Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՆՈՐ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

Հունիս 25,2010 00:00

Մասնագետների կարծիքով, դա գրավատների եւ «չենջերի» «հերն անիծելու է»

\"\"Չնայած մեր կառավարությունն ամեն առիթով հայտարարում է, որ աջակցում է փոքր ու միջին բիզնեսին, սակայն իր նախագծերով ու որոշումներով ճիշտ հակառակ քայլերն է կատարում: Մասնավորապես՝ կառավարության նախաձեռնած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը նախատեսում է արտարժույթի փոխանակման կետերի եւ գրավատների պետտուրքերի չափը զգալիորեն բարձրացնել: Դա, տվյալ գործունեությամբ զբաղվողների խոսքերով, ուղղակի դաշտից դուրս կհանի մանր ու միջին ձեռնարկատերերին, արդյունքում ոլորտը կմնա ընդամենը մի քանի հոգու ձեռքում:

Այսպես. եթե այսօր արտարժույթի փոխանակման կետերը տարեկան միանվագ պետտուրք են վճարում 50 հազար դրամ, ապա կառավարության ներկայացրած նախագիծն ընդունվելուց հետո՝ պետք է վճարեն 1 միլիոն դրամ: Իսկ գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը դառնալու է 6 միլիոն:

«Առավոտի» հետ զրույցում «Լոմբարդ սթրիթ» գրավատան տնօրեն Մխիթար Ասլանյանը վստահեցրեց, որ կառավարության նախագծով մեր երկրի գրավատների մեծ մասն ուղղակի կփակվի. «Մենք տարեկան 15 միլիոն դրամի շրջանառություն պիտի ունենանք, որ կարողանանք տակից դուրս գալ: Խոշոր գրավատուն է համարվում այն օբյեկտը, որը տարեկան 20 միլիոն եւ ավելի շրջանառություն է ունենում, բայց նույնիսկ այս դեպքում դժվար կլինի աշխատել: Մեր գրավատունը խոշոր չէ: Ծախսերը շատ են՝ աշխատավարձեր, բանկում բունկեր վարձելը, հարկերը եւ այլն: Հիմա էլ պետտուրքն են ավելացնում: Դա նշանակում է՝ շուկայից դուրս կմղվեն մանր ու միջին գրավատները, կմնան մի քանի խոշորներ. մրցակցությունը կնվազի, տոկոսադրույքներն էլ կբարձրանան»:

Արտարժույթի փոխանակման կետի տնօրեն Գագիկ Ջնդոյանի խոսքերով էլ. «Մանր «չենջերի» 98%-ը հաստատ կփակվի: Հազիվ ծերը ծերին ենք հասցնում: Քանի որ ես լրիվ օրինական եմ աշխատում, ինձ համարյա եկամուտ չի մնում: Մեր փոխանակման կետը 2-ով ենք աշխատեցնում: Այդ նախագծով, ստացվում է, որ մեկնումեկիս եկամուտը պիտի տանք պետությանը: Օրենքում փոփոխություններն ընդունելուց հետո՝ ես կփակվեմ: Թե հետո ինչո՞վ պիտի զբաղվեմ, չեմ էլ պատկերացնում»:

«Առավոտն» իր «Գլխատում են փոքր ու միջին բիզնեսի եւս մի ճյուղ» (05.05.2010թ.) հրապարակումով արդեն անդրադարձել է այս խնդրին: Այս թեմայով վերջերս էլ Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովում է բավականին բուռն քննարկում տեղի ունեցել: Մի շարք գրավատների եւ արտարժույթի փոխանակման կետերի տնօրեններ նամակով դիմել են ԱԺ-ի մի քանի խմբակցությունների:

Կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Այդ նախագիծն անընդունելի է: Նրանք հաշվի չեն առել, թե փոխանակման կետերում ու գրավատներում ինչ շրջանառություն կա, ինչ եկամուտներ ունեն: Բացի այդ, նախագծից կարծես թե հերթական մենաշնորհային հոտն է փչում, որովհետեւ այս ձեւով եթե ընդունվի նախագիծը, ապա հստակ է, որ փոխանակման գործառույթներն ու գրավադրումները կլինեն խիստ սահմանափակ թվով բիզնեսմենների ձեռքում: Կառավարությունը վերջին ժամանակներս այնպիսի քաղաքականություն է վարում, որը հակասում է իր հռչակած հակամենաշնորհային քաղաքականությանը: Կառավարությունն իրականում խթանում է նոր մենաշնորհների ստեղծմանը»:

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով էլ, նախագիծը նախատեսում է տնտեսության ոլորտներից մեկը կենտրոնացնել մի քանի հոգու ձեռքում, այսինքն՝ կառավարությունը վարում է «դեպի կենտրոնացում» քաղաքականություն. «Նույնը եղավ կազինոների դեպքում, երբ բացահայտ հայտարարեցին, որ խոշոր բիզնեսն ավելի լավ կաշխատացնի, քան միջինը: Բացի բիզնեսի խոշորացումից, մենք այլ վտանգ էլ ենք տեսնում՝ բանկերի համար լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն են ստեղծում»:

Նախագծի վերաբերյալ պարոն Նռանյանը մեկ այլ կարծիք էլ հայտնեց: Ըստ նրա, եթե այսօր «չենջերը» որոշակիորեն անկախ են, բայցեւայնպես, ԿԲ-ն դոլարի փոխարժեքը կառավարելու համար փոխանակման կետերի նկատմամբ կիրառում է լծակներ, այսինքն՝ սկսում է ստուգումներ անցկացնել, սպառնում 2-4 միլիոն դրամ տուգանքով, որոշ «չենջեր» էլ ստիպված ԿԲ-ի թելադրած կուրսն են դնում, ապա նախագիծն ընդունելուց հետո «չենջերը» կփակվեն, կմնան 2-3-ը. «Դա նշանակում է՝ շուկայական դաշտից փոխարժեքի ձեւավորումը կանցնի ԿԲ-ի եւ կառավարության կողմից կառավարելի դաշտ: Այսօր «չենջերը» որոշակիորեն անկախ են: Այսինքն, եթե ռեալ դոլարային զանգվածն ավելի մեծ է, դուք կարող եք գնալ ավելի էժանն առնել եւ հակառակը: Նախագծով ստացվում է՝ վպՑ չՏսՏՉօ, վպՑ տՐՏոսպՎ: Կառավարությունը մտածում է՝ ինչո՞ւ այդքան շատ «չենջեր» լինեն, մենք էլ հետեւներից ընկնենք՝ կուրս պահենք: Կլինի բանկային համակարգ, որը լրիվ կառավարելի է իրենց կողմից: Դա նշանակում է՝ ներմուծողների շահերի պաշտպանություն, տրանսֆերտների փաստացի հարկում, այսինքն՝ ժողովրդի եղած գումարների հավաքագրում եւ այլն»:

Ուշագրավն այն է, որ այս նախագծով բանկերի լիցենզավորվամ համար պետտուրքի բարձրացում չի նախատեսվում: Այսինքն՝ բանկերը, տարեկան վճարելով 3 միլիոն դրամ, 15 գործառույթ են իրականացնում, իսկ գրավատները 6 միլիոնի դիմաց ընդամենը՝ 1: Մեր այն դիտարկմանը, որ ընդդիմության փոքրամասնություն կազմելը ԱԺ-ում չի կարող խոչընդոտել, որ նախագիծը չընդունվի, պարոն Նռանյանն ասաց. «Իրենց մտածելակերպն այսպիսին է՝ էնքան վատ բաներ են ընդունել, որ մի հատ էլ ընդունեն՝ ի՞նչ կլինի որ: Ասում են՝ խի տե՛նց բաներ ենք ընդունել, ինչ-որ 500 գործազուրկ ընտանիքի խնդիր է»: Ա. Նռանյանի կանխատեսումով՝ նախագիծը կքննարկվի աշնանը, որպեսզի 2011-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել