունը՝ հին արտոնագրերի հիման վրա:
Կատարվողի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
Ի դեպ, երեկ կառավարության արտագնա նիստը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, եւ քննարկվել է նաեւ Սեւանի հարցը: Ըստ կառավարության հաղորդագրության՝ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված եւ հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը։ Այն նպատակ ունի ապահովելու Սեւանա լճի եւ դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը։ Փոփոխություն եւ լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը անհրաժեշտ ճշտումներ է արել «Սեւան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների թվում։ Որոշումը լրացվել է նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած՝ լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշներով: